Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր կյանքի հոգսերը կարող են մեզ այնքա՜ն ճնշել, որ մենք մեզ սկսում ենք զգալ անօգնական և անհույս։ Երբ բախվում ենք մեր կյանք այցելած տառապանքներին ու հարատև դժվարություններին, դժվար է լինում թևաթափ լինելուց խուսափելն ու հանձնվելու որոշման դեմ պայքարելը։ Նման պահերին մեր հիասթափության մեջ մենք կարող ենք անգամ վստահ լինել, որ ոչինչ չենք կարող անել իրավիճակի որևէ դրական փոփոխության հասնելու համար։
Հենց այսպիսի զգացողություն ուներ Հեսուն՝ Մովսեսին փոխարինող առաջնորդը, երբ ստացել էր հսկայական պատասխանատվություն պարփակող առաջադրանքը՝ նվաճել Քանանը և գրավել Երիքովը, որը նա պետք է հիմնահատակ կործաներ։ Երիքովի անառիկ պարիսպները բացարձակապես այլ հեռանկարի մասին էին խոսում։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ Տերը զորավոր կերպով քաջալերեց նրան։
«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու նույնպես որոշել ես ծառայել Աստծուն անկախ քո մտավախություններից և քո առջև ծառացած մարտահրավերներից, ապա ուզում եմ հստակ իմանաս, որ այս խոստումը, որն Աստված ուղղեց Հեսուին, նաև քեզ է վերաբերում։ Գուցե որոշակի դժվարությունների ես բախվել Աստծուն ծառայելու գործում։ Գուցե կարծում ես, թե քեզ մոտ չի հաջողվի։ Գուցե ունես քաջության և վճռականության պակաս․․․
Իմ սեփական փորձից ասեմ, որ նման իրավիճակներում այլ բան չի մնում անել, քան զորանալ Տիրոջով և առաջ շարժվել, որովհետեւ հանուն Աստծո Արքայության գործելու պատվերը մեզ փոխանցած Տերը միշտ մեզ հետ է և միշտ մեր կողքին կլինի ամենուր և ցանկացած իրավիճակում։
Ամեն անգամ, երբ ինչ-որ ձայն քո ներսում ասում է, որ դու չունես համապատասխան գիտելիքներ, մյուսներն ավելի լավ կարող են անել այդ ծառայությունը, դա հովիվների և առաջնորդ ծառայողների գործն է, Աստված քեզ չի պարգևել նման տաղանդներ կամ դու արժանի չես Աստծուն ծառայելու քո անցյալի մեղքերի պատճառով․․․ Ամեն անգամ երբ նման պնդումներ են ծնվում քո մտքում, լսի՛ր թե ինչպես է Աստված քաջալերում քեզ. «Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. «Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ իմ հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. «Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով» (Զաքարիա 4․6-7):
Հիշի՛ր, որ «փոքր բաներում» հավատարիմ լինելու պարագայում Աստված քեզ ավելի մեծ գործեր է վստահելու։ Եվ իրոք, Աստված սուպերհերոսների կարիք չունի, Նրան պարզապես պետք են հավատարիմ մարդիկ։
Ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, խոստովանում եմ, որ ես դեռ երբեմն կաշկանդվում եմ Քեզ նվիրյալ ու խիզախ կերպով ծառայելու հարցում։ Օգնի՛ր ինձ, որ երբե՛ք չմոռանամ, որ Դու ես ինձ ուժ և զորություն պարգևողը, որ Դու Քո Սուրբ Հոգով ներկա ես իմ ներսում և որ Դու իմ կողքին ես ամենուր, ցանկացած իրավիճակում և իմ յուրաքանչյուր ծառայության մեջ։ Ես խնդրում եմ, որ հեռացնես ինձնից ստության ու կասկածի բոլոր կապանքները։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Այո՛, հենց Ինքն՝ Աստված քեզ հետ է․ Նա գնում է քո առջևից և պաշտպանում քո թիկունքը։ Զորացի՛ր և գործի՛ր հանուն Նրա և Նրա Արքայության գործի։
Թո՛ղ քո օրն առատապես օրհնված լինի Տիրոջը անձնուրաց կերպով ծառայելու քո որոշման շնորհիվ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը