April-2

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սեր է

Աստված սեր է

Այսօր շարունակում ենք ուղերձների մեր շարքը՝ հիմնված Փոլ Յանգի համանուն վեպի մոտիվներով նկարահանված «Հյուղակը» ֆիլմի վրա։ Հիշեցնեմ, որ ֆիլմում նկարագրվում է Մաք անունով մի մարդու պատմությունը, որը կորցրել է դստերը ողբերգական հանգամանքներում: Մաքը Աստծուց առեղծվածային հրավեր է ստանում, և նրանք պայմանավորվում են հանդիպել հե՛նց ողբերգության վայրում:         Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս ուզում եմ քեզ հետ կիսվել մտքերով, որոնք վերցված են այդ ֆիլմից, սակայն ունեն նաև աստվածաշնչյան հիմք։ 

Աստված սիրող Աստված է: Աստվածաշնչում նաև ասվում է, որ Նա ոչ միայն սիրում է, այլև սեր է (տե՛ս Ա Հովհաննես 4․16 խոսքը)։

Սիրո էությունը սիրելն է՝ մեր սրտի այդ առանձնահատուկ զգացումը մեր վերաբերմունքի ու վարքագծի միջոցով մյուսների հանդեպ դրսևորելը: Իրականում, սեր չի կարող գոյություն ունենալ, եթե չլինի այն մեկը կամ այն բանը, որի հանդեպ պետք է սերը դրսևորվի։ Ավելի պարզ ասած՝ սերը չի կարող միայնակ գոյություն ունենալ։ Միշտ պետք է լինի անձ, առարկա, երևույթ կամ մեկ այլ բան, որը սիրում ես։

Ֆիլմի մի տեսարանում Տեր Հիսուսի կերպարը մարմնավորող դերասանը բացատրում է Մաքին այն սիրո հարաբերությունը, որը միավորում է Նրան, Հորը և Սուրբ Հոգուն: Ֆիլմի այս հատվածը ցույց է տալիս այն փաստը, որ Աստված հարաբերությունների Աստված է և որ Աստված սեր է: Հոր, Որդու և Սուրբ Հոգու հարաբերությունը հենց սիրո հարաբերություն է: 

Ինչպե՞ս է դա հնարավոր։ Զորավոր Աստված, Ում մենք պատկերացնում ու ընկալում ենք որպես ահեղ ու ամենակարող, բարձրյալ և անսահման մեծ Աստված, սիրում է մեզ՝ աննշան արարածներիս: Աստված սիրում է քեզ և մեծ փափագ ունի լցնելու քեզ Իր սիրով: Շատերը չեն հավատում աստվածաշնչյան այս անխախտ ճշմարտությանը։ Սուրբ Գրքում բազմաթիվ հատվածներ են նկարագրում այն առանձահատուկ սերը, որը Հայրը տածում է քո հանդեպ: Ահա՛ դրանցից մի քանիսը:

• (Երեմիա 31․3) «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի Ինձ քաշեցի»։

• (Ա Մնացորդաց 16․34) «Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է, և Նրա ողորմությունը հավիտենական է»։

• (Հռոմեացիս 5․8) «Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր աշխարհում և մեր օրերում շատերն են խոսում սիրո մասին։ Սակայն մեր աշխարհը սրընթաց կերպով դեպի կործանում է գնում հե՛նց սիրո պակասի պատճառով։ Եվ ատելության, կեղծիքի, դավաճանությունների, հիասթափությունների և խաթարված հարաբերությունների մերօրյա աշխարհում մեծ կարևորություն ունի մեր հանդեպ Աստծու անսահման մեծ ու զոհաբեր սիրո մասին ճշմարտությունն իմանալը։ 

Այսօր աղոթում եմ, որ մի կողմ դնես քո բոլոր պատկերացումները, վերցնես Աստվածաշունչը և ընթերցես Տեր Հիսուսի սիրելի աշակերտի՝ Հովհաննեսի ավետարանն ու Նրա կողմից գրված երեք ուղերձները։ Հավատում եմ, որ Աստված քո սրտում կառուցելու է Իր սիրո հանդեպ անսասան մի համոզմունք, որը քեզ օգնելու է Նրա հայրական սիրո և հոգատարության ջերմությունն ընդունելու հարցում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: