July-2

Գլխավոր | Հրաշքներ | Գուցե դեռ մի պատերազմի մե՞ջ ես, որը վաղուց ավարտվել է հաղթանակով

Գուցե դեռ մի պատերազմի մե՞ջ ես, որը վաղուց ավարտվել է հաղթանակով

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քեզ մի պատմություն պատմել։ Հիրո Օնոդան ճապոնացի հետախույզ էր, ով 1944 թվականի դեկտեմբերին միացավ Վակայամայի 61-րդ հետևակային գնդին։ Նրանց առաքելությունը Ֆիլիպպիններում էր, որն այն ժամանակ Միացյալ Նահանգների տարածքն էր, սակայն գրավվել էր Ճապոնիայի կողմից։ 1945 թվականին ամերիկյան զորքերը հետ գրավեցին կղզին։ Սակայն Օնոդայի համար, ով թաքնված էր կղզում, պատերազմը դեռ շարունակվում էր։ Նա չէր հավատում, որ այն ավարտվել է։ Հայրենիքում նա համարվում էր անհետ կորած և 1959 թվականին պաշտոնապես ճանաչվեց որպես մահացած։ Դրանից հետո ճապոնացի մի ուսանող գտավ նրան, սակայն Օնոդան համառորեն մերժում էր պատերազմի ավարտված լինելու միտքը, քանի դեռ իր հրամանատարությունը չէր տվել նրան զենքը վայր դնելու հրամանը։ Օնոդայի նախկին հրամանատարներից մեկը ստիպված եղավ ճամփորդել Ֆիլիպինների Լյուբանգ կղզի և տեղեկացնել Երկրորդ Համաշխարհային պատերազմում Ճապոնիայի կրած պարտության մասին։ Այդ պատերազմի ավարտից միայն 29 տարի անց Օնոդան լքեց Ֆիլիպինների ջունգլիները… 

Մինչ այս պատմությունը կարող է անհավատալի թվալ քեզ, պետք է նշեմ, որ երբեմն հենց մենք ենք շարունակում պատերազմել այնտեղ, որտեղ պատերազմը վաղուց ավարտված է։ Նույնիսկ եթե մենք անկեղծորեն վստահում ենք Աստծուն մեր փրկության պարագայում, հնարավոր է, որ նույն համոզվածությամբ չենք վստահում Նրան մեր կյանքի մնացած բնագավառներում։ Մեր հաղթանակի հարցում Տեր Աստծուն չվստահելը հատկապես ակնառու է դառնում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր ոլորտի, ինչպիսին, օրինակ, ֆինանսն է։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա շատերս կարող ենք խնդիրների բախվել անգամ Աստծու Խոսքի այնպիսի հատվածների հանդեպ անսասան հավատք ունենալու հարցում, ինչպիսին այս հատվածն է. «Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (‭‭Փիլիպպեցիս‬ ‭4․19):

Այսօր քաջալերում եմ քեզ ամուր կառչել Աստծու Խոսքից։ Աստված մարդ չէ, որ ստի։ Հովհաննես ‭8․36‬ խոսքում կարդում ենք․ «Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք»։

Խաչի վրա Տեր Հիսուսը մահացավ՝ Իր վրա վերցնելով իմ և քո կյանքի բոլոր անեծքները։ Սա նշանակում է, որ Նա մահացավ նաև քո ֆինանսական ազատության համար։ Եթե միա՜յն հասկանանք, որ Նա վաղուց հաղթել է նաև այս պատերազմում․․․ Եթե միայն հասկանանք, որ այդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է՝ այն պայմանով, որ մենք ապրենք ֆինանսական հավատարմության վերաբերյալ Աստծու Խոսքի սկզբունքներին համահունչ։ Այդ ժամանակ մենք կդադարենք պատերազմել ու տառապել մեր կյանքի մի ոլորտի համար, որում Որդին վաղուց մեզ ազատել է ամեն տեսակ անեծքներից և օրհնության հաղթանակներ հոգացել մեզ համար։

Եվ եթե քո կյանքում ֆինանսական ճգնաժամերը պարբերաբար կրկնվում են և ոչ թե հավատքի փորձություններ են, այլ դարձել են քո կյանքի անբաժան մասը, ապա խորհուրդ կտամ խնդիրը փնտրես քո բնավորության, աշխատանքի հանդեպ քո վերաբերմունքի, ֆինանսները ծախսելու հարցերում և Աստծու Խոսքի փոխանցած ֆինանսական հավատարմության հանդեպ քո մոտեցման մեջ։ Աստված վաղուց հաղթել է քո պատերազմը։ Սակայն, հնարավոր է, որ դու, ճապոնացի Օնոդայի նման, դեռ տեղյակ չես այդ պատերազմի ավարտի մասին։

Ուզում եմ քեզ իմ կյանքից վկայել։ Մի քանի անգամ, երբ ֆինանսական ծանրագույն վիճակում եմ եղել․․․ այնպիսի վիճակում, որ ելք պարզապես չի երևացել, Աստված գերբնական կերպով հոգացել է, և ես կա՛մ մի նոր թարգմանության առաջարկ եմ ստացել (վերջին տարիներին իմ եկամտի մի մասը անգլերենից հայերեն թարգմանություններից է գոյանում), կա՛մ իմ ծանոթներից մեկը տարիներ առաջ վերցրած պարտքն է վերադարձրել, կա՛մ էլ Աստված մեկ այլ կերպով ֆինանսական օրհնություն է հոգացել ինձ համար։ Նա սիրում է Իր զավակների համար հոգ տանել։

Աստծո համար թանկ ու կարևոր զավակ, անշուշտ, սա չի նշանակում, որ միշտ, երբ կարիքի մեջ եմ եղել, Աստված գերբնական հրաշք է արել։ Կարծում եմ՝ երբեմն Տերը փորձում է Իր հանդեպ մեր հավատարմությունն ու երախտագիտությունը՝ անկախ մեր իրավիճակներից ու ճգնաժամերի ուժգնությունից։ Սակայն, այնուամենայնիվ, այսօր ուզում եմ քաջալերել քեզ, քանի որ Աստված երբե՛ք անտարբեր չի մնում մարդկանց կարիքների նկատմամբ։ Հավատում եմ, որ Նա կմիջամտի նաև քո իրավիճակին։ Հավատարիմ եղի՛ր Նրա սկզբունքներին։ Կառչի՛ր Նրա Խոսքից։ Հավատա՛ Նրա խոստումներին։ Եվ եթե ամեն բանից առաջ Նրա Արքայությունը և Նրա արդարությունը փնտրես քո կյանքում, ապա Աստված ԿՀՈԳԱ քո բոլոր կարիքները։

«Դուք նախ Աստծու արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: