Սիրելի՛ բարեկամ, հատկապես այս օրերին շատերն են խոսում սիրուց, իսկ տարբեր լրատվամիջոցներ ավելի շատ են անդրադառնում սիրո թեմային։ Սակայն ես ուզում եմ քեզ կոչ անել, որպեսզի այսօր միասին խորհենք այն մասին, թե ի՜նչ զարմանահրաշ կերպով է Աստված Իր սերը հայտնում մեզ:
Կարևոր է նշել, որ Աստված Իր սերը չի տալիս միայն ընտրված մարդկանց, արտոնյալներին կամ վերնախավին։ Ո՛չ, Նրա սերը բոլորի համար է՝ բոլոր նրանց, ովքեր կհավատան. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16):
Ես շատ եմ սիրում Հովհաննես 3․16 խոսքը։ Կարծում եմ, որ այն Հովհաննես 3․36 խոսքի հետ միասին, կազմում է Աստվածաշնչի ամենաառանցքային հատվածներից մեկը, որտեղ դրսևորվում է մեր հանդեպ Աստծո սիրո խորությունը և մեր փրկության ճշմարիտ ուղին։
Աստված անսահմանորեն խորը սիրով սիրում է մեր մոլորակի 8 միլիարդ մարդկանցից յուրաքանչյուրին՝ անխտիր և առանց բացառության։ Նա անհատապես ճանաչում է նրանց և գիտի նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու բնավորությունը, ապրելակերպն ու խնդիրները: Նա գիտի նաև մեզնից յուրաքանչյուրի կյանքում մեղքի բերած տառապանքի ու կործանարար ազդեցության մասին։
Նա սիրում է մեզ և արձագանքեց այդ տառապանքին՝ Իր միածին Որդուն ուղարկելով աշխարհ, որպեսզի Նա կրի մեր մեղքերի պատիժը և մեր փոխարեն չարչարվի ու մահանա Գողգոթայի խաչի վրա: Տեր Հիսուսը վերցրեց մեր մեղքերը, մեր հանցանքները և մեր դատապարտությունը։ Ինչպես երկաթե բարձր սյունը դեպի իրեն է ձգում կայծակի հարվածը, այնպես Տեր Հիսուսը դեպի Իրեն ձգեց Տեր Աստծու արդար բարկությունը, որը դեպի մեզ էր ուղղված: Նա Իր վրա վերցրեց և կրեց մեր պատիժը․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տիրոջ սերը պարզապես զգացմունք չէ: Աստծու սերը գործողություն է: Եթե Նա սիրում է, ապա Իր սերը արտահայտում է համապատասխան գործերով։ Խաչի զոհը, երկրի վրա եկեղեցու հաստատումը, առողջ հոգևոր մարդկանց ներկայությունը քո կյանքում և շատ այլ դրսևորումներ Տեր Աստծու սիրո և հոգատարության գործերն են։
Եվ ես վստահաբար ասում եմ, որ Աստված Իր սերն այսօր էլ ուզում է դրսևորել քո հանդեպ։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին, ուսուցանած սկզբունքներին և սիրո գործին։ Գտի՛ր ճշմարիտ և Աստվածաշնչի սկզբունքներով առաջնորդվող եկեղեցի։ Հաստատվիր հավատքի կյանքի մեջ և փոխակերպի՛ր քո կյանքը հավատքի աճի ու պտղաբերության շնորհիվ։ Թո՛ւյլ տուր, որ Աստծո անսահման ու անսասան սերը պարուրի քեզ այսօր և քո կյանքի բոլոր օրերին:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը