Աստծուն ծառայելը Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդկանցից շատերի փափագն է։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ նախընտրում են սպասել, մինչև որոշակի հոգևոր հասակ ու հասունություն ունենան կամ ներքուստ պատրաստ զգան իրենց Աստծուն ծառայելու համար: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչպես սկսել Աստծուն ծառայելը, և իրենց հեռու են պահում ծառայելուց՝ վախենալով, որ կարող են ինչ-որ բան սխալ անել: Ոմանք էլ երկմտում են ու տատանվում՝ չիմանալով, թե արդյոք իսկապես կանչվա՞ծ են ծառայելու, թե՞ ոչ։
Սիրելի՛ բարեկամ, արդյոք դո՞ւ էլ ես ունենում նմանատիպ մտքեր Աստծուն ծառայելու վերաբերյալ։ Եթե այո, ապա հավատում եմ, որ Տեր Հիսուսի խոսքերն այսօր կխոսեն քո սրտին և կմղեն քեզ կանգնելու ծառայության ճանապարհի վրա։ Այս խոսքերը հրավիրում են քեզ սկսելու «փոքր բաների» մեջ հավատարմություն ցուցաբերելուց:
«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16.10):
Տեսնո՞ւմ ես՝ «քիչ բաները» կամ քեզ մանրուք թվացող գործերը շատ կարևոր են Տեր Աստծու համար:
Քեզ համար դրանք կարևոր են, քանի որ «փոքր բաները» բազմապատկելով և դրանք միասին համադրելով՝ դու կստանաս հիանալի արդյունքներ։
- Դու կբարձրացնես վստահությունդ։
- Դու ավելի մեծ կարեկցանք կզարգացնես ուրիշների հանդեպ:
- Դու կհղկես քո բնավորությունը՝ շփվելով ուրիշների հետ։
- Դու կկատարելագործես քո պարգևներն ու տաղանդները:
Աստծո համար դրանք կարևոր են, քանի որ դրանցով Նա փորձում է ծառայելու փափագ ունեցող քո սիրտը՝ նախքան քեզ ավելի մեծ առաքելություններ վստահելը:
- Սկզբում Նա փորձում է քո հավատարմությունը:
- Նա նաև քննում է քո նվիրվածությունը, հաստատակամությունը և գործի հանդեպ հոգածությունդ:
- Նա գիտի, թե որտեղից ես սկսել և երբ պատրաստ կլինես ավելի մեծ գործերի համար։
- Նա չափում է քո մտադրություններն ու քո շարժառիթները։
- Նա կշռում է քո սրտի զգացմունքները:
Իրականում, գործողությունները, որոնք դու ձեռնարկում ես, վերաբերմունքն ու հավատարմությունը, որոնք ի ցույց ես դնում, հանդիսանում են քո ապագայի հիմքը։ Այն, ինչ դու անում ես հենց այսօր, կարող է քեզ թվալ փոքր բան՝ անկարևոր կամ աննշան։ Բայց իմացիր, որ Տեր Հիսուսը ցանկանում է վստահել քեզ ավելի մեծ պատասխանատվություն (տե՛ս Ղուկաս 19․17 խոսքը)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես հե՛նց այսօր սկսել Տեր Հիսուսին ծառայելը։ Եվ դա կարող ես անել փոքր բաներով, որոնց համար անհրաժեշտ չէ հատուկ որակավորում կամ հոգևոր հասակ։ Տերը կանչում է քեզ ծառայելու Իրեն: Մոտեցի՛ր քո հոգևոր առաջնորդին և ասա՛ նրան, որ ուզում ես ծառայել Աստծուն ցանկացած գործի մեջ, անգամ աննշան ու չերևացող, այնպիսի գործերով, որոնք, գուցե, մյուսները չեն կամենում անել։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով… «Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ մղում ես, որ սկսեմ Քեզ ծառայել: Ես ուզում եմ պատասխանել Քո կանչին և սկսել ծառայության իմ ընթացքը, որպեսզի աշխարհը հավատա Քո սիրուն: Շնորհակալ եմ, որ հիշեցրիր ինձ, որ ամեն ինչ ունի սկիզբ, և Դու, իմ Տե՛ր, կպարգևատրես ինձ անգամ փոքր բաների համար և հավատարմության դեպքում կվստահես ինձ ավելի մեծ գործեր: Ես հավատում եմ Քեզ։ Ես սիրում եմ Քեզ և ես վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը