May-18 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված անձամբ է քեզ պարգևատրելու

Աստված անձամբ է քեզ պարգևատրելու

Զարմանալի է, բայց Աստված Իր Խոսքում ասում է, որ մեր կարիքն ունի` այս երկրի վրա որոշակի ծրագրեր իրականություն դարձնելու համար։ Ամենակարող և ինքնիշխան Աստված Իր ստեղծած արարածների հետ համագործակցության կարիքն ունի։ Եվ Նա կանչում է ինձ և քեզ համագործակցելու Իր հետ՝ աշխատելու և ծառայելու Իր հետ «ձեռք ձեռքի» տված, որպեսզի մարդիկ ճանաչեն Նրան՝ միակ ճշմարիտ Աստծուն, որպեսզի ճանաչեն այս կյանքի և տիեզերքի մասին ճշմարտությունը, որպեսզի լուսավորվեն ու տեսնեն հոգևոր իրողությունները, որպեսզի փրկվեն խավարի ստրկությունից ու գան լույսի ազատության մեջ։ Եվ ավելին, Նա անսահման մեծ ուրախությամբ ցնծում է, երբ մենք ընդունում ենք Նրա հետ համագործակցելու այս անհավանական առաջարկը։ 

Եվ նրա տերը նրան ասաց. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25.21):

Սիրելի՛ բարեկամ, վերը բերված աստվածաշնչյան առակի մեջ տերն իր գոհունակությունն է հայտնում իր ծառայի հանդեպ բարի խոսքերով։ Եվ նա առաջարկում է ծառային միանալ իր ուրախությանը, որպեսզի նրանք կարողանան միասին տոնել այդ հրաշալի արդյունքը… 

Ուզում եմ քեզ հիշեցնել քո կյանքի որոշ փորձառություններ։ Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ.

  • Երեխադ առաջին դասարան էր գնում կամ ընդունվեց համալսարան երկարատև ու քրտնաջան նախապատրաստությունից հետո:
  • Դու ինքդ հաջողվեցիր ու մեծ արդյունքի հասար՝ լինի դա աշխատանքային հաջողություն, մրցույթում որևէ հավաստագիր կամ զբաղեցրած տեղ կամ էլ մեկ այլ ոլորտում գրանցած հաջողություն։ 
  • Քո ծանոթներից կամ բարեկամներից մեկը մեծ հաջողության էր հասել, և դու քո շրջապատի մարդկանցից շնորհավորանքներ էիր ստանում նրա հաջողության առթիվ։ 

Նման պահերին մեր ներսում բարձրանում  են հույզեր, և մի անսահման երջանկության զգացում է պատում մեր սիրտը: Նույնն է նաև մեր Տեր Աստծու պարագայում. հանուն Նրա գործի քո ջանքերը, Նրան ծառայելու քո աշխատասիրությունը, «փոքր բաների» մեջ քո հավատարմությունը և Աստծու հանդեպ սիրո այլ նմանատիպ գործնական դրսևորումներն ուրախացնում են մեր Տիրոջը, և Նրա սիրտը ցնծում է քեզնով: Այսօր որոշում կայացրու, որ միշտ Տեր Աստծու համար առանձնացնելու ես քո լավագույնը, ներդնելու ես քո ամբողջ էությունն ու սիրտը հանուն Նրա գործի… ցանկացած իրավիճակում, ցանկացած ժամանակ և ցանկացած առիթով:

«Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար» (Կողոսացիս 3.23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե ընդունես Տեր Աստծու համագործակցության առաջարկը, ապա այն արմատապես կփոխի քո կյանքը։ Քո ներսում կբոցավառվի հանուն Աստծո Արքայության գործի ապրելու և գործելու փափագը։ Եվ հանուն դրա դու կձգտես ինքնակատարելագործվել և հղկվել՝ որպես Տեր Աստծու բարի ու հավատարիմ մշակ։ Եվ եթե Աստծուն ծառայելու մղումը դառնա քո կյանքի մեծագույն փափագը, ապա սպասիր, որ մի օր Աստված անձամբ է պարգևատրելու քեզ, և դու էլ ես լսելու իմ երազանքը հանդիսացող այս հիասքանչ խոսքերը. «Ապրե՛ս, բարի և հավատարիմ ծառա։ Ես այնքա՜ն երջանիկ եմ, որ դու քո երկրային կյանքի ընթացքում որոշեցիր ապրել Իմ կամքի համաձայն և կյանքդ նվիրեցիր այն առաքելությանը, որի համար քեզ արարել էի և որի մեջ կանչել էի քեզ։ Դու կատարյալ չէիր, անշուշտ, և շատ սխալներ գործեցիր։ Բայց Ես տեսնում էի Ինձ հաճեցնելու քո սրտի կրակոտ փափագը և անսահման մեծ նվիրումը։ Դու Ինձ ես տվել քո լավագույնը: Մտի՛ր Իմ ուրախության մեջ»։

Աստված սիրում է, երբ Իր զավակները նվիրվում են Իրեն..․ Ես քաջալերում եմ քեզ հանուն Նրա և Նրա գործի ներդնել քո կյանքի լավագույնը… (ընթերցի՛ր Հռոմեացիս 12.1 խոսքը):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: