Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ծանո՞թ ես Աշոտ Աշիկյանի հեղինակած սուրբծննդյան այս երգի բառերին․
«Աստղածով երկնքից
Հրեշտակներ են իջնում
Ու Փրկչի ծննդյան
Բարի լուրն են ավետում․
– Ուրախ եղե՛ք, ցնծացե՛ք,
Թո՛ղ հեռանա վախը,
Դավթի քաղաքում
Ծնվեց Օծյալ Փրկիչը»:
Այս հրաշալի երգերի բառերը խոսում են Փրկչի ծննդյան բարի լուրի մասին: Տեր Հիսուսն Աստվածաշնչում բնութագրվում է որպես անկյունաքար։ Նա պատմության շրջադարձային առանցքն է, մարդկանց սրտերը փոխակերպողը, աշխարհի Փրկիչը, դեպի Հայրը տանող միակ ճանապարհը, ճշմարտության և կյանքի աղբյուրն ու մարմնացումը: Մի օր Տեր Հիսուսը վերցրեց Եսայիա մարգարեի գիրքը և Ինքն Իր մասին հայտարարեց մարգարեի կողմից կանխասված իրադարձության իրականացումը.
«Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, որովհետև Տերն օծել է Ինձ՝ ավետիս տալու հեզերին, Ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում՝ կալանավորներին» (Եսայիա 61․1)։
Սուրբծննդյան երգերը մեզ հիշեցնում են նաև մեկ այլ հրաշքի մասին։ Աստվածաշնչյան անխախտ ճշմարտություն է այն, որ եթե մենք հավատացել ենք Քրիստոսի ուսուցանած ճշմարտություններին և մեր փրկության համար Նրա կատարած գործին, ապա մենք Տեր Աստծու սեփական ժողովուրդն ենք։ Մենք թագավորների Թագավորի ընտանիքում որդեգրված զավակներ ենք։
Սուրբ Ծնունդը սիրո տոն է․․․ Սեր, որը դրսևորվում է շնորհքի, կարեկցանքի և հավատքի մեջ: Սուրբ Ծնունդը բարի լուր է կոտրված սիրտ ունեցողների և ազատություն փափագողների համար։
Սուրբ Ծնունդը նաև դժվար ժամանակ է՝ նրանց համար, ովքեր միայնակ են, նրանց համար, ովքեր չունեն միջոցներ, ովքեր հիվանդ են կամ հուսահատված: Կարո՞ղ ես նրանց նայել սիրո ու կարեկցանքի աչքերով: Այն նույն հայացքով, որով Տեր Հիսուսը քեզ է նայում։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես և դու, որ այժմ Տեր Հիսուսի ընտանիքի անդամներն ենք, այս երկրի վրա պետք է լինենք Նրա ձեռքերն ու ոտքերը, շուրթերն ու հայացքը: Այո՛, դու պետք է Նրա հայացքը լինես՝ լի կարեկցանքով ու գթասրտությամբ, ներման պատրաստակամությամբ ու ողորմածությամբ։ Դու Նրա սիրտը պետք է լինես, որը լի է սիրով ու զոհաբերությամբ։ Նա ուղարկել է ինձ և քեզ՝ մխիթարելու սրտով կոտրվածներին:
Այսպիսով, այս Սուրբ Ծնունդին ինչ-որ մեկի համար արա այն, ինչի մեջ կանչվել ենք յուրաքանչյուրս՝ սեր ու կարեկցանք դրսևորիր ինչ-որ մի կերպով։ Թեթևացրու ինչ-որ մեկի կյանքի բեռը․․․ թեկուզ մի աննշան չափով: Թո՛ղ Աստված տեսնի մեր մեջ Իր Որդուն նմանվելու մեր փափագը։ Որովհետև դիմացինին սիրելը նրան է փոխանցում այն կյանքը, որը մենք ստացել ենք մեր Տիրոջից։
Հ․Գ․ Հրավիրում եմ քեզ միանալ «Հրեշտակների երգը» անվանումով այս հրաշալի փառաբանությանը, որը կարող ես լսել հետևյալ հղման միջոցով՝
https://youtu.be/x7Zz6DnPb7o
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը