Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել» անվանումը։ Այսօր խոսելու ենք Տեր Աստծու խոստումներին հավատալու մասին։ Աստված Իր տիեզերական իշխանությամբ և բարձրագույն ու բացարձակ հեղինակությամբ կանգնած է Իր յուրաքանչյուր խոստման հետևում։ Անհնարին է, որ Նա որևէ բան խոստանա, և այդ խոստումը չիրականանա։ Սակայն մենք՝ Աստծուն հավատացողներս, պետք է տեսնենք ոչ միայն Տեր Աստծու Խոսքի մեջ տեղ գտած խոստումները, այլև մանրամասն ծանոթանանք այդ խոստումները ժառանգելու պայմաններին։
Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ընթերցո՞ւմ ես գրքերի Գիրք և ճշմարտության միակ բացարձակ աղբյուր Աստվածաշունչը։ Ծանո՞թ ես Տեր Աստծու հիասքանչ խոստումներին, որոնք Նա կամեցել է, որ տեղ գտնեն Սուրբ Գրքի էջերում։ Օրինակ, վերցնենք աղոթքների պատասխանների՝ շատերիս համար մեծ կարևորություն ներկայացնող խոստումները։ Կուզեի՞ր, որ քո աղոթքները պատասխանվեին։ Իհարկե, բոլորս կուզեինք։ Իսկ գիտե՞ս արդյոք պատասխանված աղոթքներ ունենալու խոստման պայմանը, որը մեզ է փոխանցում Աստվածաշունչը։
«Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու Նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» (Ա Պետրոս 3․12)։
«Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը» (Առակաց 15․29)։
«Եթե Ինձ հետ միավորված մնաք, Իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի» (Հովհաննես 15․7)։
«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2)։
https://www.bible.com/hy/bible/2329/ISA.59.1-2
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ի՞նչ են սովորեցնում մեզ վերը բերված աստվածաշնչյան հատվածները։ Դրանք հստակ փոխանցում են, որ պատասխանված աղոթք ունենալու պայմանը Տեր Աստծու առաջ ուղիղ կյանքով ապրելն է, Նրա կամքին և Խոսքի սկզբունքներին հնազանդության փափագ ունենալը և անիրավության կյանքից հեռու մնալը։
Վերոնշյալ պայմանները Տեր Աստծու բազմաթիվ խոստումներից ընդամենը մեկի՝ պատասխանված աղոթքի կյանք ունենալու խոստման իրականացմանն են վերաբերում։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։
Ինչպե՞ս է հավատքն օգնում ինձ ապրել։ Երբ հավատում ես միայն Աստծու խոստումներին, բայց չես հավատում այդ խոստումների իրականացման համար Նրա դրած պահանջներին, հիասթափվում ես, քանի որ առանց խոստման պայմանին բավարարելու ոչ մի խոստում քո կյանքում իրականություն չի դառնա։ Իսկ երբ հավատում ես Աստծու ամբողջական Խոսքին՝ խոստումներին և դրանց պայմաններին, ապա քո կյանք է գալիս Տեր Աստծու հիասքանչ խոստումների իրականացման օրհնյալ իրողությունը։
Հավատքն ինձ օգնում է իմ կյանքի ցանկացած իրավիճակում։ Պարզապես երանություն է տեսնել Աստծու անխախտ խոստումների իրականանալը, և մեծագույն ապահովություն է, երբ վստահ ես, որ դու Տիրոջ պաշտպանության և հոգածության ներքո ես ապրում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը