december-2

Գլխավոր | Հրաշքներ | Երանի՜ արդարության համար հալածվողներին

Երանի՜ արդարության համար հալածվողներին

Մենք մոտենում ենք «Տեր Հիսուսի ուսուցանած «երանիները»» անվանումը կրող մեր շարքի ավարտին, որը հիմնված է Մատթեոս 5․3-12 հատվածի ուսումնասիրության վրա։ Անդրադառնանք Տեր Հիսուսի ուսուցանած երանիներից ութերորդին․

«Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև Երկնքի Արքայությունը նրանցն է» (Մատթեոս 5․10):

Սիրելի՛ բարեկամ, երանիների մասին Տեր Հիսուսի նախորդ ուսուցումների մեջ մենք անդրադարձել ենք արդարության թեմային։ Տերը սովորեցնում էր, որ երանելի է այն մարդը, որ քաղցած ու ծարավ է արդարության։ Ինչպես երկարատև քաղցն ու ծարավը մարդուն տառապանք են պատճառում և մղում սնունդ ու ջուր հայթայթելուն, այնպես էլ արդարության պակասը պետք է Քրիստոսի աշակերտին մղի ապաշխարության և Աստծու ակնկալած արդարության կյանք ապրելուն։ 

Սակայն Տեր Հիսուսն Իր բազմաթիվ ուսուցումների մեջ զգուշացնում էր նաև, որ արդարության կյանք ապրելը կարող է մեծագույն հակազդեցություն ու ճնշումներ առաջացնել աշխարհի խավարի մեջ ապրող մեր հարազատների, ընկերների, բարեկամների ու այլ մարդկանց կողմից։ 

«Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ Ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր. բայց քանի որ աշխարհից չեք, այլ Ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ» (Հովհաննես 15․18-20):

«Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև Երկնքի Արքայությունը նրանցն է»։ Արդարության կյանք ապրելու համար հալածվողներն անցնում են այն նույն ճանապարհով, որով անցավ մեր Փրկիչ Տերը։ Արդարության կյանք ապրելու համար հալածվողները հատուկ շնորհք ու օծություն են ընդունում Տեր Աստծուց, որպեսզի չթուլանան նեղ ճանապարհի դժվարությունների մեջ և իրենց հավատքն ու հավատարմությունը մինչև վերջ պահեն։ Արդարության կյանք ապրելու համար հալածվելը նշան ու ապացույց է, որ այդ մարդիկ Երկնքի Արքայության դեսպաններն ու քաղաքացիներն են այս երկրի վրա։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեծագույն պատիվ և արտոնություն է Տեր Հիսուսից լսել երանության այս խոսքերը․ «․․․որովհետև Երկնքի Արքայությունը նրանցն է»։ Եթե ուզում ես, որ այս խոսքերը նաև քեզ վերաբերեն, ապա երբե՛ք չգնաս փոխզիջումների ճշմարտության հարցում։ Երբե՛ք արդարությունը երկրորդական չհամարես և չվախենաս խավարի մեջ ապրող մարդկանց մեջ արդարության կյանքով ապրելուց։

«Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե Նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ» (Հռոմեացիս 8․17-18):

Առաջարկում եմ ժամանակ հատկացնել և լսել «Երանի՜ արդարության համար հալածվողներին» անվանումը կրող այս կարճ ուսուցումը՝

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: