September13

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ տո՛ւր, որպեսզի աշխարհի ամենալավ Ուսուցիչը սովորեցնի քեզ․․․

Թույլ տո՛ւր, որպեսզի աշխարհի ամենալավ Ուսուցիչը սովորեցնի քեզ․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր կրկին ուշադրություն դարձրու Տեր Հիսուսի խոսքերին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև» (Մատթեոս 11.28-30):

Ուզում եմ քեզ մի հարց տալ։ Թող Աստված քեզ ամուր առողջություն պարգևի․․․, բայց եթե երբևէ որևէ լուրջ հիվանդություն ունենաս, ո՞ւմ ես դիմելու։ Քեզ համար կարևորը ընդամենը մի բժիշկ գտնելը կլինի՞, թե՞ կփնտրես տվյալ ոլորտի ամենափորձառու և լավ արդյունքներ գրանցած մասնագետ բժշկին։ 

Համոզված եմ, որ յուրաքանչյուրս էլ կփորձի գտնել այդ հիվանդության բուժման լավագույն մասնագետին։ Մենք չենք վստահի պատահական որևէ մեկին, որ պարզապես բժիշկ է, սակայն չունի համապատասխան մասնագիտացում և փորձառություն։ 

Իսկ ինչպե՞ս ենք մենք վարվում հավատքի պարագայում։ Որպեսզի մարդն ունենա ամուր և հարատև հավատք, նա կարիք ունի պարբերաբար ուսուցումներ ընդունելու։ Այդ ուսուցումների համար նա պետք է գտնի ամենավստահելի աղբյուրները։ Այս տիեզերքի ամենավստահելի աղբյուրը և ամենալավ Ուսուցիչը հենց Ինքը՝ Տեր Հիսուսն է։ Նա փափագում է Իր սիրո միջոցով մեզ սովորեցնել անհրաժեշտ ամեն բաները։ Աստված այսպիսի խոստում է տալիս Իր հավատարիմ աշակերտներին․ «Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32․8

Այսպիսով, ի՞նչ է Տեր Հիսուսն ուզում սովորեցնել մեզ։ Պետրոս առաքյալը, որը հասկացել էր Նրա ուսուցումների խորությունը, հետևյալ խոսքերն է ասում․ «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես» (Հովհաննես 6․68): 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ահա՛ թե ինչ է ուզում քեզ սովորեցնել մեր սքանչելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը․

  • Իրական խաղաղությունը գտնում ենք, երբ թողնում ենք մեր ճանապարհները, մեր սովորական ընթացքը և գնում ենք Նրա մոտ։ 
  • Իրական հանգիստը ընդունում ենք, երբ կարողանում ենք չուղղորդվել մարդկանցից կամ մեր իսկ սեփական եսի պահանջներից, այլ փորձում ենք կատարել Տեր Աստծու պահանջները։
  • Խաղաղությունն ու հանգիստը գալիս են մեր կյանք, երբ մենք մեր հոգսերը հանձնում ենք Տեր Հիսուսին և մեր ուսերին ենք վերցնում Նրա քաղցր հոգսը։

Մարիամի նման ե՛կ այսօր նստենք Տեր Հիսուսի ոտքերի մոտ և ընտրե՛նք բարի բաժինը։ Թույլ տո՛ւր, որպեսզի քեզ սովորեցնի այն Մեկը, Ով հավիտենական կյանքի խոսքեր ունի։ 

Այսօր քաջալերում եմ քեզ, որ գնաս աղոթքի ծածուկ վայրը՝ քո ներքին սենյակը, և քո բոլոր հոգսերը ուսերիցդ իջեցնես ու դնես Նրա ոտքերի մոտ։ Հետո, երբ դուրս կգաս քո աղոթքի սենյակից, կրկին չվերցնես դրանք քո ուսերին, այլ կթողնես այնտեղ՝ Տեր Հիսուսի մոտ։ Խոսի՛ր Նրա հետ հենց հիմա։ Միայն Նա կարող է քեզ սովորեցնել հոգսերից ազատվելու ճանապարհը։ Նա է այս տիեզերքի լավագույն Ուսուցիչը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: