![December-17 December-17](https://hisus.am/wp-content/uploads/2024/12/December-17-1024x538.jpg)
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Դու նրանց հույսն ես․․․» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ մենք անդրադարձանք այս շարքի անվանման բացատրությանը։ Որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ՝ դու ունես մի պարգև Տեր Հիսուսից, որի կարիքն ունեն քո շրջապատի մարդիկ։ Տերը Իր խաղաղությունն է խոստացել Իր բոլոր հավատարիմ աշակերտներին և պատվիրել է այդ խաղաղությունը բաժնեկցել մյուս մարդկանց հետ։
Սիրելի՛ բարեկամ, գուցե շատերը չհամաձայնեն ուղերձների այս շարքի անվանման հետ։ Երբ մարդը լսում է «Դու նրանց հույսն ես․․․» արտահայտությունը, կարող է հակադրվել ու ասել․ «Իմ հույսն Աստված է, այլ ո՛չ թե մարդը»։ Սակայն Քրիստոսի ճշմարիտ աշակերտները գիտեն, որ Աստված երկրի վրա գործում է Իր զավակների միջոցով։ Աստված մեր բոլորի հույսն է, սակայն մեր շրջապատում բազմաթիվ մարդիկ սպասում են, որ որևէ մարդ գա ու իրենց օգնի իրական խաղաղություն գտնելու հարցում։
Քո շրջապատի մարդիկ ունեն քո կարիքը, սակայն դու երբե՛ք չես կարող տալ նրանց այն, ինչն ինքդ դեռ չունես։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոստացանք, որ խոսելու ենք Տեր Հիսուսից ընդունած մեր խաղաղությունը մարդկանց հետ բաժնեկցելու կերպերի մասին։ Եվ Տիրոջ կողմից տրված այդ հանձնարարության իրագործման առաջին քայլը ստուգելն է, թե մենք ունե՞նք այն խաղաղությունը, որի մասին խոսում ենք և որը պետք է փոխանցենք մեր շրջապատի մարդկանց։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ այսօր ինքդ քեզ մի հարց տալ․ «Ինչպիսի՞ մարդ եմ ես, ինչպիսի՞ն է իմ բնավորությունը՝ խաղաղարա՞ր, թե՞ բռնկվող, հաշտվո՞ղ, թե՞ քինախինդ, բարկությունը իմ խոսքերով հանդարտեցնո՞ղ, թե՞ բորբոքված վեճը ավելի թեժացնող»։ Ինչպիսի՞ մարդ ես դու։ Ներող ու ողորմա՞ծ, թե հիշաչար ու աններողամիտ, երբ ներում ես միայն որոշ մարդկանց, իսկ քեզ շատ ցավեցրածներին դասում ես քո հանդեպ աններելի հանցանք գործածների շարքը։
«․․․որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։ Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակոբոս 3․16-18):
Եթե դու քո ներսում չունես Տեր Հիսուսի տված խաղաղությունը, ինչպե՞ս ես այն բաժնեկցելու մյուսների հետ։ Հակոբոս առաքյալն այդ խաղաղությունը կապում է իմաստության հետ։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կա երկրավոր, մարմնական ու դիվային իմաստությունը, որը մարդուն սովորեցնում է չարին չարով պատասխանել։ Սակայն կա նաև ի վերուստ տրված իմաստությունը, որը սուրբ է, խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։
Եվ ահա այսօրվա բարի լուրը քեզ համար․ «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։ Միայն թե թող նա հավատով խնդրի, առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տատանվող ալիքին։ Այդ մարդը թող չկարծի, թե Տիրոջից որևէ բան կստանա։ Երկմտող մարդն անհաստատ է իր բոլոր ճանապարհներում» (Հակոբոս 1․5-8):
Տեր Հիսուսն Իր խաղաղությունն է պարգևել քեզ, և եթե դու քննում ես քո ներսը և դեռ չես տեսնում Նրա պարգևած խաղաղությունը, ապա իմաստություն խնդրիր Տեր Աստծուց։ Խնդրի՛ր ի վերուստ տրվող իմաստությունը, որը կուղղորդի քեզ քո շրջապատի մարդկանց հետ խաղաղության հարաբերություններ հաստատելուն։ Խնդրի՛ր Աստծուց իմաստություն ընտանիքիդ անդամների հանդեպ քո վերաբերմունքի հարցում։ Խնդրի՛ր իմաստություն քո աշխատավայրում բոլորի հետ խաղաղության հարաբերությունը հաստատելու համար։ Խնդրի՛ր իմաստություն քո եկեղեցում և ծառայությունների մեջ բոլոր մարդկանց հետ քաղցր ու հաշտվող անձնավորություն դառնալու համար։
Եթե ընդունել ես Քրիստոսի տված խաղաղությունը, ապա պարտավոր ես այն բաժնեկցել մյուսների հետ։ Եվ դա անելու կերպը առաջին հերթին նրանց հետ խաղաղության հարաբերության առկայությունն է և ներող, զիջող ու քաղցր վերաբերմունք ունենալը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
![156380229_268237911526745_6094722723839198753_n 156380229_268237911526745_6094722723839198753_n](https://hisus.am/wp-content/uploads/2021/03/156380229_268237911526745_6094722723839198753_n.png)
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը