«Իմն է արծաթը և իմն է ոսկին,- ասում է Զորքերի Տերը» (Անգե 2․8)
Սիրելի՛ բարեկամ, երեկ մենք խոսում էինք ցանելու և հնձելու վերաբերյալ Տեր Աստծու հավիտենական սկզբունքի մասին, որը մեզ տանում է դեպի ազատության իրական փորձառությունը։ Ֆինանսական օրհնությունը Աստվածաշնչում բավականին շատ քննարկված թեմա է։
Գիտե՞ս արդյոք, որ Աստծո Խոսքում ֆինանսներին վերաբերվող ավելի քան 2000 մեջբերում կա։ Տեր Հիսուսը բավականին հաճախ էր խոսում դրամի և ֆինանսներին վերաբերող այլ հարցերի շուրջ։ Իրականում, եթե փորձենք որոշել այն համամասնությունը, թե ավետարաններում Տեր Հիսուսն այլ թեմաների համեմատ քանի՞ անգամ է անդրադառնում ֆինանսների հարցին, ապա պարզ է դառնում, որ եթե, օրինակ, Տեր Հիսուսը գրեր «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձները, ապա Նա կանդրադառնար ֆինանսների թեմային Իր յուրաքանչյուր երրորդ ուղերձում։
Ես հավատում եմ, որ եթե ծանոթանաս և ընդունես ֆինանսներին վերաբերող աստվածաշնչյան այս սկզբունքները, ապա դա կարող է դուռ բացել քո կյանքի այս կարևոր ոլորտում Աստծու սկզբունքների հաստատման և Նրա ուղարկած օրհնություններն ընդունելու համար։
Ահա՛ ֆինանսներին վերաբերող աստվածաշնչյան կարևորագույն մի հատված. «Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի, մյուսին կսիրի, կա՛մ մեկին կպատվի, մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային»։ Այս բոլոր բաները լսում էին փարիսեցիները, որ արծաթասեր էին ու ծաղրում էին նրան» (Ղուկաս 16.13-14):
Ինչպես երկու հազար տարի առաջ, այնպես էլ այսօր արծաթասեր մարդիկ ծաղրում են հոգևոր մարդկանց, երբ հոգևորները փորձում են նրանց փոխանցել ֆինանսների մասին Աստծո սահմանած սկզբունքները։ Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ Աստծո աչքերում մեղքը հարուստ լինելը կամ շատ ֆինանսներ ունենալը չէ, այլ փողասիրությունը և հարստանալու ձգտումը։ Հենց այսպիսի մարդիկ էին ծաղրում Տեր Հիսուսին։ Նրանք սիրում էին փողը և նյարդայնանում էին, երբ Տեր Հիսուսը սովորեցնում էր ֆինանսների հանդեպ ճիշտ վերաբերմունքի և Աստծո ակնկալած վարքագծի մասին։
Աստված պատվիրում է մեզ չսիրել փողը, և այս պատվերի հետևում հոգևոր զորություն է թաքնված։ Աստված սիրում է ինձ և քեզ և կամենում է, որ մենք երջանիկ լինենք։ Հենց այս պատճառով է Տերն ուզում, որ մենք ֆինանսների հարցում հետևենք Իր ցուցումներին:
«Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին» ( Ա Տիմոթեոս 6.10):
Աստվածաշունչն ասում է նաև հետևյալը․ «Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու» (Եբրայեցիներին 13:5):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու որոշում ես կայացրել ապրելու Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, ապա Աստված խոստացել է երբեք չլքել քեզ։ Նա քեզ երբեք չի անտեսի և չի հեռացնի քեզ Իրենից։ Նա ունի իշխանություն և մեծ փափագ՝ օգնելու քեզ քո բոլոր հոգսերի մեջ։ Ամեն բան Նրան է պատկանում՝ աշխարհի ողջ հարստությունը, արծաթն ու ոսկին։ Այս ճշմարտությունը գիտակցելը մեծ ապահովություն կբերի մեր կյանքի մեջ։ Աղոթում եմ, որպեսզի Տեր Աստված բազում հրաշքներ անի քո կյանքում, նաև՝ ֆինանսական հրաշքներ, որոնց կարիքն ունես այսօր։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը