Այսօր նոր շարք ենք սկսում, որը կրում է «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները» անվանումը։ Այն հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Այն սովորականից ավելի երկար է և բաղկացած է լինելու ինը ուղերձից։ Այսօր կանդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից առաջինին։
«Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 5.3):
Սիրելի՛ բարեկամ, երանիների այս ուսուցումը, որը Տերը փոխանցեց Լեռան քարոզի հենց սկզբում, մեր հանդեպ Նրա անսահման սիրո դրսևորումն էր։ Աստված կամենում է, որ ես և դու ապրենք երանելի կյանքով։ Այս ուսուցումների նպատակը մեր կյանքերը բժշկելն է։ Աստված սիրում է քեզ և ուզում է կարգավորել քո կյանքն այնպես, որ դու մեծագույն հոգևոր ու զգացմունքային բավարարվածություն ստանաս քո ապրած կյանքից։ Արդյոք պատրա՞ստ ես ընդունելու երանելի մարդ դառնալու համար անհրաժեշտ աստվածային հորդորները։
Եթե այո, ապա սիրտդ պատրաստի՛ր առաջին երանին ընդունելու համար։ «Երանի՜ հոգով աղքատներին․․․»։ «Հոգով աղքատ» արտահայտությունը մի փոքր շփոթեցնում է մեզ, քանի որ հայերենում կա «հոգով հարուստ» արտահայտությունը, որը բավականին դրական իմաստ է իր մեջ պարփակում։ Սակայն երանելի մարդ դառնալու առաջին խրատն ընդունելու համար մենք պետք է հասկանանք այն իմաստը, որը Տեր Հիսուսն էր դրել «հոգով աղքատ» արտահայտության մեջ։
Աստվածաշնչյան իմաստով՝ հոգով աղքատ լինել, նշանակում է սեփական անձի մասին խոնարհ կարծիք ունենալ։ Միայն այսպիսի մարդիկ են ունակ լսելու խրատ և ուսուցում, ինչպես նաև՝ ընդունելու ուղղում և հանդիմանություն։ Միայն այսպիսի մարդիկ են գիտակցում, որ օգնության կարիք ունեն։ Եվ, ինչպես Տերն էր ասում, միայն հոգով աղքատների համար է Նա եկել այս աշխարհ․․․
«Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Գնացեք սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում «Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», որովհետև Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ մեղավորներին» (Մատթեոս 9:12-13):
Հոգով աղքատները խոնարհաբար ընդունում են, որ կարիք ունեն մեղքերի ներման, կարիք ունեն շտկելու իրենց ճանապարհները Տեր Աստծու առաջ, կարիք ունեն ճանաչելու Տեր Աստծու կամքը և կարիք ունեն Տիրոջ կողմից օգնության ու զորության, որպեսզի ապրեն այդ բարի, հաճելի ու կատարյալ կամքին հնազանդության կյանքով։
Այսպես չեն աստվածաշնչյան իմաստով «հոգով հարուստները»։ Նրանք կարծում են, թե ամեն բան գիտեն, ամեն բան ճիշտ են անում, կարիք չունեն ո՛չ ապաշխարության, ո՛չ հոգևոր գիտելիք ստանալու և ո՛չ էլ, առավել ևս, Աստծու կամքն իրենց կյանքի համար ճանաչելուն, քանի որ արդեն իսկ ապրում են նորմալ ու ճիշտ կյանքով։ Այս մարդիկ չեն կարող աշակերտ դառնալ․․․ Չեն կարող Տեր Հիսուսի աշակերտները լինել, քանի որ իրենք իրենց առողջ են տեսնում և նրանց հպարտությունը թույլ չի տալիս խոնարհվել Տեր Հիսուսի առջև և ընդունել, որ առանց Նրա իրենք ոչինչ են․․․
«Երանի՜ հոգով աղքատներին․․․»։ Տեր Հիսուսը պատահական ոչինչ չէր անում Իր ուսուցումների մեջ։ Եվ պատահական չէ նաև, որ Նա երանիների Իր շարքում առաջինն անդրադարձավ հե՛նց հոգով աղքատ լինելու կարևորությանը։ Սա յուրաքանչյուր մարդու ապաշխարության առաջին քայլն է՝ գիտակցել հոգևոր աշխարհում սեփական անձի անկարողությունը, թշվառությունն ու չքավոր վիճակն առանց Աստծու և առանց Աստծու կամքին հնազանդության։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, կարո՞ղ ես այսօր քննել քեզ։ Ինչպիսի՞ն ես դու քո աչքերում։ Արդյոք հավատո՞ւմ ես Տեր Հիսուսին և Աստվածաշնչում Նրա փոխանցած ուսուցումներին։ Արդյոք հավատո՞ւմ ես երանելի մարդու մասին Նրա փոխանցած սկզբունքներին։ Արդյոք պատրա՞ստ ես սովորել Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները, ճանաչել Աստծու կամքն ու ամեն ջանք անել, որպեսզի փոխես կյանքդ ու արժեհամակարգդ ու ապրես Քրիստոսի աշակերտի կյանքով։
Տեր Հիսուսի խոսքերի մեջ բժշկություն կա։ Այսօր նա հե՛նց քեզ է դիմում այս խոսքերով․ «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը»։ Տերը սիրում է քեզ և ուզում է քեզ տեսնել Երկնքի Արքայության մեջ։ Ինչպիսի՞ն է քո արձագանքը․․․
Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի հոգով աղքատներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը