Սիրելի՛ բարեկամ, երբեմն այս աշխարհի լուրերը, անձնական հարաբերությունները կամ մեր կյանքի որոշ բարդ իրավիճակներ կարող են գողանալ մեր խաղաղությունն այնպես, ասես մենք պայքարի մեջ ենք մի անտեսանելի թշնամու դեմ:
Մեր կյանքի ամենադժվարին իրավիճակներում Տեր Հիսուսը մեր կողքին է: Նա երբե՛ք մեզ չի լքում և չի թողնում մենակ մեր խնդիրներին դեմ հանդիման: Տեր Աստծու ներկայությունը խաղաղեցնում է մեր հոգին, մեր սիրտն ու մեր անձը: Ահա թե ինչ է ասում սաղմոսերգուն. «Հիրավի, իմ անձը հանդարտեցրի և հանգստացրի մոր կաթից կտրված մանկան պես, իմ անձը՝ կաթից կտրված մանկան պես» (Սաղմոս 131.2):
Եթե դու որոշել ես ապրել Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններով, ապա Նա քեզ հետ է լինելու քո կյանքի բոլոր օրերին: Տերն է քո խաղաղությունը այսօր և ընդմիշտ: Դու կարող ես հանգիստ ու խաղաղ լինել Նրա կողքին, և լինել շատ մոտ Նրա սրտին:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը մի զորավոր խոստում ունի, որը վերաբերում է միայն Նրա կամքին հնազանդ աշակերտներին: Դարձի՛ր Նրա հավատարիմ աշակերտը: Դարձի՛ր Նրա կամքին հնազանդ կյանքով ապրող հավատացյալ: Դարձի՛ր Աստծուն սիրող և Նրա հանձնարարած առաքելության իրագործմանը նվիրված քրիստոնյա: Այդ պարագայում դու երբե՛ք մենակ չես մնա քո խնդիրների ու դժվարությունների դեմ պայքարում: Տերը խոստում ունի: Նա քեզ երբե՛ք մենակ չի թողնի:
«…սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը»։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթեոս 28.19-20):
Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով. «Շնորհակալ եմ, Տե՛ր Հիսուս Քո սիրո և խաղաղություն պարգևող ներկայության համար: Շնորհակալ եմ Քո հոգատարության ու խնամքի համար: Շնորհակալ եմ Քո կատարյալ խաղաղությամբ իմ կյանքի փոթորիկները հանդարտեցնելու համար: Դու իմ խաղաղությունն ես, Տե՛ր: Քո շնորհիվ ես հանգիստ եմ, խաղաղ և ապահով: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով: Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը