december-30

Գլխավոր | Հրաշքներ | Եթե ունես հարցեր, որոնց պատասխանը կարևոր է քեզ համար․․․

Եթե ունես հարցեր, որոնց պատասխանը կարևոր է քեզ համար․․․

Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձի մեջ ուզում եմ քեզ հետ կիսվել ևս մեկ գործիքով, որը, հույս ունեմ, կօգնի քեզ քո հոգևոր աճի ու ամրացման հարցում։ 

Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա նվերը կոչվում է «ՔՈ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ»։ Ես հիշում եմ իմ հավատքի կյանքի առաջին տարիները և հիշում եմ, թե որքա՜ն հարցեր ունեի այն ժամանակ։ Հիմա էլ, իհարկե, ամեն բան չգիտեմ և ունեմ բազմաթիվ հարցեր։ Սակայն, հավատքի աճին զուգահեռ, նախկինում իմ ունեցած հարցերը հերթով իրենց պատասխաններն էին գտնում Աստծու Խոսքի անբեկանելի ճշմարտությունների մեջ։

Իրականում, Աստծու Խոսքի ճշմարտությունները նման են թանկարժեք գանձերի, որ բոլոր այն մարդկանց համար են, որոնք փնտրում են այդ ճշմարտությունները։ Գանձերը հիմնականում պահված են խորքերում, և միայն սրտանց ու նվիրվածությամբ որոնողներն են գտնում դրանք։ Այդ մասին աշակերտներին էր ուսուցանում նաև Տեր Հիսուսը․ «Դրա համար ամեն դպիր, որ Երկնքի Արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում» (Մատթեոս 13.52):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, «ՔՈ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ» կարող ես ընդունել, եթե գրանցվես «Պատասխաններ» ծառայության ֆեյսբուքյան էջում։ Դու կարող ես քո բոլոր հարցերը գրել այդ էջի պատին, և հաստատումից հետո դրանք կդառնան տեսանելի։ Սովորաբար, ուրբաթ օրերին ես երկժամյա ուղիղ եթեր եմ ունենում և պատասխանում եմ նախօրոք գրված հարցերին։ 

Կարո՞ղ եք պատկերացնել, թե այս ծառայության վեց տարիների ընթացքում որքա՜ն բազմազան հարցեր եմ ստացել տարբեր մարդկանցից։ Իմ՝ գրեթե ամենշաբաթյա ուղիղ եթերների ու հարցերի պատասխանների փորձառությունից կարող եմ քեզ վստահեցնել, որ չկան սխալ հարցեր։ Երբե՛ք չամաչես ու չզգուշանաս քո հարցերը բարձրաձայնելուց։ Ասեմ նաև, որ եթե չես ուզում քո անունը երևա՝ որպես հարց տվող, ապա կարող ես հարցդ ուղղել անանուն տարբերակով։ 

Ես մի կարևոր ճշմարտություն եմ բացահայտել «Պատասխաններ» ծառայության մեջ իմ ներգրավվածության տարիների ընթացքում։ Ես հոգևոր կյանքին ու Աստվածաշնչին վերաբերող բոլոր հարցերը բաժանել եմ երկու մասի՝ հետաքրքիր և օգտակար։ Հետաքրքիր դասակարգման մեջ են այն բոլոր հարցերը, որոնց պատասխանն իմանալը կամ չիմանալը առանձնապես ոչ մի բան չի փոխում մեր հոգևոր կյանքում։ Եթե իմանանք, շատ բան չի ավելանա, և եթե չիմանանք, չի պակասի։ Իսկ կարևոր դասակարգման մեջ են այն բոլոր հարցերը, որոնց պատասխանները անհրաժեշտ են և օգտակար մեր հոգևոր ընթացքի, որոշումների կայացման և Աստծու կամքը տվյալ իրավիճակում ճանաչելու հարցում։

Եվ ահա թե ինչ եմ բացահայտել։ Աստվածաշունչը հստակ ու միանշանակ պատասխան է տալիս բոլոր օգտակար հարցերին և միշտ չէ, որ պատասխանում է հետաքրքիր հարցերին։ Աստվածաշունչը չի գրվել, որ բավարարի մարդու հետաքրքրասիրությունը։ Աստված հեղինակել է Սուրբ Գիրքը, որպեսզի մենք ճանաչենք ճշմարտությունը, հավատանք ճշմարտությանը, հնազանդվենք ճշմարտությանը և անսասան առաջ ընթանանք փրկության միակ ճանապարհով։ 

Հույս ունեմ, որ «ՔՈ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ» անվանումը կրող մեր սուրբծննդյան նվերը նոր լիցք կփոխանցի քեզ ճշմարտությունը ճանաչելու և Քրիստոսի հավատարիմ աշակերտը դառնալու հարցում։ Քաջալերում եմ քեզ մեր այս ծառայությանն ուղղել քո բոլոր հարցերը և ուրբաթ օրերին` Հայաստանի ժամանակով առավոտյան ժամը տասին, Պատասխաններ ծառայության ֆեյսբուքյան էջի, իմ յութուբյան ալիքի և Բայբլ Ռադիոյի (www.BibleRadio.am) ուղիղ եթերով հետևել քո գրած հարցերի պատասխաններին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: