Ինձ համար շատ ոգևորող և երբեմն հուզիչ է, երբ նամակներ եմ ստանում «Քո հրաշքն ամեն օր»-ի ընթերցողներից կամ կարդում եմ ձեր վկայություններն իմ ուղերձների մեկնաբանություններում։ Որոշ վկայություններ իմ սիրտը լցնում են մեծ ուրախությամբ, հատկապես, երբ դրանցում կարդում եմ հետևյալ խոսքերը․«Իմ կյանքը փոխվել է․․․ Ես որոշել եմ նոր կյանք սկսել․․․ Որոշել եմ մոտենալ Աստծուն․․․ Հիմա գիտեմ, որ Տերը ինձ սիրում է․․․»։ Փա՜ռք Աստծուն բոլոր փոխակերպված կյանքերի և Աստծուն ճանաչելու ու Նրան մոտենալու որոշումների համար։
Սիրելի՛ բարեկամ, սակայն լինում են նաև նամակներ, որոնք ինձ մղում են աղոթելու, քանի որ դրանք պատմում են իսկապես բարդ դրության մեջ հայտնված մարդկանց ծանրագույն իրավիճակների մասին։
Այսօր ուզում եմ Աստծո Խոսքով քաջալերել քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգում է քեզ համար։ Դու ունես անհրաժեշտ ներուժը․․․ Եթե անգամ այսօր չես հավատում իմ ասածին, ապա հավատա՛ Աստծու Խոսքին։ Եթե միայն փնտրես Աստծուն և Նրա կամքը, ապա այն ամենը, ինչն անհնարին է քեզ համար, հնարավոր է դառնում, եթե քո ընթացքն անցնես ոչ թե միայնակ, այլ անհնարինը հնարավոր դարձնող Տիրոջ հետ։ Աստված Իր հոգով, Իր ներկայությամբ, Իր կյանքով և Իր սիրով քո կողքին է։
Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել քո առջև կանգնած խոչընդոտը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերվի՛ր և աչքերդ ուղղի՛ր դեպի Տերը։ Իմ և քո Փրկիչը դեռ չի ասել Իր վերջին խոսքը։ Աստծու հավատարիմ զավակների համար մարդկայնորեն անհնարինի լուծումը Նրա ամենակարողության մեջ է։ Երբ մենք ժայռի եզրին ենք հասել և թվում է, թե ոչ մի ելք այլևս չկա, Աստված գերբնական միջամտությամբ ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նրա օգնությունը երբե՛ք չի ուշանում։
Սաղմոս 46․1 խոսքում կարդում ենք․ «Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ»։
Դու թույլ չե՛ս։ Դու քա՛ջ ես, որովհետև այդ քաջությունը Տերն է դրել քո մեջ։ Ես գիտեմ դա և հավատում եմ դրան։ Չհավատա՛ս չարի ուղարկած կասկածի և անհավատության մտքերին։ Աստված մի օր ասաց մեծ դժվարությունների առաջ կանգնած Հեսուին․ «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև այս ժողովրդին դո՛ւ ժառանգել պիտի տաս այն երկիրը, որի համար երդվեցի սրանց հայրերին, որ կտամ նրանց» (Հեսու 1.6):
Իսկ այսօր Տերը քե՛զ է ուղղում Իր Խոսքը․ «Զորացի՛ր և քա՛ջ եղիր, որովհետև Ես քեզ կանչել եմ Ինձ ծառայելու հատուկ առաքելությամբ։ Դու պետք է շատերի համար հավատքի կյանքի ու նվիրվածության օրինակ դառնաս։ Քեզ նայելով՝ տեսնելով քո հավատքն ու քաջությունը, դժվարությունները հաղթահարելու քո զորությունն ու հավատարմությունը, նրանք հավատալու են Ինձ և ընդունելու են իրենց համար պատրաստած Իմ փրկությունը։ Զորացի՛ր և քա՛ջ եղիր»։
Իսկ հիմա ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ։ Ես աղոթում եմ, որ Քո խաղաղությունը հիմա իջնի ինձ վրա, որպեսզի Քո կատարյալ սերը դուրս մղի իմ ներսում առկա ամբողջ տագնապը։ Ես խնդրում եմ Քեզ, որ լցնես ինձ Քո քաջությամբ ու զորությամբ, որպեսզի իմ դժվարությունների մեջ ես հավատքի օրինակ լինեմ իմ շրջապատի մարդկանց համար և Քո սուրբ անունը փառավորեմ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը