Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսին իմ ծառայության կարևոր բաժիններից մեկը ծանր վիճակներում հայտնված մարդկանց հոգևոր խորհրդատվությամբ օգնելն է։ Հուսահատության մեջ հայտնված այս հրաշալի մարդկանց հետ զրուցելիս հաճախ եմ հանդիպում նման արտահայտությունների․ «Ես զգում եմ, որ առաջ չեմ գնում», «Իմ ամենամեծ դժվարությունն իմ անձնական կյանքում տեղում դոփելն է», «Ես գիտեմ, որ հոգևոր կյանքում այլևս չեմ աճում», «Աղոթեք ինձ համար․․․ ես ուզում եմ Աստծո հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք նախկինում ունեի», «Կարծես թե իմ ծրագրերը մշտապես փակուղի են մտնում, և ես պարզապես ուզում եմ, որ Աստված ցույց տա առաջ գնալու ճանապարհը» և այլն: Ես իսկապես հասկանում եմ նման հուսահատության մեջ հայտնված մարդկանց և իմ անձնական փորձից գիտեմ այս հիասթափությունների ծանրության ճնշող ազդեցությունը:
Առաջիկա օրերին ուզում եմ քեզ հետ կիսվել մի քանի բանալիներով, որոնք կօգնեն քեզ հավատքի կյանքում առաջ շարժվելու, ինչպես նաև կյանքիդ այլ ոլորտներում փակուղուց դուրս գալու հարցերում։ Ուղերձների այս շարքը վերնագրել եմ «Ինչպե՞ս դառնալ անկասելի ծառայող՝ հանուն Աստծո »։
Ծանո՞թ ես արդյոք այս զորավոր աստվածաշնչյան խոսքին․ «Քանզի Քեզնով կարող եմ զորագնդի դեմ կանգնել և իմ Աստծով կանցնեմ պարսպից» (Բ Թագավորաց 22․30):
Այս խոսքերի հեղինակը Դավիթ թագավորն է։ Նա սովորական մի գառնարած էր, ով դարձավ Իսրայելի թագավորը: Նրա կյանքն ու ճակատագիրը տարիներ շարունակ կարծես փակուղու հասած լինեին: Նա նույնպես խորը հուսահատությունների ու հիասթափությունների ընթացքով անցավ։
Հետաքրքիր է, որ Դավիթը թագավոր օծվելուց հետո ոչ թե սկսեց թագավորել, այլ վերադարձավ գառնարածի իր գործին։ Ըստ որոշ հաշվարկների՝ նա մոտ 30 տարի անց միայն գահ բարձրացավ և սկսեց կառավարել երկիրը։ Այդ ողջ ընթացքում նրա կյանքն ասես փակուղում հայտնված լիներ։ Շատերն էին կարծում, թե Դավիթը երբեք չէր կարողանալու դառնալ այն մեկը, որ կանխատեսել էր Աստված, սակայն, հակառակ բոլոր կարծիքների, նա դարձավ Իսրայելի ամենազորեղ թագավորը։
Տեր Աստծու ծրագիրը Դավիթի կյանքում իրականություն դարձավ: Ի՞նչն էր գաղտնիքը։ Հավատում եմ, որ բանալին վերը բերված հատվածում տեղ գտած մեկ բառի մեջ է՝ «Քեզնով»։ Դավիթը ոչինչ չարեց «առանց» Աստծու: Նա հասկանում էր, որ ամեն ինչ պետք է անի Աստծու հետ և Աստծու համար: Ահա թե ինչ է նա ասում Սաղմոս 108․13 խոսքում․ «Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին»։
Դավիթն աղոթքի ու երկրպագության մարդ էր։ Նա իր ամբողջ սրտով փափագում ու փնտրում էր Տիրոջ աստվածային ներկայությունը:
Քո կյանքում ոչ մի բան չի կարող փոխարինել Աստծո հետ մտերիմ, խորը և իրական հարաբերությունների արդյունքում ընդունած զորությանն ու ամրությանը: Եվ եթե փորձենք մեկ արտահայտության մեջ ամփոփել քրիստոնեական կյանքում փակուղուց դուրս գալու առաջին բանալին, ապա այն կարելի է այսպես ձևակերպել. «Աստծու հետ և հանուն Աստծու»:
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր քաջալերում եմ քեզ, որ հրավիրես Աստծուն քեզ հետ լինելու քո բոլոր ծրագրերի մեջ, քո ձեռնարկների և քո կայացրած բոլոր որոշումների մեջ: Հրավիրի՛ր Աստծուն լինելու քեզ հետ քո աշխատանքի մեջ, քո տան, քո բոլոր գործերի մեջ, նույնիսկ ամենապարզ ու հասարակ ձեռնարկների մեջ։ Գործնական առումով դա նշանակում է ամեն բան անել Նրա կամքի համաձայն՝ Նրան փառավորելով և Նրա Արքայության շահը փնտրելով։
Հիշի՛ր՝ փակուղուց դուրս գալու առաջին բանալին «Աստծու հետ և հանուն Աստծու» մոտեցումն է։ Եթե սովորես այն կիրառել քո առօրյա որոշումների ու վարքագծի մեջ, ապա քեզ սպասում է ոչ միայն լիակատար ազատագրում քո ճնշող մտքերից, այլև՝ հաղթանակների զորավոր ընթացք։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը