Սիրելի՛ բարեկամ, ողջ Աստվածաշնչով մեկ մենք հանդիպում ենք բազմաթիվ դրվագների, երբ Աստված խոսում է Իր ժողովրդի հետ Իր մարգարեների միջոցով:
Եսայիան մարգարեանում էր Տեր Հիսուսի գալստյան մասին, ինչպես նաև այն փրկագնման մասին, որը պետք է տեղի ունենար Եսայիայի կյանքի տարիներից հարյուրամյակներ հետո։ Մարգարեն մեզ տալիս է մի կարևոր տեղեկություն Տեր Հիսուսի մասին. «Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին, իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի և զորության Հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգին» (Եսայիա 11․2):
Սա նշանակում է, որ Տեր Հիսուսը շարունակաբար ներշնչվելու էր Սուրբ Հոգուց՝ միշտ զգայուն մնալով Նրա ձայնի և ուղղորդման հանդեպ: Եվ դա հենց այն է, ինչը կարդում ենք ավետարաններում. Երկրի վրա Հիսուսի յուրաքանչյուր գործողություն և որոշում կատարյալ էր և Աստծո Հոգուց ներշնչված:
Իսկ այժմ ամենացնցող ճշմարտությունը․ եթե դու ընդունել ես Քրիստոսին որպես քո կյանքի Տեր և Փրկիչ, եթե հավատացել ես Նրան և որոշում ես կայացրել այլևս չապրել աշխարհի չափանիշներով, այլ որպես Քրիստոսի աշակերտ ընդունել ես Նրա ուսուցանած սկզբունքներն ու դավանած արժեհամակարգը, ապա Աստծո Սուրբ Հոգին նաև քո մեջ է բնակվում։ (Ընթերցի՛ր Ա Կորնթացիս 3.16 խոսքը)։
Սուրբ Հոգու ձայնը կարող է քո ներսում արձագանքել պարզապես լուսավոր մի մտքի տեսքով։ Երբ Սուրբ Հոգին է խոսում, ապա Նա․․․
- Քաջալերում է քեզ:
- Մխիթարում է։
- Իմաստություն է տալիս խնդիրներիդ լուծման և խոչընդոտների հաղթահարման համար։
- Հանդիմանում է քեզ մեղքի համար և մղում սրբության կյանքի։
- Չի ճնշում, այլ ընկած վիճակից ոտքի է կանգնեցնում։
- Մղում է մյուսների հետ հաշտության և սովորեցնում է ներել։
- Դարձնում է քեզ զիջող և սովորեցնում խոնարհության կյանք ապրել։
- Եվ այլ նմանատիպ ուղղորդումներ, որոնք քեզ տանում են դեպի մարդկանց ու ինքդ քեզ հետ խաղաղության և Աստծո հետ հաշտության կյանքը։
Ինձ շատ են հարցնում մարդիկ, թե ինչպե՞ս կարող է մարդը տարբերել, երբ Սուրբ Հոգին է խոսում իր հետ:
Սուրբ Հոգու ձայնը երբե՛ք չի ճնշում մարդուն։ Այն ցույց է տալիս ազատության և խաղաղության ուղին։ Անգամ Սուրբ Հոգու հանդիմանությունները իրենց մեջ մխիթարություն և վերականգնում են պարունակում։ Սուրբ Հոգու զգուշացումները երբե՛ք բացասական վախեր ու սարսափներ չեն ծնում։ Դա չարի ուղարկած մտքերն են։ Սուրբ Հոգին կարող է ցույց տալ, որ մենք կործանման ուղու վրա ենք, բայց այդ անելով՝ Նա մեզ Իր հոգատարությունն է ցույց տալիս, քանի որ ուզում է, որպեսզի հետ դառնանք դեպի կյանք տանող ճանապարհը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այնքա՜ն հրաշալի կլինի, եթե սովորես ավելի զգայուն, ընկալունակ և ուշադիր լինել Սուրբ Հոգու ձայնի հանդեպ: Նա քո մեջ է բնակվում՝ քեզ շատ մոտ և ուզում է առաջնորդել քեզ դեպի ուրախության և խաղաղության կյանքը, դեպի հաղթանակներ ու հոգևոր հասունություն, ինչպես նաև ուզում է, որպեսզի դու շրջանցես չարի լարած բոլոր որոգայթներն ու ճանաչես իրական ճշմարտությունը այս կյանքի և Աստծո սիրող ու հոգատար էության մասին։
Ուզում եմ, որ դու այսօր Նրանից «իմաստություն և հասկացողություն, գիտելիք և Տիրոջ երկյուղն» ընդունես։ Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Սուրբ Հոգի, ես բացում եմ իմ սիրտը քո առջև։ Սովորեցրու ինձ մտերմանալ Քեզ հետ, լսել Քո ուղղորդումներն ու հնազանդվել քո առաջնորդություններին։ Սովորեցրո՛ւ ինձ չտրտմեցնել Քեզ, այլ իմ որոշումներով ու արարքներով ուրախացնել Քո սիրտը։ Եվ սովորեցրո՛ւ նաև աղոթքի մեջ լռել, որպեսզի լսեմ քո քաջալերող ու մխիթարող ձայնը։ Ես ուզում եմ սովորել լսել Քեզ և առաջնորդվել Քո կողմից իմ կյանքի բոլոր բնագավառներում և ցանկացած իրավիճակում: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը