Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սուրբծննդյան նվերներ Էջմիածնի Էմմանուել եկեղեցուց» անվանումը։ Այո՛, Քրիստոսի ճշմարիտ աշակերտը երբե՛ք իր տեսադաշտից չպետք է հեռացնի Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականը։
«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):
Սիրելի՛ բարեկամ, մեր հաջորդ նվերը Աստվածաշնչի ընթերցանությանն է վերաբերում։ Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականն անհնար է իրագործել, եթե մենք ինքներս չենք քայլում հոգևոր աճի ու հասունության ճանապարհով։ Որպեսզի մենք ունակ լինենք մյուսներին դարձնելու Քրիստոսի աշակերտները, նախ ինքներս պետք է դառնանք կարգապահ ու հավատարիմ աշակերտներ։ Մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք դասընթացների և աշակերտական խմբերի մեջ ընդգրկվելու կարևորության մասին։ Իսկ այս ուղերձի մեջ ուզում եմ շեշտադրել Քրիստոսի աշակերտի Դասագրքի կարևորությունը։
«Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի» (Բ Տիմոթեոսին 3․16-17):
Առանց Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության հոգևոր մարդը նման է զինվորի, որը կանոնավոր չի սնվում։ Ինչպե՞ս կարող է մի քանի օրը կամ, առավել ևս, մի քանի շաբաթը մեկ սնվող զինվորը դուրս գալ մարտի և լինել մարտունակ՝ թշնամու պատրաստված զորքի դեմ ճակատամարտերում։ Նմանապես, Քրիստոսի աշակերտը չի կարող դիմակայել այս աշխարհի փորձություններին ու գայթակղություններին, հիասթափություններին ու անարդարություններին, եթե կանոնավոր հոգևոր սնունդ չի ընդունում գրքերի Գիրք Աստվածաշնչից։
Մեր հերթական նվերը կրում է «Աստվածաշնչի ընթերցանության ուղեցույց» անվանումը։ Այն կարող ես գտնել մեր եկեղեցու կայքում՝ https://echmiadzin.am/astvacashntchi-yntercanutyan-cragir/
Ուղեցույցը կազմված է 53 շաբաթների բաժանված հանձնարարություններից և 70 բացատրական դասերից Աստվածաշնչի յուրաքանչյուր գրքի և որոշ դեպքերում նաև՝ գրքի հատվածների վերաբերյալ։ Այդ 53 բաժիններից յուրաքանչյուրի վրա սեղմելով՝ դու կգտնես Հանձնարարություն, Բացատրական դաս և Ընթերցանություն ենթաբաժինները։ Հանձնարարության տեսանյութը մոտ մեկ րոպե է տևում։ Դրանում խոսվում է տվյալ շաբաթվա ընթերցանության և բացատրական դասի մասին։ Բացատրական դասը մոտ մեկ ժամանոց ուսուցում է տվյալ հատվածի ընթերցանության մասին։ Իսկ Ընթերցանություն բաժնում գրված է տվյալ շաբաթվա ընթերցանության աստվածաշնչյան գիրքն ու գլուխները։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հորդորում եմ քեզ, որ աղոթքով փնտրես Սուրբ Հոգու առաջնորդությունը, թե ո՛ւմ կարող ես ծառայել՝ հրավիրելով նրանց միանալու Աստվածաշնչի ընթերցանության ուղեցույցին։ Առանց Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության Քրիստոսին հավատացող մարդիկ հետընթաց են ապրում հավատքի կյանքում։ Աստվածաշունչ ընթերցող հավատացյալներին շատ դժվար է մոլորեցնելը, ճշմարիտ ճանապարհից շեղելն ու գայթակղելը։ Հուսով եմ, որ քո հոգևոր կյանքում իրական օրհնություն կլինի մեր այսօրվա նվերը և այն նաև կբաժնեկցես քեզ մտերիմ ու Տիրոջը սիրող մյուս մարդկանց հետ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը