July-6

Գլխավոր | Հրաշքներ | Աստված է քո զորության Աղբյուրը

Աստված է քո զորության Աղբյուրը

Սիրելի՛ բարեկամ, մի հրաշալի քրիստոնեական ֆիլմ կա, որի մեջ հավատքի մեծ քաջալերանք կա։ Այն կոչվում է «Պայքարելով հսկաների դեմ»։ 

Ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոսի կինը այցելում է բժշկի։ Մի քանի անհաջող փորձերից հետո նրան թվում է, թե բժիշկը կասի, որ այս անգամ նա վերջապես հղիացել է։ Ցավոք, բժշկական եզրակացությունը նույնն էր. նա երեխա չէր ունենալու։ 

Այդ կնոջ արցունքների մեջ ֆիլմը դիտողները կարող են զգալ այն ամբողջ ցավը, որ նրան պատճառում է բժշկի հայտնած լուրը։ Սակայն այդ ցավին հաջորդում է ֆիլմի ամենատպավորիչ դրվագներից մեկը։ Այս կինը անգամ իր խորը ցավի մեջ, վեր է բարձրացնում իր աչքերը և հետևյալ խոսքերն է ուղղում Աստծուն. «Ես շարունակում եմ Քեզ սիրել, իմ Տեր, շարունակում եմ սիրել․․․»։

Նման հավատքն այնքա՜ն թանկ է Տեր Աստծո աչքերում․․․ Այն մի յուրահատուկ հավատք է, որն ասես ասում է Աստծուն. «Ես չեմ հասկանում Քեզ, իմ Տե՛ր, ես ցավի միջով եմ անցնում՝ խորը ու տանջալի ցավի․․․ Բայց անգամ իմ այս ցավը ոչինչ չի կարող փոխել։ Ես շարունակելու եմ հավատարիմ մնալ ու հնազանդվել Քեզ և Քո Խոսքին։ Ես շարունակելու եմ սիրել ու ծառայել Քեզ, իմ Փրկիչ և Տեր, իմ սքանչելի՛ Հիսուս»։ 

Սա հենց այն իրական հավատքն է, որը խոսում է այն մասին, որ մենք սիրում ենք Աստծուն ոչ թե Նրա տված օրհնությունների համար, այլ նրա համար, թե Ով է Նա իրականում։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր, եթե անգամ չես հասկանում Նրա կամքը, չես հասկանում, թե ինչու ես անցնում նման դժվարություններով, եթե չես կարողանում պատկերացնել, թե ինչու ես բախվում նման խոչընդոտների․․․ միևնույնն է, շարունակի՛ր սիրել Աստծուն և մնալ Նրան հավատարիմ։ Շարունակի՛ր մոտենալ ու մտերմանալ Աստծու հետ։ Մի՛ հեռացիր Նրանից՝ ինչ էլ պատահի քեզ, ինչով էլ անցնելիս լինես․․․ Աստված շատ մոտ է քեզ և ամեն բան անում է հանուն քեզ և քո բարիքի համար։ 

Այսօր առաջարկում եմ քեզ օրվա ընթացքում ժամանակ հատկացնել ու խորհել աստվածաշնչյան այս խոսքի շուրջ։ Աղոթում եմ, որ այն իրապես քաջալերի քեզ այսօր և քո կյանքի բոլոր օրերում: 

«Աստված ապավեն և զորություն է մեզ համար. նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ» (Սաղմոս ‬46.1): ‬ ‭

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: