Սիրելի բարեկա՛մ, հաջորդ յոթ օրերի ընթացքում մենք մանրամասն ուսումնասիրելու ենք Հեսու 1․9 խոսքը:
Մենք կբացահայտենք ուժեղ և համարձակ մարդ դառնալու որոշ բանալիներ, որպեսզի լինենք Աստծո հենց այնպիսի զավակներ, ինչպիսին Տերն է ուզում մեզ տեսնել մեր կյանքի դժվարությունների և հոգևոր ընթացքի մեջ:
Աստվածաշնչում Աստված խոսում է Հեսուի հետ և ասում. «Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
Հեսուն կանգնած էր մեծ մարտահրավերի առջև: Նա փոխարինել էր Մովսեսին, ով անհավանական համբերատար և բացառիկ առաջնորդ էր եղել Աստծո ժողովրդի համար: Եվ ո՞րն էր լինելու Հեսուի առաքելությունը: Նա պետք է Իսրայելի ժողովրդին առաջնորդեր Ավետյաց երկիրը պատերազմով վերցնելու առաքելության մեջ՝ բախվելով այն նույն զորավոր ազգերին ու վտանգավոր թշնամիներին, որոնցից սարսափել էին տասը լրտեսները ուղիղ քառասուն տարի առաջ։
«Ահա պատվիրում եմ քեզ․․․» -, Աստված այս խոսքերով է դիմում Հեսուին։
Աստված մեզ նույնպես տալիս է անվախ լինելու հրահանգը:
Եթե դու պատանի ես և անցնում ես քո կյանքի բարդ ժամանակահատվածով, կամ մեկն ես, ում կյանքում հարաբերությունների ճգնաժամ է, կամ կան աշխատանքի ու ֆինանսների հետ կապված խնդիրներ, կամ անհանգստություններ ունես առողջությանդ առումով, կամ էլ այնպիսի սխալ քայլեր ես արել, որոնց հետևանքները կարող են կործանարար լինել, ապա ուզում եմ քեզ հիշեցնել, որ եթե Տեր Աստծո հետ ճիշտ հարաբերության մեջ ես, ապա Նա քեզ ցույց կտա ցանկացած փակուղուց դուրս գալու ճանապարհը և կառաջնորդի քեզ անհավանական հաղթանակների մեջ։
Աստվածաշնչում կարդում ենք․ «Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց» (Սաղմոս 33․9)։
Այն, ինչ խոստացել է Աստված, անպայման իրականանալու է, և այն, ինչ Նա հրահանգել է, ոչ ոք չի կարող չեղարկել: Խնդիրը միայն Նրա հետ մեր փոխհարաբերության մեջ է։ Եթե մենք Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ ունենք ճիշտ վերաբերմունք, ապա Նրա խոստումները կգործեն մեր կյանքում։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, իսկ դու ինչպիսի՞ մարտահրավերների առջև ես կանգնած։ Աստված կարո՛ղ է նաև քեզ զորացնել։ Նա այնպիսի Տեր է, որ կարող է և ցանկանում է ամրացնել քո հավատքն ու վստահությունը Իր հանդեպ և Նրա հետ ու Նրանով քեզ համար պատրաստված ապագայի հանդեպ: Եվ մի լավ նորություն կա՝ Աստված երբեք չի սխալվում Իր ծրագրերում:
Ե՛կ միասին նայենք Երեմիա մարգարեի կյանքի այս օրինակին. «Այնուհետև Տիրոջ խոսքը ուղվեց ինձ ՝ ասելով. «Քեզ որովայնում չկազմած՝ Ես ընտրեցի քեզ, և քեզ, արգանդից դեռ դուրս չեկած, Ես սրբեցի. Ես քեզ ազգերին մարգարե եմ դրել։ Այնուհետև ես ասացի. «Օ՜, ո՛վ Տեր Աստված, ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»։ Բայց Տերն ասաց ինձ. «Մի՛ ասա. Ես մանուկ եմ, այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս և ամենը, ինչ որ քեզ հրամայեմ, կխոսես։ Նրանց երեսից մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ»,- ասում է Տերը։ (Երեմիա 1․5-6,8-9):
Այսօր հավատա՛, որ Աստված քո կյանքի համար նույնպես ունի ծրագիր և խոստումներ: Նա հրահանգում է և ամեն բան հենց այդպես էլ լինելու է:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը