Երբեմն մեր կյանքում Տեր Աստծու խոստումների իրագործման համար բավականին երկար ժամանակ է հարկավոր։ Եվ երբ դրանք սպասվածից դանդաղ են իրագործվում, մեր կյանքի ներկա հանգամանքները կարող են անհամապատասխան թվալ Նրա աստվածային ծրագրին: Բայց մենք պետք է վստահենք Աստծուն, նույնիսկ երբ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ ընթանում, քանի որ Նա կարող է կարգավորել ցանկացած իրավիճակ և անել այնպես, որ երբ անցնենք և հաղթահարենք մեր կյանքի խավար ու դժվարին ընթացքներն ու հետ նայենք, հասկանանք, որ Տերը մեզ հետ է եղել մեր դժվարությունների մեջ և դրանք օգտագործել է մեր բարիքի համար։ Աստված է տիրում մեր կյանքում և Նա՛ է պատմության, այդ թվում նաև՝ մեր կյանքի պատմության ղեկին։
Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ, որ միասին խորհենք, թե Ո՛վ է կանգնած այս խոստման հետևում։ Անշուշտ, պատասխանը միանշանակ է՝ Աստված։ «․․․Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար» արտահայտությունը մեզ հուշում է, որ Տեր Աստվա՛ծ է վերցնում մեր կյանքի իրավիճակները և շրջում դրանք դեպի բարին։
Եթե դու Աստծուն սիրող մարդ ես, ապա իմացի՛ր, որ Տերն ուզում է քեզ այսօր հետևյալ քաջալերանքն ուղղել…
«Զավակս, Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ քո մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի քեզ ապագա և հույս տամ» (տե՛ս Երեմիա 29.11 խոսքը)։
Երբեմն դժվար է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում քո կյանքում և ինչո՞ւ։ Սակայն, եթե դու հավատացել ես Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին և Քրիստոսին ընդունել ես քո կյանքի Տեր ու Փրկիչ, ապա մի բանում կարող ես վստահ լինել՝ «․․․ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար», որովհետև ամեն ինչ Տեր Հիսուսի ոտքերի տակ է հնազանդեցված (տե՛ս Եբրայեցիս 2․8 խոսքը)։
Ժամանակներն Իմ ձեռքում են: Եվ դու նույնպես Իմ ձեռքում ես (տե՛ս Սաղմոս 95.4 խոսքը):
Ես եմ հավիտենական Վեմը (տե՛ս Եսայիա 26.4 խոսքը), և Ես Իմ ձեռքով քեզ կծածկեմ․․․ (Ելից 33:22-23)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված Իր Խոսքի մեջ հստակ ասում է՝ Ես սիրում եմ քեզ։ Նա քեզ սիրել է նախքան աշխարհը հիմնելը: Նա ապացուցել է Իր սերը իմ և քո հանդեպ՝ հանուն մեր փրկության խաչի վրա զոհելով Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդուն: Եվ Նա միշտ սիրելու է քեզ։ Աստծու Խոսքն ասում է, որ դու երբեք մենակ չես:
Եթե որոշես դառնալ Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը, ապա հիշի՛ր, որ Նա Իր աշակերտներին խոստացել է, որ մեզ հետ է լինելու մինչև աշխարհի վերջը (տե՛ս Մատթեոս 28.20 խոսքը): Նա քեզ որբ չի թողել (տե՛ս Հովհաննես 14.18 խոսքը): Նրա Սուրբ Հոգին ապրում է քո մեջ և առաջնորդում քեզ ամեն օր: Սպասի՛ր ու կտեսնե՛ս, թե ինչպես է Նա գործելու քո կյանքում զարմանահրաշ ու գերբնական միջամտությամբ: Պատրաստ եղի՛ր, քանի որ քո կյանքի իրավիճակը կարող է հանկարծակի փոխվել դեպի բարին: Նա տիրում է քո կյանքում:
Վստահի՛ր Աստծուն։ Վստահի՛ր, նույնիսկ երբ թվում է, թե ամեն բան սխալ ուղղությամբ է շարժվում։ Տերը կարո՛ղ է փոխել քո կյանքի ընթացքը։ Նրա ծրագրերը քեզ համար բարի են և լի օրհնություններով: Եվ հիշի՛ր, որ այն կոչումը, որը Նա դրել է քո կյանքի համար՝ այն կանչվածությունը, որի համար Նա քեզ լույս աշխարհ է բերել, անդառնալի է: Խաղաղվի՛ր։ Քո կյանքը Նրա ձեռքերում է։ Նա կանգնած է Իր Խոսքի ու խոստումների հետևում։
Հորդորում ու խորհուրդ եմ տալիս այսօր հատուկ ժամանակ հատկացնել, որպեսզի խորհես ու մտորես այն մասին, թե Ո՛վ է կանգնած այս զորավոր խոստման հետևում․ «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը