Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ասացվածքներ, որոնք վերցված են Աստվածաշնչից» անվանումը։ Այսօրվա ասացվածքը, որը մեր ժողովուրդը վերցրել է անխախտ ճշմարտության և անխափան հոգևոր օրենքների շտեմարան Աստվածաշնչից, հետևյալն է՝ «Ինչ ցանես, այն էլ կհնձես»։
Սիրելի՛ բարեկամ, մարդուն կարող է կասկածելի թվալ, թե ինչ մեծ հոգևոր հայտնություն կարող է լինել ցանելու ու հնձելու գյուղատնտեսական օրենքի մեջ։ Աստված կարգ է դրել, և սերմը բույս է դառնում ու պտուղ տալիս։ Սակայն հոգևոր առումով սա մի կարևորագույն օրենք է, որի իմացությունը մարդուն կարող է պահել բազում չարիքներից և տանել դեպի օրհնության առատությունն ու Աստծու բարեհաճությունը։
«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի» (Գաղատացիս 6.7):
Կրկին մենք տեսնում ենք Աստվածաշնչի զգուշացումը՝ «Մի՛ խաբվեք.․․»։ Սա նշանակում է, որ մարդը հակված է ինքն իրեն խաբելուն։ Ինչպե՞ս է դա դրսևորվում։ Մարդը կարող է մտածել, որ չի հնձի այն, ինչը ցանում է։ Իսկ ի՞նչ ենք մենք ցանում։ Եթե մենք մեր խոսքերով ու վերաբերմունքով ցանում ենք չարիք ու ատելություն, անհնարին է, որ հնձենք բարիք ու սեր։ Եթե ցանում ենք նախանձ ու բամբասանք, անհնարին է, որ հնձենք հակառակը։
Աստծու Խոսքը ո՛չ միայն զգուշացնում է, որպեսզի մենք ինքներս մեզ չխաբենք այս հարցում, այլև ավելացնում «Աստված չի ծաղրվի» խոսքերը։ Դա նշանակում է, որ Տերը հատուկ հետևում է, որպեսզի յուրաքանչյուր մարդու կյանքում գործի ցանելու և հնձելու հոգևոր օրենքը։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք գիտենք, որ մարդու կյանքում ցանածը վերադառնում է բազմապատիկ կերպով։ Երբ մենք ցորենի սերմ ենք ցանում, հնձում ենք ոչ թե հատիկը, այլ հատիկներով լեցուն հասկը։ Այս սկզբունքը ճշմարիտ է թե՛ դրական իմաստով և թե՛ բացասական։ Մեր ցանածը մեզ է վերադառնում բազմապատկված։ Որքա՜ն կարևոր է զգուշությամբ հետևել նրան, թե ի՛նչ ենք ցանում մեր և մյուսների կյանքերում։
«Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն․․․» (Ովսեե 8․7):
Իսկ ի՞նչ է լինում այն բոլոր չար ու պիղծ սերմերի հետ, որոնք մենք արդեն իսկ ցանել ենք մեր և մյուսների կյանքում։ Արդյոք ես և դու բազմապատիկ կերպով հնձելո՞ւ ենք այն բոլոր չար սերմերը, որոնք ցանել ենք մեր անգիտության և Քրիստոսի լույսին անտեղյակ ժամանակներում։ Ցանելու և հնձելու հոգևոր օրենքն անխափան կերպով գործում է։ Սակայն հե՛նց այստեղ է, որ մարդը գիտակցում է Տեր Աստծու անսահման խորը սերը մարդկության հանդեպ։
Աստված Իր ամենաթանկը՝ Իր Միածին Որդուն զոհեց Գողգոթայի խաչի վրա և Նրա վրա դրեց մեր բոլորի մեղքերի պատիժը։ Նա հնձեց մեր ցանած բոլոր չար սերմերի պտուղները։ Հնձեց բազմապատիկ կերպով՝ անցնելով անասելի տառապանքների ու չարչարանքների միջով։ Սակայն Նրա կատարած մեծ զոհը գործում է միայն ապաշխարող մարդկանց կյանքում՝ այն մարդկանց, որոնք խորապես գիտակցում են առանց Աստծու Խոսքի սկզբունքների ու Տիրոջ պատվիրաններին հնազանդության իրենց ապրած կյանքի ողջ ապականությունը և որոշում կայացնում այսուհետև ապրելու միայն Աստծու կամքին համահունչ կյանքով։
Զգույշ եղի՛ր, թե ինչ ես ցանում, քանի որ մի օր հնձելու ես ցանածդ բազմապատիկ կերպով։ Եվ եթե չար սերմեր ես ցանել նախկինում, ապա հե՛նց այսօր ապաշխարի՛ր և սկսի՛ր ցանել սիրո, ներման, քաջալերանքի, ծառայության, հեզության ու խոնարհության բարի սերմեր, քանի որ դրանք էլ հնձելու ես բազմապատիկ օրհնությունների տեսքով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը