September-10

Գլխավոր | Հրաշքներ | Ցնծա՛, ուրախացի՛ր և կրկին ուրախացի՛ր

Ցնծա՛, ուրախացի՛ր և կրկին ուրախացի՛ր

Սիրելի՛ բարեկամ, ե՞րբ ես վերջին անգամ լիաթոք ծիծաղել։ Ե՞րբ է վերջին անգամ քո սիրտը ցնծացել ուրախության ապրումներից։ Ե՞րբ ես վերջին անգամ ուրախության առատությունից հուզվել և չես կարողացել զսպել անգամ արցունքներդ։ Հիշո՞ւմ ես․․․

Աստված ծիծաղելու և ուրախությունից ցնծալու կարողությունը հենց այնպես չի տվել մարդկանց։ Ուրախ սիրտը կենսական նշանակություն ունի մարդու կյանքում և մեծ դեր է խաղում անհանգստության, սթրեսի, վախերի ու տագնապների դեմ պայքարի գործում։ Ահա թե ինչ ենք կարդում Աստծո Խոսքի մեջ. «Ուրախ սիրտը դեղի պես օգտակար է, իսկ կոտրված հոգին չորացնում է ոսկորները» (‭‭Առակաց ‭17․22‬)։

Ուզում եմ քեզ մի բան առաջարկել։ Ժամանակ հատկացրո՛ւ և խորհի՛ր այնպիսի բաների շուրջ, որոնք քո սիրտը կլցնեն ուրախությամբ և անգամ ուրախության ծիծաղ կառաջացնեն քեզ մոտ։ Քո կյանքում հաստատ կան ուրախանալու առիթներ։ Պարզապես քո դժվարությունները անընդհատ ուզում են, որ դու միայն իրենց մասին մտածես, իրենց վրա կենտրոնանաս և չտեսնես այն ամենը, ինչը գոհության և ուրախության առիթ կարող է դառնալ քեզ համար։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, խորհուրդ եմ տալիս ամեն օր մի քանի րոպե հատկացնել այն լավ ու բարի բաների մասին խորհելուն, որոնք պատահել են քեզ հետ օրվա ընթացքում կամ որոնք կան քո կյանքում։ Դրանք տեսնելը այնքան էլ դժվար չէ, եթե ուղղակի փնտրելով մտածես դրանց շուրջ։ Ո՛չ թե կենտրոնացիր այն ամենի վրա, ինչը չունես, այլ այն ամենի, որ Աստված պարգևել է քեզ։ 

Եվս մեկ խորհուրդ։ Ժամանակ անցկացրու ուրախ և դրական հավատք ունեցող մարդկանց հետ։ Որքան էլ բարդ ու դժվարին իրավիճակով անցնելիս լինես, քեզ տխուր ու ցավակցական դեմքով նայող մարդկանցից հեռու մնա։ Իրական ընկերները քո կյանքը կլցնեն լույսով և ուրախությամբ։ Նրանց հումորն ու Աստծո խոստումների վրա հիմնված դրական ակնկալիքները վարակիչ են։

Գուցե իմ խորհուրդները անմիջապես չստացվի կիրառել քո կյանքում, քանի որ անցնում ես ցավի ու դժվարությունների ծանր իրավիճակի միջով, որը գողացել է քո ծիծաղը և սթրես է բերել քո կյանք, սակայն այդ ամենի մեջ գոնե հրաժարվի՛ր քո դժվարությունների միջով մենակ անցնելու մտքից։ Տեր Աստծուց օգնություն խնդրի՛ր, աղոթի՛ր և կանգնի՛ր Աստծո խոստումների հաղթանակների դրական ճանապարհի վրա, որպեսզի Տեր Աստծո ուրախությունը առատությամբ լցվի քո սրտի մեջ։ 

Աստված ուզում է և կարող է քո սիրտը կրկին լցնել Իր անպատմելի ուրախությամբ և ցնծությամբ։ Տեր Հիսուսն Իր առաքելությունն այս երկրի վրա նկարագրելիս հետևյալ հատվածն ընթերցեց Աստվածաշնչից։ Նա ասաց, որ եկել է «Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց դափնեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ՝ սգի փոխարեն և գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն» (Եսայիա‭‭ ‭61․3‬)։

Եվ վերջում՝ մի միտք․․․ Եթե դու էլ ինձ նման Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտն ես, ապա Աստծո Խոսքն ասում է, որ մենք աշխարհի լույսն ենք (Մատթեոս 5․14)։  

Իսկ գուցե այս մռայլ ու խավար աշխարհում հենց մեր ուրախության ցնծությունն ու լիաթոք ծիծաղն են, որ մեր մեջ վառում և մարդկանց համար տեսանելի են դարձնում այդ կենարար լույսը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: