May-19

Գլխավոր | Հրաշքներ | Փառաբանություն և երկրպագություն

Փառաբանություն և երկրպագություն

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը։ Ես շատ եմ սիրում Աստվածաշնչի սաղմոսների գիրքը և որոշել եմ առաջիկա յոթ ուղերձները նվիրել Սաղմոս 34-ի գանձերին՝ այն զորավոր խորհուրդներին ու սկզբունքներին, որ Աստված զետեղել է այս հրաշալի սաղմոսի մեջ։ Այս շարքի առաջին ուղերձի մեջ մենք խոսելու ենք Տեր Աստծուն ուղղված փառաբանական և երկրպագության երգերի կարևորության մասին։ 

«Տիրոջը պիտի օրհնաբանեմ ամեն ժամանակ. Նրա փառաբանությունը միշտ իմ բերանում պիտի լինի։ Իմ անձը պիտի պարծենա Տիրոջով, խեղճերը պիտի լսեն և ուրախանան։ Ինձ հետ մեծարեցե՛ք Տիրոջը, իրար հետ բարձրացնենք Նրա անունը» (Սաղմոս 34․1-3):

Սիրելի՛ *|FNAME|*, Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը միայն եկեղեցական ծառայությունների ժամանակ չէ, որ պետք է լինի մեր՝ Տեր Աստծուն հավատացողներիս շուրթերին։ Սաղմոսերգուն ասում է, որ Տիրոջը պետք է օրհնաբանի ամեն ժամանակ, և Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը միշտ պետք է լինի նրա բերանում։

Ամեն ժամանակ և մշտապես մենք պետք է մեր շուրթերին ունենանք Տեր Աստծուն ուղղված օրհնաբանությունը։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ է դա կարևոր։

«Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը» (Եփեսացիս 5․19-20):

Օրհներգությունները, հոգևոր երգերն ու սաղմոսները մեր գոհության դրսևորումներն են առ Աստված։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ առաջին հերթին մենք մեր սրտերում պետք է երգե՛նք Տիրոջը և դա պետք է անենք ամեն ժամանակ։ Մեր սրտից բխած հոգևոր երգն արդեն իսկ հոգևոր հաղթանակ է, քանի որ այն հեռացնում է մեզնից տրտունջն ու դժգոհությունը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ *|FNAME|*, շատերն ինչ-ինչ պատճառներով ամաչում կամ անհարմար են զգում Տիրոջը երգեր ու օրհնաբանություններ ուղղելը։ Հատկապես նոր ապաշխարած տղամարդկանց մոտ այս հարցը լրջագույն լուծման կարիք ունի։ 

Աստծուն երգելը մեծագույն արտոնություն է հավատացյալի համար։ Աստծուն օրհնաբանելը դուռ է բացում դեպի հոգևոր զորավոր հաղթանակներ։ Աստծուն ուղղված գովաբանական սաղմոսները մեր սիրտը լցնում են երախտագիտությամբ և մեր կյանքից հեռացնում ամեն տրտունջ ու դժգոհություն։ 

Իսկ դու սովորություն ունե՞ս հոգևոր երգեր ուղղել քեզ անսահման սիրով սիրող Տիրոջը։ Գիտե՞ս արդյոք www.bibleradio.am առցանց քրիստոնեական ռադիոկայանի մասին, որի շնորհիվ ողջ օրդ կարող ես լցնել Տեր Աստծուն ուղղված փառաբանությամբ։ Որոշում կայացրո՛ւ երգել Տիրոջը և գոհանալ Նրանից ու կտեսնես, թե ինչպես է Քրիստոսի խաղաղությունը լցվում քո սրտի մեջ ու կարգավորում քո կյանքը։ 

«Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։ Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով» (Կողոսացիս 3․15-16):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: