IMG_1790

Գլխավոր | Հրաշքներ | Եթե ունես վախեր և անհանգստություններ․․․

Եթե ունես վախեր և անհանգստություններ․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ ընթերցել և սրտով ընդունել այս հատուկ ուղերձը, որը կազմված է աստվածաշնչյան խոսքերի հիման վրա և, հավատում եմ, որ Տիրոջ խոսքն է՝ ուղղված քեզ քո հատուկ իրավիճակի համար։ 

«Իմ սիրելի՛ զավակ, վախեր ու անհանգստություննե՞ր են քեզ այցելել։ Եթե անգամ դրանք արդեն քո սրտի նախաշեմին են հասել, ապա կարող ես թույլ չտալ, որ վախերն ու անհանգստությունները մուտք գործեն սրտիդ մեջ։ Միայն վստահի՛ր Ինձ: Քո կյանքի ցանկացած իրավիճակում, ինչպիսի ծանր ու ահասարսուռ ընթացքով էլ անցնես, միայն մեկ բան եմ խնդրում՝ հայացքդ երբե՛ք Ինձնից չհեռացնես։ 

Ես ուզում եմ քո սիրտը լցնել անսասան հավատքով՝ Իմ հանդեպ այնպիսի վստահությամբ, որն ավելի զորեղ է, քան քո բոլոր վախերը, կասկածներն ու անհանգստությունները։ Վստահություն այն փաստի հանդեպ, որ Իմ սերն ավելի զորեղ է, Իմ սերն ավելի մեծ է, քան բոլոր այն իրավիճակները, որոնց կբախվես քո կյանքի ընթացքում:

Ահա թե ինչու, երբ կասկածը թակում է քո սրտի դուռը, երբեք մի՛ բացիր այն նման մտքերի առջև: Փոխարենը դավանի՛ր Իմ Խոսքը վստահությամբ և Իմ շնորհած իշխանությամբ: Հռչակի՛ր քո հավատքն առ այն, որ Ես չեմ փոխվում, որ Ես այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ և կամ։ Ես եմ Ալֆան և Օմեգան, առաջինը և վերջինը: Վստահաբար հիշեցրու ինքդ քեզ, որ Ես բժշկող Աստված եմ և հոգ եմ տանում Իմ հավատարիմ զավակների համար։ Ես վերականգնում եմ ուժասպառ եղած մարդկանց և մխիթարում սգավորներին։

Դու Իմ կամքով ես ստեղծվել, և Ես փափագով եմ ստեղծել քեզ։ Ես իրագործելու եմ քո կյանքում Իմ խոստումները։ Իրականացնելու եմ այն ամենն, ինչի մասին խոսել եմ, քանի որ Ես մարդ չեմ, որ ստեմ, ոչ էլ մարդու որդի, որ զղջամ։ Մնա՛ հավատքի, խաղաղության և ուրախության մեջ: Ես քո Հայրն եմ, քո լավագույն Ընկերը և քո Թագավորը: Ես քեզ չեմ թողնի ու երբե՛ք քեզ չեմ լքի»։

Աստվածաշնչի հղումներ՝ Թվոց 23․19, Ելք 15․26, Հայտնություն 22․13, Սաղմոս 139․ 16։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ժամանակ հատկացրո՛ւ և Աստվածաշնչից ընթերցի՛ր այս հատվածները։ Լսի՛ր Աստծու Խոսքը, հավատա՛ ու վստահի՛ր Նրան։ Եվ քո կյանքի ամենածանր իրավիճակներում անգամ հայացքդ երբե՛ք մի հեռացրու Տեր Հիսուսից․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: