Այսօր շարունակում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքը, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից երկրորդին․
«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն» (Մատթեոս 5․4):
Սիրելի՛ բարեկամ, ո՞ր սգավորների մասին է խոսում Տեր Հիսուսը։ Ովքե՞ր են, որ սուգ են անում հիմա, բայց հետո երանելի են դառնալու և Տիրոջից մխիթարություն են ընդունելու։ Իհարկե, բոլոր սգավորները, որոնք իրենց կորստի ցավի ու ողբի տառապանքի մեջ բացահայտում են Տեր Աստծուն և Նրա հայրական հոգատարությունը, անպատճառ այնպիսի գերբնական մխիթարություն են գտնելու, որի մասին երբևէ չէին էլ կարող պատկերացնել։
Սակայն Աստվածաշունչը խոսում է մի կարևորագույն սգի մասին, որից հետո մարդուն այցելում է Տեր Աստծու ուղարկած անպատմելի ուրախությունը։ Այս սուգը պիտի այցելի յուրաքանչյուր մարդու, ով հավատում է Աստծուն, հավատում է Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցանած ճշմարտություններին և հավատում է խաչի վրա Նրա կատարած մեծ զոհին։
«Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, երկմտողնե՛ր, մաքրե՛ք ձեր սրտերը։ Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի» (Հակոբոս 4․8-10):
Ինչո՞ւ է Հակոբոս առաքյալը, Սուրբ Հոգով ներշնչված, այս պատվիրանը փոխանցում հավատացյալներին. «Տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը թող սուգի վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության»։ Ինչո՞ւ է Տեր Հիսուսն ասում, որ երանելի են սգավորները․․․ Չէ՞ որ այս ամենը կարծես հակասում է ուրախության ու ցնծության մասին խոստմանը, որը Տերն էր տալիս Իր աշակերտներին․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամբողջ գաղտնիքը մեղքի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ է։ Երբ մեր կյանքում առկա է որևէ մեղք, որի հետ մենք հաշտվել ենք, որը սիրում ենք, թաքցնում կամ արդարացնում, ապա մեր կյանքում չի կարող լինել ծիծաղ և ուրախություն։ Քրիստոսին հավատացողները գիտեն ու հավատում են, որ մեր Տիրոջ չարչարանքների ու մահվան պատճառը մեր կյանքի մեղքերն էին։ Նա մեր մեղքերի համար էր կրում այդ պատիժը և մեր հանցանքների գինն էր վճարում խաչի վրա։
Երանելի է այն մարդը, որը հասկանում է այս ճշմարտությունը։ Երանելի է այն մարդը, որը պատրաստ է պատերազմ հայտարարել իր կյանքի բոլոր մեղքերին և արյուն թափելու չափ պայքարել դրանց իսպառ հաղթելու համար։ Նման մարդու պայքարը կարող է ցավոտ լինել և տրտմություն ու սուգ բերել։ Սակայն Տեր Հիսուսը հենց այսպիսի՛ մարդկանց համար էր ասում՝ «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն»։
«Նա մեր մեղքերն Իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք Նրա վերքերով բժշկվեցիք։ Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը» (Ա Պետրոս 2․24-25):
Կա մի սուգ, որը մարդուն երանելի է դարձնում։ Կա մի պայքար, որը քո կյանքում Տեր Հիսուսի վերքերի բժշկությունն է բերում։ Մեղքի դեմ քո պայքարը Երկնքից գերբնական օգնություն է իջեցնում քո կյանք։ Աստծու գերազանց շնորհը և մեր հոգիների Հովվի ու Տեսուչի քաղցր հոգատարությունը զորացնում ու մխիթարում են արդարության կյանքի փափագ ունեցող մարդկանց։
Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի սգավորներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը