Ուզում եմ քեզ հետ այսօր խոսել հուսահատության մասին։ Այսօր մենք և մեր երկիրը, թերևս, ամենաշատը հույսի կարիք ունենք։ Ես ինքս շատ անգամ եմ ընկել հուսահատության մեջ, սակայն կարողացել եմ հաղթահարել այն Տեր Հիսուսի օգնության շնորհիվ։
Սիրելի՛ բարեկամ, օրինակ, ես բազմիցս ցանկացել եմ թողնել այն, ինչը սկսել եմ: Հուսալքությունը շատ անգամ է գրեթե հաղթել ինձ։ Այդ պահերին ինքս ինձ հետ խոսում էի և ասում. «Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Մի՞թե Դու չես տեսնում այս դժվարություններն ու անարդարությունները, Տե՛ր»: Սակայն այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Աստվածաշնչի մի հատվածով, որը շատ եմ սիրում և որն իսկապես քաջալերել և այսօր էլ քաջալերում է ինձ:
Դա Սաղմոս 1:1-3 հատվածն է․ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան»:
Գիտե՞ս արդյոք, որ Աստծու Խոսքում մենք կարող ենք գտնել բազմաթիվ տղամարդկանց և կանանց օրինակներ, որոնք նույնպես հուսահատվել են, ցանկացել են թողնել իրենց ընթացքը և հրաժարվել ամեն ինչից:
Այդ օրինակներից մեկն էլ Եղիան է՝ Աստծո մեծ մարգարեն: Չար Հեզաբելի մեղադրանքների և սպառնալիքների լուրը ստանալուց հետո Եղիան խնդրեց Աստծուն, որ Նա վերցնի իր կյանքը: Եղիան ամբողջ էությամբ մահ էր փափագում (Գ Թագավորաց 19.2-8)։
Իրականում, հաղթանակի բանալին այն է, որ նման դեպքերում ոչ թե կանգ ենք առնում, այլ համառորեն շարունակում ենք առաջ ընթանալ։ Աստծո հրեշտակը Եղիային «ստիպեց» կերակուր ուտել, և այդ սննդի միջոցով ստացած ուժի շնորհիվ նա ոտքի կանգնեց ու կրկին քայլեց առաջ: Եվ այն էլ ինչպես քայլեց՝ 40 օր ու 40 գիշեր դեպի Աստծո սարը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես հավատում եմ, որ պատահական չի, որ ընթերցում ես այս ուղերձը, և սրտումս համոզված եմ, որ շատ մոտ ես քո կյանքի բեկումնային պահին, քո օրհնությանն ու Տեր Աստծու գերբնական միջամտությանը։ Ինչ-որ մեկն ասել է․ «Ճեղքի՛ր իրավիճակը և կտեսնե՛ս ելքը»:
Այսօր ուզում եմ քաջալերել քեզ, որ երբեք չթուլանա՛ս, չկանգնե՛ս և, հատկապես, չկանգնե՛ս մեղավորների ճանապարհի վրա։ Թուլանալն ու մեղքի ուղին բռնելը տրտմություն ու դառնություն կբերեն քո կյանք և, ի վերջո, կկործանեն քեզ: Այնպես որ, նույնիսկ եթե ճշմարտության ու սրբության ճանապարհը շատ նեղ ու դժվարին է, շարունակի՛ր քայլել այդ ճանապարհով: Վաղ թե ուշ դու կհանդիպես քո օրհնությանը, եթե հավատարիմ մնաս ու չթուլանաս։
Թույլ կտա՞ս աղոթել քեզ համար այս աղոթքով։ «Տե՛ր, ես Քո առջև եմ բերում Քո թանկագին զավակին, որը կարդում է այս տողերը։ Խնդրում եմ, որ բարձրացնես նրան, լցնես նոր ուժով ու նոր հույսով: Թող Քո ուրախությունը լինի նրա զորությունը: Զորացրու Քո զավակին, որպեսզի նա հարատևի Քեզ հետ հարաբերության, Քո սահմանած ծրագրերի և Քո նախանշած ճանապարհների մեջ: Աղոթում եմ և խնդրում Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը