Սիրելի՛ բարեկամ, տարին նոր է սկսվել և, հավանաբար, դու քո առջև նոր նպատակներ ես դրել և փափագում ես իրագործել Աստծո ծրագրերը քո կյանքում։ Սակայն նպատակ դնելը մի բան է, իսկ այն իրագործելը՝ բացարձակապես այլ։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր իրականություն դարձնել մեր առջև դրած աստվածահաճո նպատակները։
Այսօր առաջարկում եմ միասին անդրադառնալ իսրայելացիների պատմությանը, երբ նրանք Եգիպտոսի գերության մեջ էին. «Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։ Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց Իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը» (Ելից 2․23-25):
Ինչպես Եգիպտոսում Իր ժողովրդի պարագայում, այնպես էլ քո դեպքում Աստված անսահման մեծ կարեկցանք ունի քո հանդեպ և Նա ուզում է ազատագրություն բերել քո կյանքի մեջ․
- Նա լսել է քո օգնության կանչող աղաղակը, և Նա գիտի քո կյանքի տառապանքի պատճառները։
- Նա լսում է քեզ և զգում քո ցավը։
- Նա գիտի ամեն քո իրավիճակը, որի միջով անցնում ես և գիտի նաև, թե ինչպես կարող է օգնել քեզ:
Ի՞նչն է քեզ տանջող խնդիրը։ Ի՞նչ է ամենից շատ ստիպում, որ տառապես։ Ի՞նչն է քեզ անհանգստացնում և, հնարավոր է, նաև հեռու է պահում քեզ քո կյանքում Աստծու օրհնության և ազատագրության ծրագրերի իրականացումից։ Ինչ էլ որ լինի քո խնդիրը, որքան էլ այն մեծ ու անհաղթահարելի թվա քեզ այսօր, հիշի՛ր, որ ոչինչն իրավունք չունի քեզ զրկելու այն մեծ ազատությունից, որի համար Տեր Հիսուսը մահացավ Գողգոթայի խաչի վրա:
Առաջիկա յոթ օրերին մենք միասին զրուցելու ենք Աստծու խոստումների ժառանգության մեջ մտնելու քո քայլերի մասին։ Եվ ահա առաջին քայլը, որը կօգնի քեզ մուտք գործել քեզ համար պատրաստված Տեր Աստծու հրաշալի կյանքի մեջ։
Խոսի՛ր Աստծո հետ: Քո դժվարությունների ու խնդիրների մեջ աղաղակի՛ր Նրան: Ասա՛ Նրան քո կարիքի մասին և վստահի՛ր Նրա հոգատարությանն ու Իր զավակի հանդեպ կարեկցանքի գերբնական դրսևորումներին:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, ապա վստահաբար կարող եմ ասել, որ Աստված դարձել է քո կյանքի բոլոր ծրագրերի Ճարտարապետը: Դժվարությունները, որոնց միջով դու անցնում ես, ժամանակավոր են։ Աստված անգամ դրանք է քո բարիքի համար օգտագործելու։ Քո երկնային Հայրը անտարբեր չէ քո վշտի և արցունքների հանդեպ: Նա ե՛լք է ապահովել քեզ համար։ Վստահի՛ր Նրան, և Նա զորավոր կերպով կգործի քո կյանքում: Հնազանդվի՛ր Նրա Խոսքին և սիրի՛ր Նրա կամքը, ու Նա կբացի քո կյանքի օրհնության և ազատության դարպասները:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը