November-9 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքի ամոթալի էջերը կարող են ջնջվել

Քո կյանքի ամոթալի էջերը կարող են ջնջվել

Մենք շարունակում ենք «Դասեր Լավոդիկեի եկեղեցուց» անվանումը կրող շարքը։ Այս ուղերձի մեջ ուսումնասիրելու ենք Տեր Հիսուսի հրաշալի խորհուրդը Լավոդիկեի եկեղեցուն, որը վերաբերում էր հավատացյալների հոգևոր հանդերձանքին։ Այս շարքի նախորդ ուղերձներից մեկում անդրադարձել ենք այն ճշմարտությանը, որ գոյություն ունի հոգևոր մերկություն և հոգևոր հանդերձ։ Միայն Տեր Հիսուսի տված սպիտակ հանդերձներն են ի վիճակի ծածկելու մարդու հոգևոր մերկությունը։ 

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ սպիտակ հանդերձները, որ Նա տալիս է հավատացյալներին, նրանց ապրած արդարության կյանքն է։ Լավոդիկեի եկեղեցում մեղքը սարսափելի մի բան չէր համարվում։ Չէ՞ որ արտաքինից ամեն բան նորմալ էր՝ եկեղեցական կյանքը, բազմամարդ եկեղեցին, բավականին ազդեցիկ բյուջեն և այլն։ Լավոդիկեի եկեղեցին չէր քարոզում սրբության կյանքի կենսական անհրաժեշտությունը հավատացյալի համար։ Եկեղեցու անդամները չգիտեին հոգևոր մերկության մասին և ապրում էին այնպիսի մեղքերի մեջ, որոնց դեմ չէին պայքարում և որոնց բացահայտման պարագայում մեծ ամոթ ու խայտառակություն էին վերապրելու։ 

«Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր Ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ Ում Ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր» (Հայտնություն 3․18-19):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդարության ու սրբության կյանքը սկսվում է ապաշխարությունից։ Տեր Հիսուսի համար թանկ էր Լավոդիկեի եկեղեցին, դրա համար էլ Նա խրատում էր նրանց։ Տեր Հիսուսի համար թանկ է ցանկացած մարդ, և բացարձակապես պատահական չէ, որ դու այսօր կարդում ես այս տողերը։ Տերը նաև քեզ է սիրում և փափագում է, որ դու ապաշխարես ու ընդունես Իր առաջարկած սպիտակ զգեստները՝ սրբության ու արդարության կյանքը։ 

«Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան» (Եսայիա 1․18):

Քո կյանքի ամոթալի էջերը կարող են ջնջվել, երբ ընդունես Տեր Հիսուսի առաջարկած սպիտակ զգեստը քո կյանքի համար։ Ապաշխարությունը քո կյանքում կբերի Տիրոջ ներումը։ Եթե անգամ մեղքերդ անասելի ծանր լինեն և այնքա՜ն ամոթալի, որ չես էլ ուզում հիշել դրանց մասին, ապա Տերը կարող է դրանք մաքրել ու ձյունից էլ ճերմակ դարձնել քո հանդերձները։ Դու չես ամաչի, քանի որ ներված ես, և մշտապես մաքուր կպահես հանդերձներդ, քանի որ ապաշխարությունն ու մեղքի դեմ պատերազմը դարձրել ես քո կենսակերպը։ 

«Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․8-9):

Տեր Հիսուսը Լավոդիկեի եկեղեցու հավատացյալներին նոր ընթացք էր առաջարկում՝ նոր ու մաքուր մի էջ, որից սկսած նրանք կարող էին ապրել մի կյանք, որի համար չէին ամաչելու թե՛ այս երկրի վրա, և թե՛ երկնային իրականության մեջ։ Տեր Հիսուսն այսօր այդ նույն առաջարկն անում է ինձ և քեզ։ Կընդունե՞ս արդյոք Նրա առաջարկած սրբության զգեստները․․․

«Ես, Ե՛ս եմ նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայիա 43․25):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: