Երեկ անդրադարձանք այն խնդրին, թե ինչպես կարող ենք համարձակություն ձեռք բերել Տիրոջից խնդրելու և հավատքի կյանք ապրելու հարցում։ Իրականում, Աստված գիտի մեր թերություններն ու տկարությունները և մեզնից չի ակնկալում, որ մեկ օրում կամ մեկ աղոթքից հետո դառնալու ենք այս աշխարհի ամենաքաջ ու անվախ հավատացյալները։ Նա մեզ աճեցնում է հավատքի կյանքում։ Նա հմուտ ուսուցչի նման համբերատար կերպով պատրաստում է մեզ։ Նա չի թողնում, որ մեր ուժից վեր ծանրություններ վերցնենք։ Եվ սովորեցնում է նաև փոքր բաների մեջ հավատարմություն զարգացնելը։
«Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս սարին ասեք՝ «Այստեղից այնտե՛ղ փոխադրվիր», այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի ոչինչ չի լինի» (Մատթեոս 17․20)։
Սիրելի՛ բարեկամ, այս աստվածաշնչյան հատվածը մեզ սովորեցնում է, որ Աստծու համար այնքան մեծ կարևորություն չի ներկայացնում մեր հավատքի չափը, որքան դրա պարունակությունը։ Մանանեխի սերմը փոքր է, սակայն անգամ այդքան փոքր սերմն իր մեջ հսկա ծառ դառնալու ներուժ ունի։
«Այն նման է մանանեխի հատիկի, որ երբ հողի մեջ է սերմանվում, աշխարհի վրա եղած բոլոր սերմերից էլ փոքր է։ Բայց երբ սերմանվում է, բուսնում է, բոլոր թփերից ավելի մեծ է լինում և այնքան մեծ ճյուղեր է արձակում, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարողանում են բույն դնել» (Մարկոս 4․31-32)։
Իսկ այս հատվածից կարող ենք հասկանալ, որ քո հավատքը կարող է օգտակար լինել նաև այն մարդկանց, որոնց հետ դու շփում ունես քո կյանքում։ Նրանք կարող են այս դժվարին կյանքի արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանվելու համար համապատասխան զով ստվեր գտնել քո հավատքի կյանքի սաղարթախիտ ճյուղերի ներքո։
Այսպիսով, ինչպե՞ս է սկսվում քո հավատքի ճամփորդությունը։ Այո՛, այն սկսվում է փոքր բաներից։ Հավատքի կյանքը քաջության կյանք է։ Սակայն քո քաջության որոշումներն ու քայլերը դու կարող ես սկսել նախ փոքր բաներից։ Քչի մեջ հավատարիմ լինելը ճանապարհ է բացում ավելի զորավոր բաների համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սպասում է քո հավատքի քայլերին։ Տերը ուզում է մարզել քեզ հավատքի կյանքում քաջ ու անվախ ընթացքի մեջ։ Որո՞նք են քո այն որոշումները, որոնք այսօր կարող են ուրախացնել Տեր Աստծու սիրտը։ Որո՞նք են քո այն պարզ ու հստակ քայլերը, որ արդեն բավական ժամանակ Աստված սպասում է, որ անես։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս իր սրտում գիտի այն հնարավորությունները, որ Աստված բերում է մեր հավատքի ճանապարհին։ Թույլ կտա՞ս, որ Աստված ուսուցանի ու կրթի քեզ հավատքի կյանքում համարձակ որոշումներ կայացնելու մեջ․․․
Առաջարկում եմ միասին աղոթել ու խնդրել մեր Տեր Աստծուց, որպեսզի Նա օգնի մեզ զանազանելու Իր ընձեռած հնարավորությունները և լինելու պտղաբեր մեր ու մյուսների կյանքում։
Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, շնորհակալ եմ այն հավատքի համար, որ դրել ես մեր մեջ։ Շնորհակալ եմ, որ այդ հավատքի շնորհիվ ես կյանք ունեմ և Քո զավակն եմ համարվում։ Շնորհակալ եմ, որ հե՛նց հավատքի շնորհիվ է, որ կարող եմ համարձակորեն մոտենալ Քեզ և Քո շնորհի գահին։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ կարողանամ քայլ առ քայլ աճել Քո կամքը ճանաչելու և Քո կամքին հնազանդվելու գործում։ Ես ուզում եմ դառնալ այնպիսի անձնավորություն, ինչպիսին Դո՛ւ ես ուզում, որ լինեմ․․․, ապրել այնպիսի կյանքով, որը կուրախացնի Քո՛ սիրտը։ Ես Քոնն եմ, իմ Տե՛ր, և իմ կյանքն ամբողջությամբ Քեզ է պատկանում։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը