Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք առատաձեռնությանն ու նվիրաբերություններին նվիրված ուղերձների մեր շարքը։ Հույս ունեմ, որ ֆինանսների մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին ծանոթանալը քեզ համար նույնքան օրհնություն կլինի, որքան ֆիզիկական բժշկությունների կամ կոտրված փոխհարաբերությունների վերականգնման մասին աստվածաշնչյան ճշմարտությունների բացահայտումը։
Այսօր խոսելու եմ այն մասին, որ մենք՝ բոլորս, ունենք միմյանց կարիքը։ Աստված է այդպես արարել այս աշխարհը։ Անգամ փրկության հարցում Աստված հոգացել է Եկեղեցին՝ որպես փրկված մարդկանց փոխօգնության և միմյանց շնորհ փոխանցելու միջոց։ Ո՛չ մի մարդ միայնակ չի կարող հաղթական ընթացք ունենալ։ Մենք ունենք միմյանց կարիքը։
- Մովսեսն առաջնորդությունը փոխանցեց Հեսուին, ով իրեն օգնում էր ծառայության մեջ։
- Հռութն ընդունեց Բոոսի օգնությունը՝ իր և Նոյեմիի համար հաց հայթայթելու համար։
- Գեդեոնին երեք հարյուր մարդ օգնեց իր ժողովրդի համար փրկության հաղթանակ ապահովելու հարցում։
- Նույնիսկ Տեր Հիսուսն օգնության կարիքը ուներ, երբ ուժասպառ և անկարող էր Իր խաչը կրել մինչև Գողգոթա։ Իսկ երկրային ծառայության տարիներին Նա նաև ֆինանսական աջակցություն էր ստանում տարբեր մարդկանցից, այդ թվում նաև մի խումբ հարուստ կանանցից, ովքեր իրենց սեփական միջոցներից զոհաբերեցին Նրա և աշակերտների կարիքների համար:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչ ծառայություն էլ Աստված քեզ վստահած լինի, Նա քո կողքին մարդիկ է դնում, որոնք կաջակցեն քեզ քո առաքելությունն արդյունավետ կերպով կատարելու հարցում։ Այս հարցում ես կարող եմ վկայել, որ շատ անգամ եմ զգացել Տեր Աստծու շնորհը և օրհնված եմ իմ կողքին կանգնած ծառայողներով, ովքեր Քրիստոսի հավատարիմ ու խոնարհ աշակերտներն են։ Առանց նրանց օգնության ես անկարող կլինեի որևէ արդյունավետ ծառայություն անելու։
Քո կողքին դրված մարդիկ նույնպես Աստծուց տրված առաքելության մեջ են, և նրանց առաքելությունը քեզ օգնելն է, ինչպես քոնը՝ մյուսներին օգնելն է։ Եվ այս ամենը՝ հանուն Աստծու Արքայության ընդլայնման և կորածին որոնելու ու ապրեցնելու կարևորագույն առաքելության։
«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4.10):
Մենք ունենք միմյանց կարիքը, և Աստված է ուզում, որ դա այդպես լինի… Նա գիտի, որ մեր միաբանության մեջ զորություն կա։ Եվ եթե մենք յուրացնենք միմյանց շնորհ փոխանցելու կարևորագույն որակը, ապա, որպես Քրիստոսի աշակերտներ, շատ ավելի մեծ արդյունավետություն կունենանք այս խավար ու մութ աշխարհից հնարավորինս շատ մարդկանց դեպի Լույսի Թագավորություն առաջնորդելու գործում։
Նույնը ճշմարիտ է նաև «Քո հրաշքն ամեն օր» ծառայության պարագայում: Եթե դու օրհնվում ես մեր ամենօրյա ուղերձներով, ապա կարող ես ոչ թե միայն ունկնդիր մնալ, այլև միանալ մեր թիմին կա՛մ որպես աղոթքի ծառայող, կա՛մ որպես կանոնավոր նվիրատվություններով աջակցող ծառայող, կա՛մ որպես մեր նյութերը տարբեր սոցիալական ցանցերում և խմբերում տարածող ծառայող, կա՛մ էլ մեկ այլ կերպով, որ Տերը կդնի քո սրտին։ Մենք քո կարիքն ունենք, որպեսզի ավելի արդյունավետ կերպով ծառայենք Աստծուն, և որպեսզի շատերը քաջալերվեն, շատերի կյանքերը վերափոխվեն ու շատերը փրկվեն հավիտենական կորստի հեռանկարից: Սիրով կսպասեմ մեր թիմին միանալու քո անձնական նամակին․․․
Ե՛կ միասին գործենք հանուն Աստծո Արքայության առաջընթացի և մարդկանց հոգիների փրկության։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը