Ինչպես նախկինում արդեն նշել եմ, «Քո հրաշքն՝ ամեն օր» ծառայությունը միջազգային ծառայություն է։ Տարբեր հեղինակներ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր լեզուներով ուղերձներ են պատրաստում՝ Տեր Աստծու համար թանկ ու սիրելի քեզ նման մարդկանց համար։ Այս ծառայության հիմնադիրը ֆրանսիացի Էրիկ Սելեղիեն է, որը հրաշալի մի մարդ է, Քրիստոսի նվիրյալ հետևորդ, և նրա ամենօրյա ուղերձները օրինակ են տարբեր լեզուներով, ամեն օր միլիոնավոր մարդկանց համար քաջալերական ուղերձներ պատրաստող հեղինակների, այդ թվում նաև՝ ինձ համար։
Սիրելի՛ բարեկամ, իմ ամենօրյա ուղերձները պատրաստելիս ես հաճախ եմ օգտվում Էրիկի գրառումներից, և նման գրառումներից մեկի մեջ մի պատմություն կարդացի, որն այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել։ Դա մի կնոջ վկայություն էր, որը խորապես հուզել է ինձ և կարող է քաջալերանք լինել քեզ համար կամ, գուցե, քեզ հարազատ ինչ-որ մեկի համար, ում խնդիրներն իսկապես անլուծելի են թվում: Ահա՛ թե ինչ էր գրում այդ կինը։
«Ես 28 տարեկան երիտասարդ կին եմ: Դժվար մանկություն եմ ունեցել: Ծնողներս ամուսնալուծվեցին, երբ 3 տարեկան էի։ Մայրս լքեց մեզ և թողեց մեր հայրիկի մոտ: Հետագա տարիներին մենք հասկացանք, թե ինչ է սովը, նվաստացումը, որոշ բաներ ունենալու ցանկությունը, որոնք երբեք չէինք կարողանում գնել փողի սղության պատճառով, և այլն։
Նման կյանքի արդյունքում ես խորը տառապանք էի ապրում, իմ ինքնագնահատականն աղավաղված էր, ունեի վստահության պակաս, ինձ միշտ ստորադաս էի զգում մյուսներից և հավատում էի, որ ոչ մի լավ բանի արժանի չեմ:
Թեև հայրս հովիվ էր, բայց ես չգիտեի ու չէի կարողանում ընկալել, որ Աստված իմ երկնային Հայրն է: Վերջապես ես դա հասկացա, երբ արդեն 28 տարեկան էի։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի՜ տարի է սատանան ինձ խաբել ու խոշտանգել:
Այս տարի Աստված երազի միջոցով հայտնվեց ինձ ու ցույց տվեց, որ իմ կյանքի ողջ ընթացքում Նա երբեք չի լքել ինձ, որ միշտ իմ կողքին է եղել և սիրել ու սիրում է ինձ: Երբ արթնացա, արցունքներս անձայն, առվակի նման հոսում էին աչքերիցս։ Անմիջապես ծնկի իջա և աղոթեցի: Այդ օրը զգացի, թե ինչպես իմ երկնային Հոր սերն ամբողջովին պարուրեց ու ասես գրկեց ինձ, և ես սկսեցի երկրպագել Նրան:
Ես արդեն ունակ էի ընկալելու Սուրբ Հոգուն՝ որպես իրական անձնավորություն, այլ ոչ թե միայն որպես «ինչ-որ զորություն»: Ես Նրան դարձրի իմ կյանքի ամենավստահելի Անձն ու իմ ամենամտերիմ Ընկերը: Նա աստվածային, հզոր, խոնարհ, նուրբ Անձնավորություն է, Ում ներսը ցնծում է ուրախությունից, երբ մենք երջանիկ ենք:
Այս անմոռանալի փորձառությունից հետո իմ կյանքն ամբողջովին փոխվել է: Ես նոր մարդ եմ։ Հին բաներն իսկապես անցել են: Այսօր ես լիարժեք կերպով ապրում եմ իմ կյանքը, համարձակորեն եմ դիմակայում իմ կյանքի մարտահրավերներին և դարձել եմ վստահությամբ լի մի անձնավորություն: Ես հիմա գիտեմ, որ ոչ մեկից ցածր չեմ, սակայն գիտեմ նաև, որ բոլորս պարզապես տարբեր ենք: Ես սիրում եմ Տիրոջն իմ ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու ամբողջ մտքով:
Ես կիսվում եմ իմ վկայությամբ, որպեսզի քաջալերեմ բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են տրտմության, սթրեսների, դեպրեսիայի, ցածր ինքնագնահատականի, մերժվածության և միայնության դեմ: Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ Աստված մեր Հայրն է: Վստահի՛ր Նրան և հավատա՛ Նրան: Նա կարո՛ղ է քո քաոսային կյանքը վերածել դեպի վերելք տանող մի զորավոր ընթացքի»:
Ինչպիսի՜ հրաշալի վկայություն։ Փա՜ռք Աստծուն։ Նա կյանքեր փոխող Աստված է: Նա կարող է մեկ ակնթարթում փոխել ամեն բան: Շնորհակալություն այս հրաշալի վկայության հեղինակին նրա սրտի և Տեր Հիսուսի հանդեպ ունեցած մեծ փափագի համար: Նման վկայություն ընթերցելն ուղղակի հիանալի և զորացնող մի բան է:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անկեղծորեն փնտրում ես Աստծուն, ապա հրավիրում եմ քեզ ծանոթանալու «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն» դասընթացի վեց պատգամներին, որոնք իրապես կօգնեն քեզ գտնելու Նրան: Դասընթացին կարող ես ծանոթանալ այս հղումով՝
Պարզապես հիշի՛ր, որ Աստված կարո՛ղ է քո քաոսային կյանքը վերածել դեպի վերելք տանող մի զորավոր ընթացքի:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը