Սիրելի՛ բարեկամ, «Աստված զորավո՛ր է» արտահայտությունն այնքա՜ն տարածված ու հաճախ օգտագործվող արտահայտություն է, որ այսօր այն գուցե կորցրել է իր նշանակությունը քեզ համար, կորցրել է քո կյանքում թողած իր երբեմնի զորավոր ազդեցությունը։
Ի՞նչ ենք մենք պատկերացնում, երբ խոսում ենք զորության մասին։ Գուցե մի հզոր ուժ կամ անկոտրում մղո՞ւմ։ Եվ քանի որ Աստծո զորությունը շատ կողմեր ունի, այդ պատճառով էլ առաջարկում եմ, որ առաջիկա յոթ օրերին միասին բացահայտենք Տիրոջ զորության այդ կողմերը։
Ահա դրանցից մեկը, որի մասին մեզ հայտնում է Աստվածաշնչի առաջին գիրքը. Աստված ամենակարող է։
«Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ» (Ծննդոց 17․1–2)։
Ահա թե ինչպես է Աստված ներկայանում Աբրահամին, երբ նրան տեղեկացնում է այն զորավոր ապագայի մասին, որը սպասվում էր Աբրահամին։ Նա Ամենակարող Աստված է։
Ինչպե՞ս կարող էր Աբրահամի նման ծեր մեկը ազգերի հայր դառնար, որի սերունդների թիվը համեմատվելու էր երկնքի աստղերի հետ (տես Ծննդոց 15.5 խոսքը):
Իրականում, Աստված անձամբ էր արել այս զարմանալի «ընտրությունը». գրեթե մեկ դար ապրած տարեց մի տղամարդը պետք է խոստման որդի ունենար, որը անթիվ ու անհամար սերունդ էր ապահովելու իրեն։ Եռանդով ու ուժով լի բոլոր մարդկանցից Աստված հենց այս ծեր մարդուն գերադասեց։
Աստված տկարներին գերադասում է ուժեղներից, որպեսզի ցույց տա Իր փառքը, որպեսզի մենք հասկանանք Նրա ամենակարողությունը և միայն Նրան տանք ողջ փառքը. «Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի» (Ա Կորնթացիս 1.27):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այսօր քեզ կանչում է դառնալու Իր աշակերտը, Իր կամքը կատարող ծառան, և գուցե դու ինքդ քեզ ասում ես.
- Ես այնքա՜ն տկար եմ։
- Ես շատ սխալներ ունեմ։
- Ես արժանի չեմ։
- Ինձնից ավելի զորավորներն ու խելացիները կան։
- Եվ այլն։
Կարծում ես Աստված սխալվե՞լ է քեզ ընտրելու հարցում։ Կամ արդյոք Նա ընդհանրապես սխալվո՞ւմ է Իր ընտրություններում։ Ո՜չ, իհարկե ոչ… Թո՛ւյլ տուր, որ Աստված զարմացնի քեզ Իր ամենակարողության զորությամբ։ Տերը ուզում է փառավորվել քո կյանքում և քո միջոցով։
Աբրահամի նման դու նույնպես բարձրացրու աչքերդ դեպի աստղաշատ երկինքն ու ինքդ քեզ հիշեցրու, որ Աստծո համար չկա անհնարին ոչինչ։ Անկախ քո տկարություններից ու թերություններից, քո մասին ունեցած քո պատկերացումներից, քո տարիքից ու ընտանեկան կարգավիճակից, քո անցյալից կամ բնավորության գծերից, Աստված կամենում է զորավոր կերպով օգտագործել քեզ Իր փառքի համար, քանի որ Նա ամենակարող Տեր է։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը