«Աստված զորավո՛ր է» արտահայտությունն այնքա՜ն տարածված ու հաճախ օգտագործվող արտահայտություն է, որ այսօր այն գուցե կորցրել է իր նշանակությունը քեզ համար, կորցրել է քո կյանքում թողած իր՝ երբեմնի զորավոր ազդեցությունը։
Սիրելի՛ բարեկամ, ի՞նչ ես պատկերացնում, երբ խոսում ենք զորության մասին։ Գուցե մի հզոր ուժ կամ անկոտրում մղո՞ւմ։ Եվ քանի որ Աստծու զորությունը շատ կողմեր ունի, այդ պատճառով էլ առաջարկում եմ, որ առաջիկա յոթ օրերին միասին բացահայտենք Տիրոջ զորության այդ կողմերը։
Ահա դրանցից մեկը, որի մասին մեզ հայտնում է Աստվածաշնչի առաջին գիրքը. Աստված ամենակարող է։
«Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, Իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես Իմ ուխտն եմ դնելու Իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ» (Ծննդոց 17․1-2)։
Ահա թե ինչպես է Աստված ներկայանում Աբրահամին, երբ նրան տեղեկացնում է այն զորավոր ապագայի մասին, որը սպասվում էր Աբրահամին։ Նա Իրեն ներկայացնում է որպես Ամենակարող Աստված։
Ինչպե՞ս կարող էր Աբրահամի նման ծեր մեկն ազգերի հայր դառնալ, որի սերունդների թիվը համեմատվելու էր երկնքի աստղերի թվի հետ (տե՛ս Ծննդոց 15.5 խոսքը):
Իրականում, Աստված անձամբ էր արել այս զարմանալի «ընտրությունը». գրեթե մեկ դար ապրած տարեց տղամարդը պետք է իր ծերության մեջ խոստման որդի ունենար, որ անթիվ ու անհամար սերունդ էր ապահովելու իրեն։ Եռանդով և ուժով լի բոլոր մարդկանց մեջ Աստված հենց այս ծեր մարդուն գերադասեց Իր ծրագրի իրագործման համար։
Աստված տկարներին գերադասում է ուժեղներից, որպեսզի ցույց տա Իր փառքը, որպեսզի մենք հասկանանք Նրա ամենակարողությունը և միայն Նրան տանք ողջ փառքը. «Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի» (Ա Կորնթացիս 1.27)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր քեզ կանչում է դառնալու Իր աշակերտը, Իր կամքը կատարող ծառան, և գուցե դու ինքդ քեզ ասում ես՝
- Ես այնքա՜ն տկար եմ։
- Ես շատ սխալներ ունեմ։
- Ես արժանի չեմ։
- Ինձնից ավելի զորավորներն ու խելացիները կան։
- Եվ այլն․․․
Կարծում ես՝ Աստված սխալվե՞լ է քեզ ընտրելու հարցում։ Կամ արդյոք Նա երբևէ սխալվո՞ւմ է Իր ընտրության մեջ։ Ո՜չ, իհարկե ո՛չ… Թո՛ւյլ տուր, որ Աստված զարմացնի քեզ Իր ամենակարողության զորությամբ։ Տերն ուզում է փառավորվել քո կյանքում և քո միջոցով։
Դու նո՛ւյնպես Աբրահամի նման բարձրացրու աչքերդ դեպի աստղաշատ երկինքն ու ինքդ քեզ հիշեցրու, որ Տեր Աստծու համար չկա անհնարին ոչինչ։ Անկախ քո տկարություններից ու թերություններից, քո մասին ունեցած քո իսկ պատկերացումներից, քո տարիքից ու ընտանեկան կարգավիճակից, քո անցյալից կամ բնավորության գծերից՝ Աստված կամենում է զորավոր կերպով օգտագործել քեզ Իր փառքի համար, քանի որ Նա ամենակարող Տեր է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը