Սիրելի՛ բարեկամ, ես չգիտեմ մի ընտանիք, որը չի անցել ճգնաժամային իրավիճակներով։ Նման ժամանակներում ընտանիքի որոշ անդամներ իրար հետ վիճաբանություններ են ունենում, չեն հասկանում իրար, և ընտանիքում տիրում է լարված ու շիկացած մթնոլորտը։ Իսկ հավատքի մարդկանց ընտանիքներում նման իրավիճակները լրջագույն ազդեցություն են թողնում ընտանիքի անդամների աղոթքի կյանքի և Տեր Աստծու հետ ունեցած հարաբերության վրա։
Օրինակ, ամուսինների պարագայում Աստծո Խոսքն այս զգուշացումն է մեզ փոխանցում․ «Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, նրանց հետ խոհեմությա՛մբ ապրեք, կնոջը որպես դյուրաբեկ անոթի՛ վերաբերվեք, պատվե՛ք իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք չլինի» (Ա Պետրոս 3.7):
Այս սկզբունքը տարածվում է ընտանիքի բոլոր անդամների վրա։ Եթե կինը ամուսնու հանդեպ չունի այն վերաբերմունքը, որն Աստված է կամենում, որ նա ունենա, դա նույնպես արգելք է նրա աղոթքներին։ Նույնը ճշմարիտ է ծնողի կողմից իր զավակի հանդեպ վերաբերմունքի պարագայում, երեխայի կողմից ծնողի հանդեպ ունեցած վերաբերմունքի կամ քույրերի ու եղբայրների հարաբերությունների դեպքում։ Աստծո կամքին հակառակ ցանկացած վերաբերմունք արգելք է մեր աղոթքներին և խոչընդոտ՝ Տեր Աստծու հետ ունեցած մեր հարաբերությանը։
Երբ ընտանիքդ անցնում է հարաբերությունների այսպիսի ճգնաժամային իրավիճակով, դու ասես հայտնված լինես մի մութ լաբիրինթոսի մեջ, որից դուրս գալու բոլոր ջանքերը քեզ ավելի խորն են տանում հարաբերությունների ճգնաժամի մեջ և ավելի լարում առանց այդ էլ լարված հարաբերություններդ։
Նման դեպքերում ստեղծված իրավիճակից լավագույն ելքը մեզ կարող է ցույց տալ Աստվածաշունչը։ Այն մեզ վստահեցնում է, որ «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ» (Սաղմոս 46.1):
Երբ ընտանիքդ անցնում է ճգնաժամային իրավիճակով, և դու ոչ մի ելք չես տեսնում ստեղծված իրավիճակից, ապա խելամիտ կլինի օգնություն խնդրել այն Մեկից, Ով տեսնում է ամեն բան և գիտի ցանկացած խավար ու մութ լաբիրինթոսից դուրս գալու ելքը։ Ահա, թե ինչ հրաշալի խորհուրդ է մեզ փոխանցում Աստվածաշունչը․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):
Աստված մեզ իմաստություն է տալիս, խրատում է մեզ, հանդիմանում, մխիթարում, քաջալերում, սովորեցնում համբերել, ներել, Իր զորությամբ հաղթահարել ծանրագույն իրավիճակները և այլն։ Աստված արագահաս օգնական է, եթե միայն մենք անգամ ամենավատ իրավիճակներում ձգտում ենք մարդկանց վերաբերմունքին արձագանքել այնպես, ինչպես Աստված է կամենում, որ արձագանքենք, և ձգտում ենք այնպես վերաբերվել մեզ ցավեցնողներին, ինչպես Աստված է կամենում, որ վերաբերվենք։ Այսպիսով, ամենակարևոր բանը ամենախորը ճգնաժամի մեջ Աստծու հետ մեր հարաբերությունը առողջ վիճակում պահելն է։ Այդ դեպքում ոչ մի արգելք չի լինի մեր աղոթքներին, և մենք կկարողանանք Տիրոջից աղոթքով օգնություն ընդունել։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր քո ընտանիքը հենց նմանատիպ դժվարության և ճգնաժամային իրավիճակի մեջ է հայտնվել, ապա առաջարկում եմ քեզ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես փառաբանում ու երկրպագում եմ քեզ։ Դու իմ սրտի Թագավորն ես։ Դու տեղյակ ես իմ ընտանիքում տիրող մթնոլորտից և հարաբերությունների ճգնաժամից։ Եվ Դու ինձ ավելի լավ ես ճանաչում, քան որևէ մեկն այս աշխարհում… Դու գիտես, թե որքա՜ն խորը ցավ է դա ինձ պատճառում։ Տե՛ր, լսիր այսօր Քեզ ուղղված իմ սրտի աղաղակը։ Իմ բարի ու ողորմած Աստվա՛ծ, Քո սուրբ և պատվական Խոսքի համեմատ այսօր ես աղոթքով, աղաչանքով ու գոհությամբ Քո առջև եմ բերում իմ խնդրանքը։ Տե՛ր, ողորմություն և շնորհ արա իմ ընտանիքին և իմ սիրելիներին։ Աղոթում եմ, որ իմ ընտանիքում, իմ տան մեջ կրկին խաղաղություն տիրի և ներողամտությունն ու սերը փոխարինեն լարվածությանն ու վիրավորանքներին։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը