Մենք հաճախ մոտենում ենք շնորհքի գահին մեր ակնկալիքներով և խնդրանքներով, երբ կարիքի մեջ ենք և զգում ենք Տեր Աստծու գերբնական միջամտության կարիքը։ Դա ճիշտ է և հնազանդության դրսևորում է աստվածաշնչյան պատվերին: Բայց որքա՞ն հաճախ ենք մենք գալիս Աստծու մոտ և հարցնում Նրան՝ Տե՛ր, իսկ Դու ի՞նչ ես ուզում, որ անեմ․․․ի՞նչ ես ակնկալում ինձնից:
Սիրելի՛ բարեկամ, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Ի՞նչ է նշանակում Նրա արդարությունը փնտրելը:
Աստվածաշնչում կարդում ենք․ «Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ» (Միքիա 6․8):
Աստված ակնկալիքներ ունի քեզնից։ Բաներ կան, որ Նա պահանջում է, որ դու անես, և որակներ կան, որոնք Նա ուզում է տեսնել քո մեջ։ Եթե մենք իրապես Նրա Արքայության դեսպաններն ենք, ինչպես պնդում է Աստվածաշունչը բոլոր Նրան հավատացողների և Քրիստոսով փրկվածների համար, ապա Աստված երբե՛ք չի հանդուրժի, որ մենք ներկայացնենք Իրեն առանց Իր իսկ տված հրահանգների ու ցուցումների: Ահա մի քանի գործնական օրինակներ, թե ինչ է Տերը պահանջում մեզնից, եթե մենք Նրա արդարությունն ենք փնտրում մեր կյանքում.
1․ – Աստված պահանջում է, որ մենք մեր կյանքում գործադրենք Նրա Խոսքը: «Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք» (Հակոբոս 1․22):
Եթե մենք ժամանակ չհատկացնենք Աստծու Խոսքի շուրջ մտորելուն, շատ հավանական է, որ հեշտությամբ խաբվենք մեր անհնազանդության սին հիմնավորումներով։
2․ – Աստված պահանջում է, որ մենք լինենք ողորմասիրտ։ Այլ կերպ ասած՝ լցված լինենք կարեկցանքով, բարությամբ, առատաձեռնությամբ և միմյանց օգնենք՝ մեր շնորհներն ու այն արժեքները միմյանց փոխանցելով, որոնք իշխում են Աստծու Արքայության մեջ։ Հուսով եմ՝ տեղյակ ես երկու մեծագույն պատվիրաններին։ Ահա՛ դրանք․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Մատթեոս 22․37-39):
Հե՛նց այս երկու պատվիրանների վրա է կառուցված ամբողջ Օրենքը։ Սիրի՛ր Աստծուն և սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես։ Սա Աստծու պահանջն է և ծրագիրը ինձ և քեզ համար:
3․ – Աստված պահանջում է, որ մենք խոնարհ կյանք ունենանք Իր Խոսքին հնազանդության պտուղներով: «Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում» (Առակաց 15․33):
Տեր Հիսուսը խոնարհության մեր կատարյալ օրինակն է: Այո՛, խոնարհությունը հե՛նց Աստծուն հաճեցնելու փափագն է և ձգտումը՝ այնպիսի կյանքով ապրելու, որն Աստծու տեսանկյունից արդար կյանք է համարվում։ «Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից» (Եսայիա 58․8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հրավիրում եմ քեզ օգտվել պահից և հարցնել Աստծուն, թե ի՞նչ է Նա՛ ակնկալում ու պահանջում քեզնից: Քո այս հարցին Աստծու պատասխանները դու կարող ես գտնել Աստվածաշնչի էջերում։ Փորձի՛ր ամեն լսածդ կարծիքների ու խորհուրդների հաստատումը գտնել Աստծու Խոսքի մեջ։ Դու ո՛չ թե մարդկանց արդարությունը պետք է փնտրես, այլ Աստծու արդարությունը։ Եվ հենց համոզվես, որ քո ստացած պատասխանը համապատասխանում է Աստծո Խոսքին, քեզ մնում է միայն մեկ բան անել՝ սկսել գործել և առաջ շարժվել Տեր Աստծու կամքին հնազանդության մեջ:
Կաղոթե՞ս ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես ուզում եմ անել այն, ինչ Դո՛ւ ես պահանջում ինձնից… Ես ուզում եմ կատարելապես ուրախացնել Քո սիրտն ու այնպիսի կյանքով ապրել, որը կհաճեցնի Քեզ: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ իմ կյանքում կիրառել Քո Խոսքի սկզբունքները՝ սիրել այնպես, ինչպես Դու ես սիրում, և խոնարհությամբ քայլել Քո առաջնորդության ներքո: Օգնի՛ր ինձ հասկանալ Քո ակնկալիքներն ինձնից և փնտրել Քո արդարությունը: Թող հե՛նց այսօրվանից սկսած մուտք գործեմ Քո կամքին հնազանդվելու ժամանակաշրջանի մեջ և զգամ Քո ներկայությունն իմ ներսում: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը