Սիրելի՛ բարեկամ, ընդհանուր առմամբ, երբ մենք փնտրում ենք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին, դա անում ենք, քանի որ այդ բանի կամ փնտրվող մեկի կարիքն ենք զգում: Կարիքն է մեզ ստիպում փնտրել։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր մարդ բնական ձգտում ունի փնտրելու․
- Իր ապագա կողակցին,
- Երջանկությունը,
- Իր առջև առկա խնդրի լուծումը,
- Հաջողվելու համար անհրաժեշտ գաղափարները և այլն…
Սակայն փնտրելը, ցավոք, միշտ չէ, որ պսակվում է գտնելով: Կարող է պատահել, որ մենք սխալ ենք փնտրում… չենք փնտրում ճիշտ բաներ կամ ճիշտ մարդկանց, ճիշտ տեղում կամ ճիշտ կերպով: Ոմանք անգամ ընկնում են սնահավատության ու ճակատագրապաշտության ծուղակը և հավատում, թե «որքան շատ փնտրես, այնքան քիչ կգտնես»:
Աստծո մոտ այս սկզբունքը ճիշտ հակառակն է. «Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․13)։
Իսկապես, եթե դու փնտրես Աստծուն, Նա կհայտնի քեզ Իրեն: Որքան շատ ես մոտենում Նրան, Նա այնքան ավելի է մոտենում քեզ (տե՛ս Հակոբոս 4․8 խոսքը)։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստվածաշունչն ասում է, որ Աստված ուզում է, որ դու գտնես Իրեն: Նա կդրսևորի Իր անզուգական սերը և կբացահայտի այն սքանչելի ծրագիրը, որը Նա ունի քո կյանքի համար: Դու կհասկանաս, որ Նրա մեջ կա այն ամենը, ինչը փնտրում ես: Նա ունի քո բոլոր հարցերի պատասխանները, քանի որ հենց Նա Ինքն է պատասխանը:
Փորձի՛ր վեր կանգնել քո մարդկային անկատար տրամաբանությունից այն կողմ և քեզ նվիրի՛ր Աստծո մասին խորը, մտերիմ և անզուգական գիտելիքը փնտրելուն: Գործի դի՛ր քո հավատքը: Փնտրի՛ր Նրան ավելի, քան որևէ բան այս աշխարհում… և վստահեցնում եմ քեզ, որ երբե՛ք չես հիասթափվի:
Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես գիտակցում եմ, թե որքա՜ն կարևոր է Քո երեսը փնտրելը: Դա իմ փափագն է և իմ որոշումը։ Ես ուզում եմ միշտ շարունակել Քեզ փնտրելը: Ես ուզում եմ, որ դա դառնա իմ ամենօրյա սովորությունը, որպեսզի ես ամեն օր ավելի ու ավելի մոտենամ Քեզ: Խնդրում եմ՝ բացահայտիր ինձ համար Քո սիրո խորքերը և Քո կատարյալ ծրագրերը, որոնք ունես իմ կյանքի համար: Խնդրում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը