July-3

Գլխավոր | Հրաշքներ | Իսկ եթե դպրոցը մի ամբողջ կյանք տևի․․․

Իսկ եթե դպրոցը մի ամբողջ կյանք տևի․․․

Սիրելի՛ բարեկամ, երբ ես նոր էի ապաշխարել և կյանքս նվիրել հանուն Քրիստոսի ապրելուն, մեծ փափագ կար իմ սրտում իմ Տիրոջ մասին ավելի շատ բաներ սովորելու։ Այդ փափագը ինձ մղում էր տարբեր գրքեր ընթերցելու, քարոզները թուղթ ու գրիչով լսելու, ինչն օգնում էր ինձ նշումներ կատարելու և ստացած հայտնություններս գրի առնելու հարցում։ Եվ, որքան էլ զարամանալի թվա, այդ ժամանակներից արդեն քսանմեկ տարի անց հավատքի և Աստծո կամքի մասին նորանոր բաներ սովորելու փափագը ինձ մոտ աճում է և ոչ թե պակասում։ 

Աստվածաշունչը գիտելիքի անսպառ աղբյուր է։ Այն մարդու ճիշտ կյանքի և արդյունավետ կենսագործունեության միակ ճշմարիտ ուղեցույցն է։ Աստվածաշնչում սկզբունքներ և օրենքներ կան, որոնց կիրառությունը բժշկել է իմ կյանքի բազմաթիվ ոլորտներ, որոնցում ես միշտ ձախողվում էի։ Օրինակ, ես հրաշալի կյանքի դասեր եմ ստացել ներման, ֆինանսների, առողջության, եկեղեցական կյանքի, առաջնորդության, հարաբերությունների, ավետարանչության և շատ այլ ոլորտներում։ 

Աստվածաշունչը մեր կյանքի դասագիրքն է։ Կարևոր է քրիստոնյաների Սուրբ Գրքի հետ մտերմություն ունենալը։ Սակայն Աստվածաշնչի լավ ուսուցիչ գտնելը ոչ պակաս կարևոր է մեր հոգևոր աճի և հասունության համար։ Մեր հոգևոր առաջնորդներն իրենց ապրած օրինակով, ուսուցիչներն ու քարոզիչները՝ իրենց ուսուցումներով և փոխանցած գիտելիքով, ինչպես նաև հավատացյալ քույրերի ու եղբայրների հետ Աստծո Խոսքի հայտնությունների քննարկումները կարևոր բաժիններ են Քրիստոսի աշակերտների ուսուցման ընթացքի մեջ։ 

Աստված հոգացել է նաև, որ հրաշալի տեսանյութերը, աուդիո դասընթացներն ու գրքերը օգնեն մեզ մեր կյանքի ոլորտները տեսնել ոչ թե այս աշխարհի սկզբունքների ու տրամաբանության լույսի ներքո, այլ Աստվածաշնչի լույսի, որը բժշկարար ներգործություն է թողնում ցանկացած ոլորտի մեջ, որտեղ թույլ ենք տալիս, որ այն ներթափանցի։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչո՞ւ ինքդ քեզ զրկես աստվածային իմաստություն ձեռք բերելու այսպիսի հրաշալի առիթներից։ Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ Աստված հոգացել է և շնորհել մեզ « կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ․․․» ‭‭(Բ Պետրոս 1․3‬)։
Աստված ամեն բան հոգացել է մեր հոգևոր աճի, ինչպես նաև կյանքի ու աստվածապաշտության համար անհրաժեշտ բոլոր գիտելիքների հասանելիության համար։ Ես ինքս սովորելու սիրահար եմ, և ինձ համար մեծ պատիվ է սովորել այնպիսի մարդկանցից, ովքեր իրենց կյանքը ներդրել են Աստծո համար, իսկ Աստված էլ Իր հերթին մեծապես ազդել է նրանց կյանքի վրա։ Այսպիսի օրինակներն ու նրանց մասին գրքերը և տեսանյութերը մե՜ծ օրհնություն են ինձ համար։ Ես այսօր էլ շարունակում եմ սովորել գրքերից ու հոգևոր հերոսների կյանքի դասերից։ Սակայն պետք է նաև անկեղծորեն խոստովանեմ, որ դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել Աստվածաշնչի և Աստվածաշնչի փոխանցած դասերի հետ։

Եվ վերջում ուզում եմ խոսել հոգևոր կյանքի դպրոցի մեկ ուրիշ կարևոր բաղադրիչի մասին. «Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով» ‭‭(Եփեսացիս 4.11-13‬)։

Աստված Իր իմաստությամբ գիտեր, որ ոչ մի մարդ չի կարող միայնակ հավատացյալ լինել ու կայուն աճ ունենալ, եթե հաղորդակցության մեջ չլինի մյուս հավատացյալների հետ։ Նա Իր բոլոր աշակերտների համար դպրոց ու դասարաններ է պատրաստել։ Խոսքն, իհարկե, Եկեղեցու մասին է։ Եվ Տերն Իր անսահման իմաստությամբ այդ դպրոցում ու դպրոցի դասարաններում ուսուցիչներ և մարզիչներ է դրել։ Այո՛ Նա՛ է այդ ամենի հեղինակը, և հենց Աստծո կամքն է, որ դու մաս կազմես Աստվածաշնչի հիմքի վրա գործող և ուսուցանող տեղական որևէ եկեղեցու։ 

Բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենց տանն էլ կարող են Քրիստոսի աշակերտը լինել և մերժում են եկեղեցու ու մեկտեղ հավաքվելու գաղափարը, իրականում, մերժում են հե՛նց Տեր Աստծո դրած կարգը։ Տերը Եկեղեցին և եկեղեցու ծառայողներին դրել է, որպեսզի նրանց ծառայության շնորհիվ բարձրացնի, զորացնի ու ամրացնի Իր թանկ ու սիրելի զավակներին։ 

Եթե դու հավատացել ես Տեր Հիսուսի Քրիստոսին և ինձ նման որոշել ես ապրել հանուն Նրա և Նրա երկրային առաքելության շարունակման, ապա դու էլ այս հսկայական և հրաշալի ընտանիքի մի մասնիկն ես։ Եվ իմ աղոթքն է, որ դու, նույնպես, գտնե՛ս քեզ տրված Աստծո շնորհը, դառնաս սովորելու փափագ ունեցող աշակերտ և կարողանաս կիրառել ու օգտագործել գիտելիքներդ ի շահ երկրի վրա Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու ամրացման և կորսված հոգիների փրկության։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: