Մենք շարունակում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, որը կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծո խորհրդավոր հրավերին:
Սիրելի՛ բարեկամ, ֆիլմի տեսարաններից մեկում Սառա Յուն, որը ներկայացնում է Սուրբ Հոգու անձը, հրավիրում է Մաքին աշխատելու իր հետ պարտեզում, որպեսզի միասին նախապատրաստեն այգին աճի ու պտղաբերության նոր շրջանի համար: Երբ Մաքը տեսնում է այդ հսկայական այգին՝ լի տարբեր տեսակի բույսերով, մոլախոտերով ու ծաղիկներով, նա այն անվանում է «խառնաշփոթ»։ Սակայն Սառա Յուն հայտնում է նրան, որ այդ այգին… հենց ի՛ր՝ Մաքի կյանքն է:
Ինձ շատ է դուր գալիս ֆիլմի այս հատվածը։ Ճշմարիտ է այն, որ մեզնից յուրաքանչյուրի կյանքում էլ եղել են և լինում են ժամանակաշրջաններ, երբ ամեն բան խառնվում է իրար, երբ մենք ավելի անկազմակերպ ենք դառնում, կորում է կարգապահությունը, իրավիճակները դուրս են գալիս մեր վերահսկողության տիրույթից, և մեր առօրյան վերածվում է իսկական խառնաշփոթի։ Այդուհանդերձ, ինչպես Մաքի պարագայում, այնպես էլ՝ մեր, նման պահերին Սուրբ Հոգին փափագում է առաջնորդել մեզ՝ օգնելով մեզ հստակ ընկալել ստեղծված իրավիճակը, տեսնել այդ խառնաշփոթից դուրս գալու ուղին և կարգի բերել մեր կյանքի այգին։
Աստվածաշնչում կարդում ենք Տեր Հիսուսի խոսքերը․ «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14.26)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, արդյոք քո կյանքի ներկա ժամանակաշրջանը նո՞ւյնպես կարելի է նմանեցնել վերը նկարագրված անմշակ ու խառնաշփոթ այգուն։ Եթե այո, ապա կարո՞ղ ես արդյոք տեսնել ոչ միայն այդ այգու խառնաշփոթ վիճակը, այլ նաև, ճիշտ մշակվելու դեպքում, այգու զորավոր ներուժը` ապահովելու պտղաբերություն և գեղեցկություն։ Աստված արտասովոր ու հրաշալի ծրագրեր ունի քո կյանքի համար։ Նրա Հոգին մխիթարում է քեզ։ Աստծու Սուրբ Հոգին ուզում է բարձրացնել և վերականգնել քեզ:
Այսօր աղոթում եմ, որպեսզի ընդունես քո կյանքը կարգավորելու և հարդարված ու մշակված, պտղաբեր ու գեղեցիկ այգի դարձնելու Սուրբ Հոգու հրավերը։ Աղոթում եմ, որ սկսես ուսումնասիրել Աստվածաշունչը և խնդրես Սուրբ Հոգուն, որպեսզի քեզ համար կենդանացնի Տեր Հիսուսի ուսուցումներն ու փոխանցած սկզբունքները։ Եվ աղոթում եմ նաև, որպեսզի Աստծու կամքը քո կյանքի համար հասկանալուց հետո հավատարմություն ու խոնարհություն ունենաս հնազանդվելու Նրա կամքին և Սուրբ Հոգու օգնությամբ կարգավորես քո կյանքի բոլոր այն ոլորտները, որոնցում խառնաշփոթ է տիրում։
Օրհնված և Աստծու հետ հաղորդակցության քաղցրությամբ հագեցած օր եմ մաղթում քեզ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը