May-12 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ծոմ, աղոթք և խոստովանություն

Ծոմ, աղոթք և խոստովանություն

Այսօր ավարտում ենք «Դասեր Դանիելի մարգարեությունից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հույս ունեմ, որ այն օրհնություն էր քեզ համար և խորհելու, ապաշխարության և հոգևոր ընթացքի մեջ շտկվելու շատ առիթներ քեզ փոխանցեց։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ մենք անդրադառնալու ենք ծոմի, աղոթքի և խոստովանության թեմային։ Դանիելն իր սրտում խորը անհանգստություն ուներ իր ժողովրդի համար։ Նա որոշեց ծոմով ու աղոթքով գալ Տեր Աստծու առաջ և խնդրել իր ժողովրդի՝ գերությունից ազատագրության համար։

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ունե՞ս ծոմի ու աղոթքի փորձառությունը։ Դու վարժեցնո՞ւմ ես քեզ ծոմապահության, Տեր Աստծուն աղաչանք մատուցելու և մյուսների համար բարեխոսելու աստվածահաճո ընթացքի մեջ։ Դանիելը ծոմ էր պահում և աղոթում։ Դանիելը խոստովանում էր իր հայրերի ու ժողովրդի մեղքերը։ Դանիելը աղաչում էր Տեր Աստծուն, որ ների իր ժողովրդի մեղքերը և ողորմություն անի նրանց՝ ազատելով Բաբելոնի գերությունից։ Այս աղոթքն ու ծոմապահությունն այնքա՜ն հաճելի էին Աստծուն, որ Տերը Գաբրիել հրեշտակին ուղարկեց, որ անձամբ փոխանցի Տեր Աստծու պատասխանը նրա աղոթքին։

«Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում. և մինչ ես աղոթում էի, երբ այդ մարդը՝ Գաբրիելը, որին տեսել էի առաջին տեսիլքի մեջ՝ սրընթաց թռիչքով, երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ» (Դանիել 9․20-21):

Դանիելի բարձր դիրքը թագավորության մեջ նրան չէր հպարտացրել։ Նա մշտապես ծոմի և աղոթքի փորձառության մեջ էր։ Ծոմը խոնարհեցնում է մարդուն, քանի որ ճնշում է մարդու մեջ մարմնավոր ձգտումները և ցածրացնում մարդու ես-ի նկրտումները։ Իսկ աղոթքը հաղորդակցություն է Տեր Աստծու հետ և նույնպես խոնարհեցնում է մարդուն, եթե մարդն աղոթքի մեջ գիտակցում է Տեր Աստծու մեծությունը, փառահեղությունը և գերիշխանությունը։ Որքան էլ աղոթողը մարդկանց մեջ բարձր դիրք ու նվաճումներ ունենա, աղոթքի մեջ նա հասկանում է իր փոքրությունը և առանց Աստծու իրականության ողջ ունայնությունը։ 

Ահա թե ինչ խոսքերով է դիմում Գաբրիել հրեշտակը Դանիելին․ «Ո՛վ Դանիել, հիմա եկա, որպեսզի քեզ խելամտություն և հասկացողություն պարգևեմ։ Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը» (Դանիել 9․22-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնես Դանիելին ուղղված այս գնահատականին՝  «Դու սիրելի ես.․․»։ Երբևէ խորհե՞լ ես այն մասին, թե ինչն էր Դանելին Տեր Աստծու մոտ դարձրել սիրելի։ Դանիելի կյանքի ո՞ր որակներն էին նրան Տեր Աստծու համար հաճելի ու ցանկալի մարդ դարձրել։ 

Խոնարհություն, հեզություն, հավատարմություն, նվիրում, քաջություն, սեր ու կարեկցանք մյուսների հանդեպ, ներողամտություն, ողորմածություն, հիշաչարության բացակայություն, ընկերասիրություն և այլ աստվածահաճո որակներ։ Եթե ուշադիր դիտարկենք այս հատկանիշները, ապա կբացահայտենք, որ դրանք բնութագրում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Դանիելի մեջ այս որակների առկայությունն էր, որ նրան սիրելի ու հաճելի էր դարձրել Տեր Աստծու մոտ։ 

Այն, ինչը Դանիելին դարձրեց Աստծուն հաճելի մարդ, հասանելի է նաև քեզ։ Այսօր քաջալերում եմ քեզ, որ քո կյանքի անբաժան մասը դարձնես աղոթքի ու ծոմապահության փորձառությունը։ Հորդորում եմ քեզ, որ ուրանաս քո անձը և ընտրես խոնարհության ճանապարհը։ Մի՛ մտիր այս աշխարհի մրցակցության ընթացքի մեջ ո՛չ քո շրջապատում և ո՛չ էլ եկեղեցական ծառայությունների մեջ։ Քո ընթացքը հանձնի՛ր Աստծուն և ապրի՛ր Նրա սիրտն ուրախացնելու փափագով, որը Տեր Հիսուսին նմանվելն է թե՛ մեր խոսքերի, թե՛ գործերի և թե՛ մարդկանց ու Աստծու հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: