Սիրելի բարեկա՛մ, այսօր ուղերձների մի նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Սաղմոս 94․18-19 հատվածի վրա և նպատակ ունի մեզ սովորեցնել մեր հոգսերը Տեր Հիսուսի ոտքերի մոտ դնելու հմտությունը և (վերջապես) իրական ուրախություն գտնելու կերպը։
«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
«Եթե ասում եմ» բառերը մեզ հուշում են, որ մենք մշտապես խոսում ենք ինքներս մեզ հետ։ Իսկ դու ի՞նչ ես խոսում քեզ հետ քո սրտում, երբ մենակ ես մնում ինքդ քեզ հետ։ Ի՞նչ խոսքերով ես ինքդ քեզ սնուցում։
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք…
- Բավարար չափով տաղանդավոր չեն,
- Բավարար չափով նախաձեռնող չեն,
- Բավարար չափով համբերատար չեն,
- Բավարար չափով խելացի չեն,
- Գեղեցկադեմ չեն կամ համապատասխան կազմվածք չունեն,
- Արժանի չեն սիրվելու և այլն։
Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստված նույնպես խոսում է քեզ հետ և այսօր Նրա ձայնը ավելի ուժգին պետք է հնչի քո ներսում, քան քո սեփականը․ «Դու այնքա՜ն արժեքավոր ես Ինձ համար, որ Ես իմ Որդուն եմ զոհել հանուն քեզ։ Դու այնքա՜ն թանկ ես Ինձ համար, որ Իմ սերը երբեք չի հոգնում քեզ որոնելուց»։
Մեր ներքին երկխոսության և հավատքի կապը բավականին հստակ է։ Տե՛ս, թե ինչպես էր Երեմիան աղոթում այս անկեղծ ու սրտաբուխ աղոթքով, երբ անհուսության մեջ էր․ «Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։ Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում» (Ողբ 3․18-20)։
Սակայն Աստված գիտի, որ մեր ներսի երկխոսության բառերի ու տրամադրության փոփոխությունը կարող է ժամանակ պահանջել։ Այս նույն աղոթքի մեջ Երեմիան ասում է նաև հետևյալ խոսքերը․ «Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես Նրան եմ հուսալու»։ (Ողբ 3․21-24)։
Առաջարկում եմ ժամանակ տրամադրել և լսել «Աստծո աչքերի պատմածը» վերնագիրը կրող այս պատգամը՝
Որպեսզի սովորես քո հոգսերը Աստծուն տալն ու կրկին ուրախության ու խաղաղության մեջ մտնելը, շատ կարևոր է, որպեսզի նախ լսես, թե ինչ ես ասում ինքդ քեզ, իսկ հետո փոխես այդ խոսքերը ու համապատասխանեցնես դրանք այն խոսքերին, որոնք Աստված է ասում քեզ Իր Խոսքի մեջ։ Աստված շատ համբերատար է։ Եվ եթե թույլ տաս ու խնդրես Նրա օգնությունը, ապա Նա, անկասկած, կօգնի քեզ։ Նրա օգնությամբ կբացահայտես ու կհավատաս այն ճշմարտություններին, որոնք Աստված է ասում քո վերաբերյալ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը