Սիրելի՛ բարեկամ, երկու օր առաջ մեր տանը հավաքվել էինք ընկերներով ու բարեկամներով և զրույցներից մեկի ժամանակ հիշեցինք հին ժամանակների ֆիլմերը։ Մարդիկ այնքա՜ն էին դիտել և այնքա՜ն էին սիրում դրանք, որ գիտեին գրեթե ամեն նախադասությունը, սրամտությունն ու թևավոր խոսքը։ Նրանք սիրում էին այդ ֆիլմերը և առօրյա կյանքում մեջբերումներ էին անում դրանցից։
Իսկ մենք՝ քրիստոնյաներս, արդյոք հիշո՞ւմ ենք Տեր Հիսուսի խոսքերը, որոնք գրված են Աստվածաշնչում։ Արդյոք մեջբերո՞ւմ ենք դրանք մեր առօրյա զրույցներում և միմյանց օրհնում ու քաջալերում, խրախուսում ու մխիթարում Նրա խոսքերով։
Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մեր Տիրոջ մի կարևորագույն խոսքով․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35):
Այսօր տարածված է միմյանց աղանդավոր ու շեղված կոչելը։ Այս եկեղեցին մյուսին աղանդավոր է ասում, այն մյուսը սրան՝ շեղված, ու այդպես շարունակ։ Եվ թվում է՝ ով ավելի բարձր բղավի ու ավելի ազդեցիկ խոսի, նա է ճիշտը, իսկ մյուսները՝ սխալ։ Իսկ կարո՞ղ ենք մի պահ լռել ու լսել Տեր Հիսուս Քրիստոսի բնորոշումը, թե ովքեր են Իր ճշմարիտ աշակերտները և ովքեր՝ կեղծ։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ միասին ընթեցե՛նք ճշմարիտ եկեղեցուն բնորոշ հատկությունը, որը կարևորում էր Ինքը՝ Տեր Հիսուսը․ «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Սերը մեզ մղում է հոգատարության և միմյանց բեռները կրելուն։ Ինչպիսի՜ ուրախություն է ինչ-որ մեկին Տեր Հիսուսի անունով օգնելը։ Դա կարող է լինել ցանկացած օգնություն։ Քո քաջալերական խոսքը, հավանության արժանացնող ժպիտը, մխիթարական խոսքը, օգնության ձեռք մեկնելը մարդու ծայրահեղ դժվարության ժամանակ․․․ Այս ամենը և դեռ շատ ավելին միջոցներ են, որոնք Տերը պարգևել է Իր աշակերտներին՝ ինձ և քեզ, Իր գործն այս երկրի վրա շարունակելու համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հորդորում եմ քեզ այսօր, որ ուշադիր նայես քո շուրջբոլորը։ Ուշադիր և փնտրելով զննի՛ր մարդկանց։ Եվ դու, անշուշտ, կհանդիպես մեկին, ում կարող ես օգնել, խրախուսել, մխիթարել կամ մեղքի ճահճից ազատվելու ճանապարհը ցույց տալ։
Պատրաստ եղի՛ր ընկալելու մարդկանց կարիքը, որ կա նրանց հայացքների մեջ։ Համոզված եմ, որ եթե փնտրես, Սուրբ Հոգին քեզ կհուշի, թե որոնք են իրական կարիքի մեջ լինող մարդիկ և ինչպիսի կարիքի մեջ են նրանք։ Քո բաժինը նրանց ուշադրության արժանացնելն ու սիրո հոգատարություն դրսևորելն է։
Առաջարկում եմ հենց հիմա առանձնանալ և ինքնուրույն աղոթել Տեր Աստծուն, որպեսզի Նա մեզ այսօր Իր հատուկ օրհնության գործիքը դարձնի որոշակի մարդկանց համար, և մեզ էլ հանդիպեցնի այդ մարդկանց։
Քեզ օրհնյալ և երջանիկ ընթացք եմ մաղթում այսօր մեր դժվարություններով ու կորուստներով լեցուն այս օրերի մեջ: Թող դու Քրիստոսի իրական լույսը լինես քո շրջապատի խավարի մեջ ապրող մարդկանց համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը