January-7 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Սուրբծննդյան տոները փոքր սկզբի ու զորավոր ավարտի հրաշալի օրինակ են

Սուրբծննդյան տոները փոքր սկզբի ու զորավոր ավարտի հրաշալի օրինակ են

Մենք մոտեցանք տոնական օրերի ավարտին։ Զարդարված տոնածառեր ու ցուցափեղկեր, տոնական լույսեր, նվերներ, համեղ ուտելիքների ախորժելի բույր, ընտանիքի հետ ուրախ ժամանցի սպասում․․․ Մեզնից շատերի համար Նոր Տարին և Սուրբ Ծնունդը նույնպես ուրախության ժամանակ է։ Ժամանակ, երբ մենք կարծես լիցքավորվում ենք դրական լիցքերով։  

Սիրելի՛ բարեկամ, իսկ առաջին Սուրբ Ծնունդը այնքան էլ հանգիստ ու խաղաղ օր չէր, առավել ևս՝ տոնական։ Իրականում այն մեծ նեղությունների օր էր։ Մի պահ պատկերացրու՝ հռոմեական իշխանությունների կողմից պարտադրված մարդահամար, մենավոր մի գյուղ քարքարոտ տեղանքում, գարշահոտ մի գոմ, երկար ճանապարհից հոգնած և ուժասպառ երիտասարդ կին, որ շուտով երեխա էր լույս աշխարհ բերելու։ Հետո՝ մսուր, ընտանի կենդանիներ, մի քանի հովիվներ, և չկար թագավորների Թագավորին ողջունելու պատրաստ որևէ շքախումբ․․․ 

Ես սիրում եմ այն սուրբծննդյան երգերը, որոնցում նկարագրվում է Տեր Հիսուսի ծննդյան գիշերը, երբ մեծագույն հրաշքը կատարվեց ծանրագույն նեղությունների մեջ․․․

Իսկ ծանո՞թ ես սուրբծննդյան այս հրաշալի երգի բառերին․

«Փոքրիկ քաղաք Բեթղեհեմի,
Որքա՜ն լուռ ես, խաղաղ․․․
Ննջես դու խոր, մինչ քո վերև
Հսկեն աստղերն չքնաղ։

Փողոցներուդ մեջ մթին
Փայլի սուրբ լույսն անշեջ,
Երկյուղ ու հույս բոլոր դարոց,
Այս լուռ գիշերին մեջ»։

Բեթղեհեմը զարգացած և եռուզեռով լի քաղաք չէր։ Այս փոքրիկ բնակավայրը ո՛չ առևտրային խոշոր կենտրոն էր, ո՛չ մշակութային մայրաքաղաք, ո՛չ էլ նույնիսկ զբոսաշրջության հայտնի վայր։ Աննշան մի բնակավայր, հեռավոր մի գյուղ։ 

Իսկ գիտե՞ս, որ Տեր Աստված հաճախ է աննշան բաներն օգտագործում Իր փառքի համար։ Նա երբեմն հայտնում է Իրեն այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չկա, այնպիսի մարդկանց միջոցով, որոնք հայտնի չեն և որոնց չեն ծափահարում մարդկանց բազմությունները։ 

«Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի» (Ա Կորնթացիս 1․27

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դո՞ւ էլ քեզ տկար ու աննշան մեկն ես համարում՝ հոգնած, ուժասպառ, անկարևոր․․․ Մի՛ հուսահատվիր, քո տկարությունը Տեր Աստծուն չի զարմացնում կամ հիասթափեցնում։ Իրականում, հե՛նց այդ տկարությունն է, որ Նա օգտագործելու է քո միջոցով Իրեն փառավորելու համար։ 

Սուրբ Ծնունդը մեր տկարությունների մեջ Նրա ցնծության տոնն է․․․

Սուրբ Ծնունդը Տեր Աստծո մարդանալու տոնն է։ 

Սուրբ Ծնունդը Տեր Հիսուսի՝ մեր տկարությունների մեջ մեզ զորացնելու տոնն է։ 

Սուրբ Ծնունդը Խաղաղության Իշխանի՝ մեզ ապրելու օրինակ դառնալու տոնն է։ Չէ՞ որ Աստծո զորությունը դրսևորվում է մեր տկարությունների մեջ։ 

«Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ողջ անձնակազմի կողմից և Էջմիածնի Էմմանուել ավետարանական եկեղեցու բոլոր հավատացյալների անունից ընդունի՛ր մեր օրհնանքները 2024 թվականի համար և հիշի՛ր, որ մենք աղոթում ենք քեզ համար։

Հուսով եմ, որ նաև այս տարվա մեջ թույլ կտաս, որ ամեն Աստծու օր ծառայենք քեզ մեր ամենօրյա քաջալերական ուղերձներով և քեզ հետ լինենք մեր օրհնանքների ու աղոթքների շնորհիվ։

Հ.Գ․ Երգը, որի բառերից օգտվեցի այսօրվա ուղերձի մեջ, կարող եք լսել հետևյալ հղման միջոցով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: