April-21 (2)

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքը բեռ չէ, այլ՝ օրհնություն

Քո կյանքը բեռ չէ, այլ՝ օրհնություն

Այսօր մենք ավարտում ենք մարդու ինքնագնահատականին նվիրված մեր շարքը, որի նպատակն էր օգնել քեզ սիրելու ունակության և սիրված լինելու գիտակցության մեջ աճ գրանցելու հարցում։ Հույս ունեմ, որ այսօրվա և նախորդ վեց օրերի ուղերձները ինչ-որ չափով կնպաստեն, որ դու քեզ տեսնես այնպիսին, ինչպես Աստված է քեզ տեսնում: 

Սիրելի՛ բարեկամ, մեր շրջապատում շատ կան այնպիսի մարդիկ, որոնք ապրում են ճնշված կյանքով և կորցրել են խանդավառությունն ու ապագայի հանդեպ հույսը։ 

  • Շատերը կարծում են, որ իրենց կյանքն անօգուտ է կամ բեռ է մյուսների համար: Նրանք ճնշված են և իրենց կյանքի մեջ իմաստ չեն տեսնում։ Սակայն Աստված նրանց կյանքի համար հրաշալի ծրագիր ունի: Նա խաղաղության և ապագայի ծրագրեր ունի նրանց համար (տե՛ս Երեմիա 29.11 խոսքը)։
  • Շատերն իրենք իրենց չեն սիրում։ Նրանք վատ կարծիք ունեն իրենց մասին և չեն կարողանում վայելել այն կյանքը, որն Աստված է նրանց պարգևել։ Բայց Տեր Հիսուսն ասում է. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Մատթեոս 19.19

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ ես այս խոսքի երկրորդ մասին: Աստված ուզում է, որ մենք սիրենք մեզ: Եվ սա բացարձակապես եսասիրության մասին չէ, այլ՝ առողջ ինքնագնահատականի։ 

  • Շատերին մանկության տարիներին ոչ ոք չի ասել, որ նրանք արժեքավոր ու սիրված երեխաներ են։ Փոխարենը, նրանց ճնշել են այնպիսի բացասական խոսքերով, ինչպիսիք են՝ «Դու ոչ մի բանի պիտանի չես», «Դու ոչինչ չես կարող անել», «Երբեք հաջողության չես հասնի», «Քեզնից նորմալ մարդ դուրս չի գա» և այլն: Սակայն Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Բարի է Տերը և ապաստան՝ նեղության օրը։ Հոգ է տանում Իրեն ապավինողներին» (Նաում 1.7):
  • Շատերը տկար են, տառապում են հիվանդության կամ անլուծելի թվացող իրավիճակների պատճառով։ Նրանք ասես զղջում են, որ լույս աշխարհ են եկել։ Սակայն ամենակարող Աստված ասում է նրանց.  «Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41.10
  • Շատերը լիովին չեն նվիրվել Աստծուն, չեն ընդունել Աստծո կողմից ներված լինելու համոզմունքը և իրենց կյանքն ապրում են մեղքի ու ամոթի մեջ։ Նրանք ասես հոգնել են իրենք իրենցից և անպետքության ու աղտոտ լինելու մշտական զգացողություն ունեն իրենց ներսում։ Սակայն Տեր Հիսուսն այս աշխարհ եկավ հենց մեղավորների համար, որպեսզի նրանք ճանաչեն ճշմարտությունը, ապաշխարեն և կյանք ունենան Իր զոհի շնորհիվ. «Ուրեմն հիմա ոչ մի դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսի մեջ եղողների համար» (Հռոմեացիներին 8.1
  • Շատերը համեմատվում են մյուսների հետ և իրենց տեսնում են ավելի քիչ ընդունակ, ավելի քիչ տաղանդավոր, ավելի քիչ արժեքավոր: Նրանք ճնշվում են, քանի որ չեն կարողանում մյուսների նման լինել։ Սակայն Աստված մեզնից յուրաքանչյուրին առանձնահատուկ կերպով է արարել։ Մենք ամեն մեկս ունենք տաղանդներ և ունակություններ, որոնք Աստծո պարգևներն են մեզ։ Եվ եթե մենք բացահայտենք ու կիրառենք դրանք, ապա կարող ենք հզոր բաներ անել մեր կյանքերում։ Աստվածաշունչն ասում է․ «Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և Նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին» (Սաղմոս  60.12
  • Շատերը բռնության են ենթարկվել ֆիզիկապես, բարոյապես, հոգևոր կամ զգացմունքային ոլորտներում և կորցրել են իրենց վստահությունն ու հավատը մյուսների և Աստծո հանդեպ: Նրանք չեն կարողանում այս կյանքն ապրել լիարժեք և ուրախություն պարգևող հարաբերությունների ցնծության մեջ։ Սակայն մեր երկնային Հայրը լի է սիրով նրանց հանդեպ։ Նա ցանկանում է վերականգնել Իր կոտրված ու փշրված զավակներին։ Նա սիրում է քեզ և քեզ «երբեք չի թողնի և չի լքի» (Հեսու 1․5

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քո հոգեվիճակը նկարագրվե՞ց այս ցուցակում: Եթե այո, ապա տրտմությամբ մի՛ նայիր այս կյանքին, այլ լցվի՛ր հույսով, քանի որ Աստված խոստանում է, որ եթե հայացքդ դեպի Իրեն շրջես և Իրեն վստահես քո հոգսերն ու խնդիրները, ապա Նա կբժշկի քո սիրտը, կազատագրի քեզ քո բոլոր ծանր հոգեվիճակներից ու քո էությունը կլցնի արդարությամբ, խաղաղությամբ և ուրախությամբ։ Նա քեզ համար ցանկանում է լավագույնը: Քո կյանքը բեռ չէ, այլ՝ Տեր Աստծու կողմից շնորհված օրհնություն․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: