Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն» վերնագիրը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր վերջին ժամանակների մասին և ուսուցանում, որ մեծագույն աղետներ են սպասում մարդկությանը, քանի որ Աստծուն մերժողները բախվելու են Աստծու բարկության ահեղ դրսևորումներին։ Նա Իր հավատարիմ աշակերտներին զգուշացնում էր, որ ամեն բան շատ վատ է լինելու, սակայն կա՛ փրկության ճանապարհ, որը բաց է բոլորի համար։
Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու բարկությունը գալու է մարդկանց մեղքի ու Աստծու դեմ ապստամբության պատճառով։ Իսկ Աստծու բարկությունից խուսափելու և Նրա բարեհաճությանն արժանանալու ուղին Աստծու կամքի հանդեպ մարդու վերաբերմունքի փոփոխությունն է։ Այդ փոփոխված վերաբերմունքն ու նորոգված մտածելակերպը կոչվում է ապաշխարություն։ Ապաշխարությունը մարդու արժեհամակարգի և աշխարհընկալման արմատական փոփոխությունն է։
Եթե մինչև իրական ապաշխարությունը մարդն իր կյանքն ապրում էր ըստ սեփական պատկերացումների, ապա ապաշխարությունից հետո սկսում է վստահել Աստծու Խոսքին և ողջ սրտով փափագում է հնազանդվել բացարձակ ճշմարտության միակ աղբյուր Աստվածաշնչի միջոցով մեզ փոխանցված Տեր Աստծու կամքին։
Ի՞նչ կլիներ, եթե ջրհեղեղից առաջ մարդիկ հավատային Նոյի զգուշացումներին։ Ի՞նչ կլիներ, եթե Սոդոմի կործանումից առաջ մարդիկ հավատային Ղովտի զգուշացումներին։ Նրանք կթողնեին ամեն բան և կլսեին իրենց զգուշացնողների ցուցումներին։ Ինչո՞վ կարող ես համոզված լինել, որ հավատում ես աշխարհի վերջին նախապատրաստվելու՝ Աստվածաշնչի փոխանցած ցուցումներին։ Արդյոք պատրա՞ստ ես թողնելու աշխարհի սկզբունքներով ու չափանիշներով սահմանվող քո ապրելակերպը և ապրելու մի կյանք, որը համահունչ է Տեր Հիսուսի ուսուցումներին ու Նրա ունեցած ակնկալիքներին։
«Տերը խոստումը չի ուշացնի, ինչպես ոմանք կարծում են, թե ուշացնում է, այլ մեր նկատմամբ համբերատար է, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ բոլորն էլ ապաշխարության գան։ Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Քանի որ այս ամենը պիտի քանդվի, դուք սուրբ և աստվածապաշտ վարքի մեջ ինչպիսի՞ն պիտի լինեք՝ սպասելով և ջանալով հասնել Տիրոջ գալստյան օրվան, երբ երկինքը կրակով բռնված պիտի քանդվի, և երկնային մարմինները հրկիզվելով պիտի լուծվեն» (Բ Պետրոս 3․9-12):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Սուրբ Հոգին Աստվածաշնչի մեջ մեզ ցույց է տալիս փրկության ճանապարհը՝ սուրբ և աստվածապաշտ վարքը, որը հավատքի կյանքի ապացույցն է։ Առանց հավատքի չկա փրկություն։ Առանց սուրբ և աստվածապաշտ կյանքի չկա հավատք, և նման կյանքով ապրող մարդկանց սպասում է Աստծու բարկության ահավոր իրականությունը։
Եվ այս ամենը գիտի Աստված, որ Իր զավակների միջոցով զգուշացնում է մարդկությանը և հորդորում օգտվել Քրիստոսի զոհի շնորհիվ բացված փրկության հնարավորությունից։ Այս մասին գիտի նաև Աստծու թշնամին, որն իր ծառաների միջոցով ծաղր ու կեղծ սփոփանք է տարածում մարդկանց մեջ՝ համոզելով, որ այդ ամենը կատակի պես է, և ոչ մի վատ բան էլ չի գալու մարդկության վրա։
Սատանան ասում է․ «Մի՛ մտահոգվեք, ամեն բան լավ է լինելու։ Դեռ կհասցնեք ապաշխարել»։ Աստված ասում է․ ««Լավ չի՛ լինելու, բայց կա՛ փրկություն։ Քանի դեռ կա հնարավորություն, օգտվե՛ք Իմ Որդու բացած փրկության ճանապարհից։ Ապաշխարե՛ք և հեռացե՛ք չար ուղիներից։ Ապրե՛ք սուրբ և աստվածապաշտ կյանքով, և կունենաք Իմ պաշտպանությունն ու ողջ բարեհաճությունը»։ Ո՞ւմ ձայնին ենք մենք լսում։ Ո՞ւմ խոսքերին ենք հավատում։ Կեղծ սփոփանքը մոլորեցնողների ստության զենքն է․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը