Fabruary-19

Գլխավոր | Հրաշքներ | «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ»

«Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ»

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի հաջորդ հարցը, որին անդրադառնալու ենք այսօր, ուղղված էր երկնային Հորը և խաչի վրա Նրա կրած տառապանքների արձագանքն էր․ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ» (‭‭Մատթեոս‬ ‭27:46‬)

Տեր Հիսուսը կատարյալ հարաբերություն ուներ երկնային Հոր հետ։ Ահա, թե ինչպես է Նա բնութագրում այդ հարաբերությունը․ «Հավատացե՛ք ինձ, որ Ես Հոր մեջ եմ, և Հայրն էլ Իմ մեջ է.․․․» (Հովհաննես 14։11)։ 

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին Ինքն Իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ Նա է անում, Որդին էլ է նույնը գործում» (Հովհաննես 5։19

Մի օր Տեր Հիսուսն ասաց Իր երկնային Հորը. «Ես գիտեմ, որ Դու միշտ լսում ես Ինձ» (Հովհաննես 11․42)։ Հետո Նա աղոթեց և չորս օրվա մահացած Ղազարոսը հարություն առավ։

Տեր Հիսուսի մկրտության ընթացքում երկինքը բացվեց և լսվեց Հոր ձայնը, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի որդին, որ ունի Իմ բարեհաճությունը» (‭‭Մատթեոս‬ ‭3.17‬): ‭

Ինչպիսի՜ կատարյալ և երանելի հարաբերություն։ Սակայն խաչի վրա Տեր Հիսուսը աղաղակեց դեպի Հայրը այս խոսքերով. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ լքեցիր Ինձ»։ Մինչ այդ պահը Նա չէր զգացել Հոր ներկայության բացակայությունը։ Իսկ հիմա Նա Իրեն մենակ ու լքված էր զգում։ Խաչի չարչարանքներին գումարվել էր միայնության և Հոր կողմից լքված լինելու հոգևոր ճնշվածությունն ու ահավոր ծանր ցավը։

Ինչո՞ւ էր առանց այդ էլ ծանրագույն այս իրավիճակում Հայրը լքել խաչի վրա չարչարանքներից մահացող Իր Որդուն։ Ո՞րն էր մարդկության մեղքերի համար ցավի ու տառապանքների մեջ մահացող Որդուն լքելու պատճառը։ Պատասխանը հստակ է ու միանշանակ՝ Հայրը լքեց Նրան հանուն ինձ և հանուն քեզ, հանուն յուրաքանչյուր մարդու, ով կհավատա Որդուն․․․

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը կրում էր մեր մեղքերի պատիժը։ Նա կրեց այն կատարելապես՝ դրանում ներառելով նաև Հոր կողմից լքված լինելու ցավն ու ծանրությունը։ Նա ո՛չ միայն ֆիզիկապես, ո՛չ միայն զգացմունքայնորեն, այլև հոգեպես կրեց մեր մեղքերի բոլոր հնարավոր հետևանքները։ Նա կրեց լքվածության ու մերժվածության պատիժը, որպեսզի դու, որ հավատում ես Նրան և նվիրվել ես Նրա աշակերտի կյանքով ապրելուն, երբե՛ք չլինես լքված ու չլինես մերժված։ Դու այլևս կարիք չունես կրելու քո ձախողումների, քո մեղքերի ու քո հանցանքների պատիժը, քանի որ հավատացել ես Աստծուն և ապաշխարել ես դրանցից։

Այո՛, դու կարող ես ամբողջական վերականգնում վերապրել Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ քո ունեցած կենդանի հավատքի շնորհիվ։ Թե՛ քո զգացմունքային աշխարհը, թե՛ մտքի ոլորտը, թե՛ հոգիդ ու մարմինդ այլևս մեղքի բերած անեծքի տակ չեն։ Քո երկնային Հայրը սիրում և ընդունում է քեզ։ Դու այլևս երբե՛ք լքված չես լինի։ Տեր Հիսուսը ամեն բան արեց ու կատարելապես վճարեց քո վերականգնման ու ներման գինը․․․    

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: