Հավատարմությունն այս օրերին հազվադեպ հանդիպող հատկանիշ է դարձել։ Ժամանակակից աշխարհում այն նույնիսկ ընդունվում է որպես իր դարն ապրած, ոչ արդիական և անգամ՝ չզարգացած մարդկանց բնորոշ հատկանիշ։ Սակայն Աստված փոփոխական չէ։ Նա նույնն է անցյալում, ներկայում և նույնն է լինելու ապագայում։ Նույնն են նաև Տեր Աստծու հավատարմության սկզբունքները։ Իսկ Աստծու զավակները իրենց Հոր նման հավատարիմ են այդ սկզբունքներին և թույլ չեն տալիս, որպեսզի աշխարհի քարոզչությունը փոխի իրենց արժեհամակարգը։
Սիրելի՛ բարեկամ, Դավիթ թագավորը տեսել ու հասկացել էր, թե ի՛նչ է Աստծու հավատարմությունը, և այդ պատճառով վստահաբար ասում էր. «Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (Սաղմոս 37.25)։
Մեղքի անկում ապրած մարդկային բնույթի արդյունքում հավատարմության գործեր գործելն այնքան էլ դյուրին չէ։ Առանց Աստծո օգնության, որքան էլ մենք շատ ջանքեր գործադրենք, կարծում եմ, անհնարին մի բան է անսայթաք ապրելը և ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալը։ Ինչպես այս առակում է ասվում. «Շատերը հայտարարում են իրենց հավատարմությունը, բայց վստահելի մարդուն ո՞վ է գտնում» (Առակաց 20.6)։
Ի հակադրություն ասվածի՝ հավատարմությունն Աստվածային հատկանիշ է։ Իսկ գիտե՞ս արդյոք, թե ինչպես է Աստված ապացուցում Իր հավատարմությունը քո հանդեպ․
- Կատարելով Իր տված խոստումները (Եբրայեցիս 10.23)։
- Խոստանալով քո կողքին լինել կյանքիդ բոլոր օրերում (Մատթեոս 28․20)։
- Հավատարիմ մնալով քեզ (Եբրայեցիս 13.5)։
- Հավիտենական ուխտ կնքելով քեզ հետ (Եսայիա 61.8)։
- Քո հանդեպ հավատարիմ մնալով, անգամ եթե դու անհավատարիմ գտնվես (Բ Տիմոթեոս 2.13)։
- Ներելով ու մաքրելով քեզ ամեն մեղքից ու հանցանքից (Ա Հովհաննես 1.9)։
Գուցե քեզ լքել է շատ սիրելի մեկը, կամ լարված հարաբերություն ունես կողակցիդ հետ․․․ Գուցե նա անհավատարիմ է գտնվել քո հանդեպ։ Կամ անտեսված երեխա ես եղել մանկությանդ տարիներին։ Աստված կամենում է այսօր հիշեցնել քեզ, որ անկախ ամեն ինչից՝ Նա հավատարիմ է քո հանդեպ և շարունակում է կողքիդ լինել ամեն ժամանակ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու միշտ կարող ես հույսդ դնել Տեր Աստծու վրա։ Նա քեզ երբե՛ք չի մոռանա։ Նրա սերը, Նրա փափագը քո հանդեպ շատ զորավոր է՝ նման մի կրակի, որը երբե՛ք չի թուլանում ու չի մարում։ Նրա խոստումները հավիտենական են։ Նա քեզ երբե՛ք չի թողնի։ Թույլ չտա՛ս, որ ստության ու կասկածի մտքերը պաշարեն քեզ քո կյանքի դժվարին պահերին։
Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Ամենակարո՛ղ Աստված, շնորհակալ եմ, որ հավատարիմ ես իմ նկատմամբ, նույնիսկ երբ ես երբեմն մեծ փափագ չեմ ունենում Քո հանդեպ։ Շնորհակալությո՛ւն, որ շարունակում ես բարի գտնվել իմ հանդեպ ու պահում ես ինձ տված Քո խոստումները։ Ների՛ր ինձ, խնդրում եմ, որ երբեմն ես անհաստատ եմ գտնվում իմ հավատքի կյանքում։ Ես ամեն ժամանակ իրապե՛ս Քո կարիքն եմ զգում, որպեսզի Քո օգնությամբ կարողանամ փոխել իմ կյանքն ու բնավորությունը և նմանվել Քեզ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Այսօր փառաբանի՛ր Աստծուն Իր հավատարմության համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը