February-26

Գլխավոր | Հրաշքներ | Ցանելն ու հնձելը առաջնորդում են ազատության 

Ցանելն ու հնձելը առաջնորդում են ազատության 

«Քո հրաշքն ամեն օր» ծառայությունը հայերեն լեզվով գործում է արդեն ավելի քան երեք տարի։ Այս ողջ ընթացքում ամեն օր մի ամբողջ թիմի ծառայության արդյունքում ծնված ուղերձները հասցրել են հուզել շատերին և Տեր Աստծո ձեռքին մի զորավոր գործիք են եղել բազմաթիվ կյանքերի փոխակերպման և հարաբերությունների բժշկության համար։ Մեծ հույս ունեմ, որ մեր ծառայությունը դրական ազդեցություն է թողել նաև քո կյանքի վրա և որ դու կաղոթես այս ծառայության հետագա ընթացքի և մարդկանց կյանքերի վրա Աստծու Արքայության թողած ազդեցության համար։ 

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք հատուկ շարք ենք սկսում առատաձեռնության և նվիրատվությունների մասին: Սրանք այն թեմաներն են, որոնց ես չափազանց զգուշորեն եմ վերաբերում թե՛ իմ քարոզների, և թե՛ այս ուղերձների մեջ։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ ֆինանսների մասին ուսուցումները պետք է դառնան եկեղեցու կամ որևէ ծառայության հիմնական շեշտադրության կենտրոնը։ Եվ, այնուամենայնիվ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք հենց ա՛յս մասին ենք խոսելու, քանի որ այս թեմաները հոգևոր աճի և հասունության կարևորագույն բաղադրիչներն են, և Տեր Հիսուսն Ինքն էր կարևորում ֆինանսական հավատարմության մասին ուսուցումներն Իր աշակերտներին փոխանցելը։

Գաղտնիք չէ, որ «Քո հրաշքն ամեն օր» ծառայությունը, յուրաքանչյուր եկեղեցի կամ կորածին որոնելու և փրկելու առաքելությանը նվիրված ցանկացած կառույց ու նախաձեռնություն իրենց արդյունավետ գործունեության համար ունեն ֆինանսների կարիք։ Աստված, անշո՛ւշտ, հոգում է այդ կարիքները։ Բայց երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես․․․ Այո՛, քո և մյուս հավատացյալների հոժարակամ ֆինանսական աջակցության և նվիրատվությունների միջոցով։ Ֆինանսների ներգրավման մյուս բոլոր միջոցները՝ վճար ծառայությունների դիմաց, առևտուր, պարտադիր (ոչ կամավոր) վճարներ և այլն, հակաաստվածաշնչյան են և Տեր Աստծու կամքին հակառակ։ Աստված կամենում է, որ դու ցանես քո ֆինանսներն Իր Արքայության գործի մեջ, որպեսզի նորանոր կյանքեր փրկվեն և ազատագրվեն խավարի թագավորությունից ու մեղքի ստրկությունից։ 

Աստծո խոսքն ասում է. «Որովհետև, ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Բայց Նա, Ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, Նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն» ‭‭(Բ Կորնթացիս‬ ‭9․6,10-11

Իմ կյանքի և բազմաթիվ այլ մարդկանց կյանքերի վկայություններից կարող եմ հստակ ասել, որ ցանելու և հնձելու հոգևոր օրենքն այսօր էլ գործում է նույնքան անխափան, որքան Տեր Հիսուսի կամ Պողոս առաքյալի օրերում։ Տարօրինակն այն է, որ մարդիկ ուզում են քիչ ցանել և շատ հնձել։ Այդպես չի լինում։ Նաև շատերն այնքա՜ն են կենտրոնացել ֆինանսների վրա, որ կարծում են, թե հնձելու օրհնությունը միայն ֆինանսի չափի մեջ է։ Օրհնությունը կարող լինել առողջությունը, որը խնայում է քո ֆինանսը բժշկական ծախսերից, ապահովությունը, որը խնայում է քո ֆինանսները պատահարների և չնախատեսված դժվարությունների ծախսերից, հնազանդ երեխաները, որոնք խնայում են քո ֆինանսները վատնումներից ու չար զավակների կամակորությունները բավարարելու համար ստիպողական ծախսերից և այլն։ 

Մեր հավատքի կյանքի հենց առաջի՛ն տարիներից Աստված ինձ ու կնոջս սովորեցրել է առատաձեռն լինել Աստծու գործի հանդեպ, աջակցել տարբեր ծառայությունների, ծառայողների, մեր նվիրատվություններով մասնակցել եկեղեցու ծրագրերին։ Այս ամենը սերմեր են, որոնք մենք ցանում ենք Տեր Աստծու Արքայության գործի համար: Տեր Հիսուսը սովորեցնում էր մեր գանձերը Երկնքում դիզելու մասին։ Սովորեցնում էր նաև անիրավ մամոնայի մեջ հավատարիմ լինելու մասին։ Տերն այնքա՜ն մեծ տեղ էր հատկացնում ֆինանսների մասին ճիշտ ուսուցում փոխանցելուն, որ ես էլ որոշեցի ուղերձների այս շարքը քեզ փոխանցել, որպեսզի դու էլ օրհնվես այնպես, ինչպես ես եմ օրհնվել, իսկ գուցե նաև՝ ինձնից շատ ու շատ ավելի օրհնվես։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա ևս մեկ կարևորագույն սկզբունք՝ առատորեն ցանելը հոգևոր իմաստով կապ չունի քո նվիրաբերած գումարի մեծության հետ։ Աստված ոչ թե զրոների քանակին է նայում, այլ՝ քո հնարավորությանը՝ որքա՞ն կարող էիր նվիրաբերել և որքան նվիրաբերեցիր, որքա՞ն ես հատկացնում քեզ հաճելի հագուստ կամ որևէ իր գնելու համար և որքան՝ այն գործի համար, որը հաճելի է Աստծուն։ Սրանք պարզ հարցեր են, որոնց, եթե անկեղծ պատասխանենք, շատերս ենք ամաչելու և գլուխներս կախելու Տեր Աստծու առջև։

Դու միշտ հնձում ես այն, ինչ ցանում ես։ Սակայն հիշի՛ր, որ քո ցանածը միշտ չէ, որ հնձում ես նյութական առումով։ Վերը բերված աստվածաշնչյան խոսքի մեջ ես դիտմամբ մի խոսք բաց թողեցի, որպեսզի հիմա շեշտադրեմ դրանում փոխանցվող սկզբունքը․ «Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին» (Բ Կորնթացիս 9․7):

Աստված հավանում է այն մարդկանց, որոնք հոժարությամբ՝ գիտակցելով և սրտանց են կատարում իրենց նվիրաբերությունը։ Այսօր ե՛կ շնորհակալ լինենք Աստծուն ցանելու և հնձելու Իր զարմանահրաշ սկզբունքի համար և խնդրենք Նրան, որ Իր առատաձեռն բնույթը մեր միջոցով հայտնի մեր շրջապատի մարդկանց և ցույց տա մեզ, թե որտե՛ղ է կամենում, որ մենք ցանենք մեր ֆինանսները, որոնք պտուղ կտան հանուն Նրա Արքայության և կորսվածներին փրկության առաջնորդելու Մեծ Հանձնարարականի իրագործման:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: