Հետզհետե ավելի ու ավելի շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք բախվել են ցածր ինքնագնահատականի խնդիրների կամ կաղում են ինքնավստահության հարցում: Այս մարդիկ միշտ դժգոհ են իրենցից, միշտ մտածում են, թե ոչ մի լավ բանի արժանի չեն, և մյուսներն իրենց չեն սիրում։ Նրանք ասես անկարող լինեն իրենց ներելու, ընդունելու և հավատալու այն սիրուն, որով Աստված է իրենց սիրում (տե՛ս Մատթեոս 19.19 խոսքը):
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին միասին զրուցելու ենք հենց այս թեմայի շուրջ: Եվ ես աղոթում եմ, որ ուղերձների այս շարքն օրհնություն դառնա քեզ համար կամ քո սիրելիներից ու մտերիմներից այն մարդկանց համար, որոնք կարիք ունեն լուծելու ցածր ինքնագնահատականի և ինքնավստահության բացակայության խնդիրները։
«Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է» (Հռոմեացիս 8.33)։
Երբ մարդը հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա Խոսքին հնազանդվելու պատրաստ հավատքով, Աստված արդարացնում է տվյալ մարդուն իր ունեցած հավատքի շնորհիվ։ Եվ եթե դո՛ւ էլ ոչ միայն հավատում ես, որ Աստված կա, այլև հավատում ես Նրա Խոսքին և մղում ունես այս երկրի վրա Նրա կամքը կատարող ու Նրա Խոսքին հնազանդվող հավատացյալ լինելու, ապա Տերը ոչ միայն արդարացնում է քեզ, այլև ազատագրում է քեզ․
- Քո անցյալի ամոթից,
- Վատ խոսքերից ու անեծքներից, որ ասվել են քո հասցեին,
- Դատապարտության խոսքերից և ինքնադատապարտության մտքերից, որոնք քեզ հանգիստ չեն տալիս:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսն ազատում է քեզ և արդարացնում։ Նրա ձայնն ավելի ուժեղ է, քան քեզ մեղադրող բոլոր ձայները:
Սա նշանակում է, որ․
- Քո անցյալի սխալների ամոթն այլևս իշխանություն չունի քեզ վրա։
- Դու ներված ես, մաքուր, ձյան պես սպիտակ ու մեղքի իշխանությունից ազատագրված։
- Դու արդարացված ես, դու Քրիստոսի աշակերտն ես ու Տեր Աստծու զավակը։
Թույլ մի՛ տուր, որ քեզ կոտրեն մյուսների մեղադրանքները, բամբասանքներն ու չարի ուղարկած ստության մտքերը։ Այս առավոտ արդարության արեգակն է ծագում քո կյանքի վրա։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին։ Վստահի՛ր Նրա ներմանն ու արդարացմանը և վայելի՛ր կյանքը Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած ազատության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը